Ամեն ինչ կորոշեն տեղում

Ամեն ինչ կորոշեն տեղում

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը նախանձելի ժամանակներ չի ապրում, որքան էլ հերքվեն քառյակի պառակտման մասին լուրերը, փաստ է, որ առկա տարաձայնությունների պատճառով քառյակում տեւական ժամանակ է՝ համատեղ որոշումներ չեն կարողանում կայացնել:



Ընդհանրապես, Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելուց հետո անհասկանալի է դարձել, թե ինչ խնդիր է քառյակն իր առջեւ դրել: Ընդամենը 6 ամիս առաջ այս ֆորմատի գործունեության հիմքում կոնկրետ խնդիր էր դրված՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ավելին՝ այն ժամանակ ասվում էր, որ դա միջանկյալ քայլ է, որի իրագործումից հետո անցում է կատարվելու ամբողջական իշխանափոխության: Տիգրան Սարգսյանը վաղուց արդեն վարչապետի պաշտոնից հեռացել է, բայց ոչ իշխանականներն այդպես էլ չեն հստակեցնում, թե որն է իրենց անելիքը: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պարբերաբար խոսում են ամբողջական իշխանափոխության, Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, բայց իշխանության հետ բարեկամական կապով հանգուցված ԲՀԿ-ն նշում է, թե դեմ է բարիկադներ կառուցելուն:



Շուտով կավարտվի քառյակի խոստացած իշխանափոխության հերթական «սռոկը», սակայն, բացի անպտուղ հանդիպումներից, այս ուժերի կողմից այլ քայլ չի արվում: Ամեն ինչ շիլաշփոթ դարձավ, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունը գնում է սահմանադրական փոփոխությունների եւ կառավարման խորհրդարանական համակարգի: Այդ փոփոխություններին քառյակից միայն ՀՅԴ-ն է կողմ, մյուսներն իրենց պայքարը եւ խոստացված հանրահավաքները որոշել են ուղղորդել նախեւառաջ հենց այդ բարեփոխումների դեմ: Երեկ չորս «հրաշալիներն» ավելի քան 2 ժամ հերթական անպտուղ հանդիպումն անցկացրին՝ որեւէ հարցի շուրջ կրկին որոշում չկայացնելով: Մասնավորապես՝ քառյակը պետք է որոշեր, թե ինչպիսին է նրա անդամների ընդհանրական դիրքորոշումը քառյակի կողմից կառավարությանն առաջադրված պահանջների կատարման վերաբերյալ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով այս անգամ կոչված էր քառյակի դիրքորոշումը ներկայացնելու, հայտնեց, որ 12 կետերի կատարման ընթացքի վերաբերյալ քառյակի դիրքորոշումները համընկնում են, սակայն չմանրամասնեց, թե որոնք են այդ մոտեցումները՝ պատճառաբանելով, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ քառյակի պահանջների կատարման վերջնաժամկետը, դեռ ժամանակ ունեն: Սպասվում էր, որ երեկ պետք է որոշում կայացնեին նախապես հայտարարված հանրահավաքի օրվա եւ օրակարգի վերաբերյալ, բայց դա էլ չի հաջողվել: Թեպետ Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ օրվա հարցում որոշում կա, բայց այդ մասին կհայտարարեն հաջորդ հավաքին՝ սեպտեմբերի 17-ին: Սա, ըստ էության, փաստում է, որ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ եւ որոշել հանրահավաքի օրակարգն ու ըստ այդմ Դաշնակցության մասնակցությունը:



Քառյակն, ըստ էության, չի կարող համատեղ հանրահավաք հրավիրել, որովհետեւ չեն կարող այդ հանրահավաքում ելույթ ունեցողներից մի քանիսը հանրությանը բացատրել, թե երկրի ապագայի համար ինչպիսի վտանգ է ներկայացնում սահմանադրական փոփոխությունների իրականացման իշխանության նախաձեռնությունը, իսկ մյուսը՝ թե այդ փոփոխությունները որքան կարեւոր են երկրի ապագայի համար: Բայց, դատելով Ռ. Հակոբյանի մեկնաբանություններից, հանրահավաքը եւ պայքարը նոր Սահմանադրության դեմ է լինելու. եռյակն արդեն հանրահավաքի օրն է որոշել, որոշել է, որ մինչեւ հանրահավաքը մարզային այցելություններ են կազմակերպելու, բայց մեր հարցին, թե՞ գնալու են մարզեր, որ ի՞նչ անեն, ինչ թեմայով են զրույց ունենալու մարդկանց հետ, եւ արդյո՞ք ՀՅԴ-ն էլ է մասնակցելու, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ այդ բոլոր հարցերի պատասխանները կլինեն հաջորդ նիստին:



Մյուս կողմից՝ ՀՅԴ-ն առաջարկում է դաշնակիցներին իշխանությանը ներկայացնել իրենց առաջարկների փաթեթը, եւ երբ կմերժի, նոր միայն հակադրվել նրա մոտեցումներին, մանավանդ որ քառյակի մնացյալ ուժերը նախկինում դեմ չեն եղել այդ փոփոխություններին, իսկ հիմա հակափաստարկ են ներկայացնում, որ դրանով Սերժ Սարգսյանն իշխանության վերարտադրման խնդիր է լուծում, ու ուզում են դա կանխել, այսինքն՝ հստակ հայտ են ներկայացնում հաջորդ ժամկետում իշխանությունը վերցնելու: Ակնհայտ է նաեւ, որ ՀՅԴ-ն էլ իր հերթին չի ցանկանում ռիսկի գնալ ու երկու քարի արանքում է հայտնվել՝ հստակ երաշխիքներ ակնկալելով իշխանությունից, որ ինքն էլ է տեղ ունենալու քաղաքական դաշտում: «Ժառանգությունում» էլ ամեն ինչ հստակ չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 16-ին Սահմանադրության թեմայով քննարկում է կազմակերպել: Մի խոսքով՝ քառյակի անդամները դեռ փնտրտուքների մեջ են եւ միայն հաջորդ ԱԺ-ում տեղ ունենալու հստակ երաշխիքներից հետո կհայտարարեն՝ դե՞մ են նոր Սահմանադրությանը, թե՞ կողմ:



Նշենք, որ երեկվա նիստում չի հաջողվել որոշել հանրահավաքի ընդհանուր օրակարգ, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք առաջնորդվելու են ժողովրդի կամքով, եւ, կախված հանրահավաքի եկածների տրամադրություններից, կորոշեն, թե ինչ անել հետո: Մեր հարցին՝ եթե ժողովուրդը որոշի կտրուկ գործողությունների գնալ եւ չհեռանալ հրապարակից, ինչպե՞ս կվարվեն քառյակում, երբ ԲՀԿ-ականները հայտարարում են «բարիկադներին ու արկածախնդրություններին» դեմ լինելու մասին, Հակոբյանը կրկին նույն պատասխանը տվեց, որ ամեն ինչ կորոշեն «տեղում»՝ ժողովրդի կամոք: