Ղարաբաղը «օտար չէ» Ռուսաստանին

Ղարաբաղը «օտար չէ» Ռուսաստանին

«Եթե հարցնենք, իսկ ո՞ւմ էր հարկավոր այդ կրակոցները։ Ցավոք սրտի այդ ամենը հարկավոր էր Արևմուտքին և առաջին հերթին Ամերիկայի միացյալ նահանգներին…Ես չեմ կարող ասել, որ նրանք ենք հրահրել, սակայն նրանց այդ ամենը ձեռնտու է։ Նրանք ուղղակի կարող էին նպաստել այդ ամենին»․ նման հակաարևմտյան կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը։ Վերջինս արդարացավ, թե ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների համար Ռուսաստանի մատակարարած և ոչ մի զենք չի օգտագործվել․



«Ռուսաստանին մեղադրել բոլոր մեղքերում։ Պետք չէ սև կատու փնտրել մթության մեջ։ Իսկ որպես ռազմական վերլուծաբան՝ ես ուղղակի իմաստ չեմ տեսնում այն բանում, որ կրակոցները հրահրել են զինվորականները»։ Չնայած ռուս վերլուծաբանը նշում էր, որ Արևմուտքն «ախր շատ մեղավոր է», այնուամենայնիվ,«խոստովանեց», որ Ռուսաստանն էլ մի տեսակ տեղից չի շարժվում․ «Ես ինքս կարծում եմ, որ երևի թե Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ լինի Ղարաբաղում։ Նաև կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքական կուսակցությունները նույնպես պետք է ավելի ակտիվ լինեն։ Օգնություն պետք է ցուցաբերի Ղարաբաղին, քանի որ իրականում այդ հանրապետությունը Ռուսաստանի համար օտար չէ»։



Մյուս փորձագետ Անդրեյ Արեշևն էլ ասաց, որ տեղի ունեցած իրադարձությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ հասարակ ճնշում․ «Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, ես անձամբ կարծում եմ, որ ուղղակի ճնշում էր Ղարաբաղի հանրապետության վրա։ Մոտիվացիաները կարող են տարբեր լինել, ինչ որ մեկը միգուցե ցանկացել է ռազմական հետախուզում անցկացնել, տեսնել թե ինչ կստացվի և հետագայում շարունակել, ինչ որ մեկը միգուցե պրոպագանդային նպատակ է ունեցել և այլն… կամ էլ շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Իհարկե դա չաշխատեց։ Իսկ այն կարծիքները, թե Ռուսաստանն աշխատում է խաղաղապահներ մտցնել շփման գիծ, աբսուրդային է, սակայն, այնուամենայնիվ, Ռուսաստանը հետաքրքրված է դրանով»։



Հետաքրքիր հայտարարություն է՝ «աբսուրդ է, բայց հետաքրքրված ենք»։



Ս․Հ․