Իրանական զենքը հասել է Իրաքի քրդերին

Իրանական զենքը հասել է Իրաքի քրդերին

Իրանը զենք-զինամթերք է տրամադրել Իրաքի քրդական ստորաբաժանումներին, ովքեր պայքար են մղում Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին Էրբիլում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

«Մենք խնդրեցինք զենքի մասին, և Իրանը դարձավ առաջին պետությունը, որ մեզ այն տրամադրեց»,- նշել է Իրաքի քրդերի առաջնորդը: Բարզանին նաև ընդգծել է, որ «ընկերների աջակցությունը հնարավոր է դարձնում ահաբեկիչների դեմ պայքարում մեր հաջողությունները»:

Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման գործողություններն ուղղված չեն կոնկրետ անձանց և կոնկրետ կրոնի դեմ, այլ ուղղված են յուրաքանչյուրի դեմ:



«Իրաքի անվտանգությունը մեր անվտանգությունն է»,- հայտարարել է իրանցի դիվանագետը: Նա նաև նշել է, որ աջակցում է Իրաքի կենտրոնական իշխանությունների և շրջանային՝ Իրաքյան Քուրդիստանի միջև նկատվող մերձեցմանը: