Նախագահի նստավայրը փոխվել է

Նախագահի նստավայրը փոխվել է

Հիմա էլի ասելու եք՝ ասեղը վերցրել ու միասնականության մեջքը ծակծկում եմ, բայց հարյուր մախաթ ներսից ինձ քրքրում է, պիտի հարցնեմ՝ Հայաստանի մայրաքաղաքը փոխվե՞լ է, մեր նախագահի նստավայրը փոխվե՞լ է: Վերջին հարցազրույցը նախագահը Սոչիից տվեց: Սոչիից էլ մեկնեց հանգստանալու: Բա մեր տու՞նը, մե՞նք… Ես լավատես մարդ եմ, չեմ ուզում փիս- փիս բաներ մտածել, վերջին շրջանում էլ միասնականությունից այնպես եմ ոգևորվել, որ ով ուզում է մեր իշխանավորների մասին մի վատ բան ասի, ծեփում եմ՝ թուրքն էլ դա է ուզում: Հետո այնպիսի չորացնող, հարդուկող հայացքով եմ նայում նրան, որ տեղում չորանում ու հարդուկվում է: Ասեմ նաև, որ հաղթական դուխը ելել ու ինձ ուտում է՝ դիրքերում մեր պաշտոնյաների «մարտական գործողություններից հետո», ու վա՜յ նրան, ինձ էլ հետը, որ հարցնի՝ ինչու՞ նախագահը Սոչիից է հայտարարություն անում կամ ինչու՞ Սոչիի կառավարական սրահում է հարցազրույց տալիս: Լավատեսությանս ողջ լույսերը վառում ու ասում եմ՝ նախագահի նստավայրը փոխվել է ու շատ շուտով Սոչին կհռչակվի որպես ՀՀ մայրաքաղաք: Եթե տրամաբանություն ուզեք փնտրել, Մանվելին գտեք ու հարցրեք, թե ե՞րբ ենք Սոչի հասնելու… Հայաստանի կեսը այնտեղ է հանգստանում, ի՞նչ տարբերություն՝ նախագահը Սոչիից է խոսու՞մ, թե՞ Երևանից:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ