Ինչու՞ եք ուզում իմանալ, թե որտեղ է գտնվում նախագահը

Ինչու՞ եք ուզում իմանալ, թե որտեղ է գտնվում  նախագահը

Էլ ո՞նց ասեն, էլ ո՞նց հասկացնեն, որ ծպտուններս կտրենք ու մեր տեղն իմանանք: Ժողովուրդ՝ հազար անգամ են տարբեր աղբյուրներով զգուշացնում, որ մեր իշխանավորների մասին բերան չբացեք՝ ով որտեղ է, ով ում հետ է, ով ինչ գումարներով է մեքենա առնում, ով քանի դղյակ ունի, ով ինչ է կլլում… Հազար անգամ էլ զգուշացնեն, էլի նույնը, մեկիդ պետքը չի, բացում եմ մամուլն ու…
Թշնամու ջաղացին եք ջուր լցնում. միասնական եղեք, միասնակա՜ն… Վարչապետը հանգստանում է, դուք ասեք՝ ջիգյա՜րդ ուտեմ, թող թուրքի սիրտը ճաքի, նախարարներն են հանգստանում, ավելի մեղմ արտահայտվեք, ասեք՝ սրտիկներդ խորովենք: Մենք մի ազգ ենք ու տեսեք ոնց են մեր իշխանավորները Առաջին գիծ ելել՝ ոչ վախ ունեն, ոչ ախ, գնացել են Առաջին գիծ, որ զինվորին «դուխ տան», ոգևորեն, որ իրենց հսկայական հարստությունը ազգովի պաշտպանենք: Իսկ դուք ի՞նչ եք անում: Ձեր քայլերով ռազմական գաղտնիք եք ուզում բացահայտել:
Մի ասեք տեսնեմ՝ ինչու՞ եք ուզում իմանալ, թե որտեղ է գտնվում նախագահը: Որտեղ բացում, սա է՝ ու՞ր է մեր նախագահը: Սպասում եք, որ ձեզ զգուշացնեն, ասեն՝ ադրբեջանցուն տվյալներ եք տալի՞ս, ինչու՞ չեք ուզում իմանալ, որ դա ռազմական գաղտնիք է, հակառակորդը կարող է իմանալ նախագահի շարժը… Մեկն էլ տեղանքի անուն էր տվել՝ Բադեն- Բադեն, հիմա կտեսնեք, թե որքան բադեր են խփվելու: Ողջ պատասխանատվությունը ձեզ վրա:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ