Ե՞րբ ենք ունենալու որոշում

Ե՞րբ ենք ունենալու որոշում

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն Ռուսաստանին, փաստորեն, երկու ճանապարհ են թողնում, ընտրելու երկու տարբերակ: Առաջին` շատ արագ հաշվարկել սեփական հնարավորությունները, լուծել Ուկրաինայի հարավ-արեւելքի, Մերձդնեստրի հարցերը, էլ ավելի ամրանալ Անդրկովկասում, եւ երկրորդ` թուլանալ ու հաճույք ստանալ շուրջը կատարվող գործընթացներից: Ընդ որում` պետք է նկատել, որ առաջին ճանապարհն ընտրելու դեպքում Ռուսաստանն աջակիցներ չունի դեռեւս թղթի վրա գոյություն ունեցող ՄՄ, ԵՏՄ-ում, ինչպես նաեւ ԱՊՀ կամ ՀԱՊԿ կառույցներում: Ղազախստանն Ուկրաինայի բնական դաշնակիցն է, Բելառուսը չի ցանկանում Եվրոպայի հետ ավելի սրել առանց այն էլ սրված հարաբերությունները, Հայաստանն էլ, եղած-չեղած, մի հաշիվ է: Կունենա՞ Ռուսաստանն այդչափ կուրություն, որ Ղազախստանից եւ Բելառուսից օգնություն ակնկալի Ադրբեջանին սանձելու հարցում: Չենք կարծում:



 



Հետեւաբար, եթե Ռուսաստանն այնքան ուժ չունի, որ միայնակ լուծի իր խնդիրները արդեն եվրաասոցացված Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ, ստիպված է ընտրել երկրորդ տարբերակը, այն է` թուլացնել նյարդերը եւ մոտեցումների վերադասավորումներ կատարել Եվրոպայի հետ հարաբերություններում: Սա նույնն է, թե սկսի կամաց-կամաց ինտեգրվել իր դռները թակող նոր պրոցեսներին:



 



Մեզ թվում է` Պուտինը, դեռ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումից առաջ, արդեն երկրորդ ճանապարհն է ընտրել` հաշվարկելով ունեցած հնարավորությունները:



 



Պուտինի համար ահազանգը, թող զարմանալի չթվա, հնչեց Աստանայում` Ալիեւի նամակի նազարբաեւյան բարձրաձայնումով: Սա հստակ մեսիջ էր ոչ այնքան Հայաստանին, որքան ԵՏՄ հիմնադիր անդամ Ռուսաստանին, որով նրան հասկացրին, որ ինքն այստեղ հարցեր լուծող չէ, իսկ ԵՏՄ-ն սպառնում է դառնալ մի կառույց, որ ավելի շուտ սահմանափակելու է նրա գործողությունների ազատությունը, քան հնարավորություն է տալու իշխել մյուսներին: Ցանկացած բանական արարած այս դեպքում հարց կտա ինքն իրեն` գնալ համաշխարհային գործընթացներին համաքա՞յլ, թե՞ գերի դառնալ թուրք-ղազախական նազուտուզին եւ պայքարել բաների դեմ, որոնք իրականում, գուցե, գոյություն էլ չունեն: ԵՄ նախագահ Ռոմպեյը, օրինակ, ասում է, որ ԵՄ-ն ուրախ կլինի Ռուսաստանի հետ համագործակցության, ԵՄ-ի եւ Ռուսաստանի համատեղ բարգավաճման համար: Եկեք միանգամից չմտածենք, որ սուտ է ասում Ռոմպեյը: Ինչո՞ւ չփորձել հասկանալ նրան, այլ ականջ կախել, թե տվյալ հարցին ինչպես կնայի Նազարբաեւը: Ուկրաինան միլիարդներ է պարտք գազի դիմաց: Պարտք է Ռուսաստանին եւ ոչ թե Նազարբաեւին: Ո՞վ կարող է օգնել Ուկրաինային վերադարձնել այդ պարտքը, եթե ոչ ԵՄ-ն:



 



Ոմանք գրում են, որ «Հարավային հոսք» գազատարի շինարարության սառեցումը ծնկի բերեց Ռուսաստանին: Մի քիչ համաձայն չենք: Բավական է ձմեռը մոտենա, ու Եվրոպան կարագացնի դրա շինարարությունը: Բայց Ռուսաստանի խնդիրը եվրոպացիներին սառեցնելը չէ, այլ նրանց վրա գազ վաճառելը: Ուրեմն ինչո՞ւ Նազարբաեւի եւ Ալիեւի պատճառով ռիսկի ենթարկել սեփական երկրի տնտեսությունը սնող այդ ծրագիրը:



 



Չի՞ ուշացել, արդյոք, Պուտինը: Մեր կարծիքով` Եվրոպայի (եւ ոչ թե Նազարբաեւ-Ալիեւի) հետ համագործակցելու համար երբեք էլ ուշ չէ: Պարզապես այդ ճանապարհին կարիք չկա այսուհետ ակնհայտ սխալ եւ կտրուկ քայլեր անելու: Հակաարեւմտյան դեմարշների ժամանակներն անցել են: Հարց է, չէ՞, ինչպե՞ս է կարողանում Եվրոպայից ավելի հեռու ընկած Չինաստանը հարաբերվել այդ նույն Եվրոպայի հետ եւ հարստանալ, իսկ Ռուսաստանը չի կարողանում: Ստացվում է, որ զարգանալու համար մի քիչ էլ խելք է պետք, չէ՞:



 



Այդ խելքն է, որ պիտի դրսեւորի Ռուսաստանը: Պուտինն արդեն հանդես է եկել առաջարկությամբ` երկարաձգել զինադադարն Ուկրաինայում` մինչեւ հարցի կարգավորումը: Պորոշենկոն անմիջապես պատասխանել է նրան` Ուկրաինան չի կարող նորմալ հարաբերություններ չունենալ Ռուսաստանի հետ: Նույնն ասում է Վրաստանը, որ նույնպես ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը: Ավելի վաղ, մինչեւ սեպտեմբերի 3-ը, նաեւ Հայաստանն էր այս տեսակետին, երբ ասում էր «եւ-եւ»: Բայց Ռուսաստանը սեպտեմբերին մեզ եւ Ուկրաինային հակառակը պարտադրեց եւ արդյունքում ունեցավ մի կողմից փախած Յանուկովիչ, իսկ մյուս կողմից` Հայաստանի պատճառով Աստանայում ստացած շառաչուն ապտակ, չհաշված հազար ու մի պատժամիջոցները, որ հետեւեցին Արեւմուտքից: Այս ընթացքում որեւէ ղազախ պաշտոնյայի դեմ պատժամիջոց կիրառվե՞ց: Ոչ, իհարկե: Ռուսաստանը պատժամիջոցների ողջ բեռն իր ուսերին է տանում:



 



ՆԱՏՕ-ի վտանգը: Այս մասին շատերն են խոսում եւ Ռուսաստանում, եւ հարակից մարզերում, այդ թվում նաեւ Հայաստանում: ՆԱՏՕ-ից ընդհանրապես չվախենալ կարող է միայն ապուշը: Հետեւաբար, զուր չեն անհանգստությունները: Բայց, մյուս կողմից, արդյոք ՆԱՏՕ-ի կորիզն այն նույն երկրները չե՞ն կազմում, որոնք Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, ի վերջո, դաշնակցել են Ռուսաստանի հետ: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ Ռուսաստանը կարող է նաեւ սպառած չլինել այդ երկրների հետ իր հարաբերությունները դաշնակցային հողի վրա դնելու հնարավորությունը: ՆԱՏՕ-ն էլ ապուշ չէ այնքան, որ հաշվի չառնի Ռուսաստանի միջուկային տերություն լինելու հանգամանքը: Ղրիմի օպերացիայի ժամանակ մենք համոզվեցինք դրանում: Ի՞նչ է մնում այսքանից հետո կողմերին անելու: Մնում է մտածել, որ կյանքը, այո, հրաշալի է, երբ կողմերը փոխհամաձայնությունների են գալիս:



 



Մեր հալը: Մի հայ գնում է Աստծո մոտ, որ իմանա, թե ինչից է, որ ինքն առավոտից երեկո աշխատում, աշխատում է, բայց ոչ Եվրամիություն է ընկնում, ոչ Մաքսային միություն: Աստված լսում, լսում է նրան, մի քիչ լռում ու ասում է. «Իսկ դու ուզում ես Եվրամիությո՞ւն մտնել, թե՞ Մաքսային միություն»: «Եսիմ»,- ուսերն է թոթվում հայը: «Դե գնա,- ասում է Աստված,- հենց որ որոշես, կգաս, հարցերդ կլուծեմ»:



 



Կարծում եմ` Աստված վատ խորհուրդ չի տվել, բայց տեսնես Պուտինի՞ն ինչ է ասել` շարունակե՞լ Աստանայի գործընթացը, թե՞ մտածել Ռուսաստանի ապագայի մասին:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ