ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը եւ Ալբերտ Վայլերը:



Ողջունելով գերմանացի պատգամավորներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը կարեւորել է Արցախի եւ Գերմանիայի օրենսդիրների միջեւ համագործակցության զարգացումը՝ վկայակոչելով ս.թ. ապրիլի 2-ին եւ 3-ին Բեռլինում, ԳԴՀ Բունդեսթագում իր ունեցած հանդիպումները:



Պատգամավորներ Մ.Գրունդը եւ Ա.Վայլերն իրենց գոհունակությունը հայտնեցին Ստեփանակերտ կատարած այցի առթիվ, նշելով, որ տարածաշրջանի մասին տեղեկություններն ամբողջական չեն առանց Արցախ այցելելու:



Պատասխանելով գերմանացի խորհրդարանականների՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին հարցին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ՝ բանակցային գործընթացը տապալելու համար: Արցախի ԱԺ նախագահի համոզմամբ շփման գծում առկա լարվածությունը պայմանավորված է նախորդ ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումների, ռազմատենչ քարոզչության, զանգվածային սպառազինման հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք արձագանքների եւ դրա հետեւանքով պաշտոնական Բաքվի անպատժելիության զգացումով:



Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը եւ Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը: