Ո՞վ կլինի հաջորդը

Ո՞վ կլինի հաջորդը

Քառյակի վերջին շրջանի բրազիլական սերիալ հիշեցնող նիստերը մտան եզրափակիչ փուլ՝ գոնե այս «եթերաշրջանում»: Իրադարձությունները բավական բուռն էին զարգացել եւ վերջապես հասան տրամաբանական ավարտին. նախապես հայտարարված հանրահավաքը կկայանա առանց ՀՅԴ-ի: Թեեւ նախապես հայտարարվել էր, որ այն հրավիրվում է ամիսներ առաջ իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջների կատարման վերջնական գնահատականը տալու նպատակով, սակայն քառյակի նիստերից պարզ է դարձել, որ հիմնական հարցը լինելու է սահմանադրական բարեփոխումների թեման:



ՀՅԴ-ն առաջարկել է հանրահավաքն անցկացնել հոկտեմբերի 15-ից հետո, երբ հրապարակված կլինի հայեցակարգը, եւ հասկանալի կդառնա` արդյո՞ք այն ծառայում է իշխանության վերարտադրությանը, թե՞ բխում է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու իրենց համար առանցքային սկզբունքից, արդյո՞ք իշխանությունը հակված է ընդունելու իրենց առաջարկությունների փաթեթը: Եվ եթե ներկայացվելիք նախագծից եւ իշխանության վարքագծից պարզ դառնա, որ իսկապես այն անցկացվում է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումն ապահովելու նպատակով, հանդես գալ միասնական դիրքորոշմամբ: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը մերժել են ՀՅԴ-ի առաջարկը` նշելով, թե, իշխանությունների մտադրությունների հետ կապված, արդեն իսկ ամեն ինչ պարզ է, ցանկացած դեպքում իրենք դեմ են սահմանադրական փոփոխություններին, եւ սպասելու անհրաժեշտություն չկա: Որոշել են հանրահավաքը հրավիրել հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում:



Մյուս կողմից՝ այս որոշումից տպավորություն է ստեղծվում, որ քառյակն անլուրջ գործընթաց է սկսում, քանի որ Ծառուկյանը վերջերս տված հարցազրույցում «լուրջ» չէր համարել «խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ»: Խոսքը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին է, եւ ասել էր. երբ կլինի փաթեթը, այն ժամանակ էլ կպատասխանի բոլոր հարցերին: Սակայն, փաստորեն, նրա կուսակիցներն ու քառյակի մյուս 2 ուժերն այլ կերպ որոշեցին՝ հանրահավաքը կլինի մինչեւ հայեցակարգի հրապարակումը:



ՀՅԴ-ն չի մասնակցի ոչ համատեղ հանրահավաքին, ոչ էլ մարզային հանդիպումներին: Եռյակի անդամներն ստեղծել են աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն մարզային հանդիպումները: «Դաշնակցությունը չի լքել քառյակը, հոկտեմբերի 10-ին եռյակը քառյակի՝ նաեւ Դաշնակցության անունից կամփոփի իշխանությանը ներկայացրած 12 կետերի կատարման ընթացքը»,- հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ հայտնելով, որ առաջիկայում քառյակը ՍԴ է դիմելու, «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է անելու: Ու թեեւ հորդորեց ինտրիգ չփնտրել, բայց շատ չանցած՝ ՀՅԴ-ի եւ իշխանության համագործակցության մասին հարցը թողեց օդում կախված. «Իրենց հարցրեք»: Դաշնակցության վերջնական «այո»-ն Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին կհնչի հոկտեմբերի 15-ից հետո: Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն փաթեթ է ներկայացնելու, որն ընդունելու դեպքում իշխանության գերկենտրոնացումը կթուլանա, եւ միայն այդ պարագայում Դաշնակցությունը կողջունի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները: Եթե ոչ՝ կվերադառնա քառյակ եւ կպայքարի իշխանության նախաձեռնության դեմ:



Թեպետ եռյակի համակիրները ՀՅԴ որոշումից հետո սոցցանցերում Դաշնակցությանը պախարակելու գործընթաց սկսեցին, սակայն ամեն ինչ հարթ չէ նաեւ եռյակում: «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը չեն հրաժարվել արմատական իշխանափոխության իրենց սկզբունքից, մինչդեռ որոշ ԲՀԿ-ականներ հայտարարում են, թե ԲՀԿ-ն դեմ է առճակատման միջոցով հարցերը լուծելուն եւ կողմ է իշխանության հետ լեզու գտնելուն: Եվ ԲՀԿ-ն վաղուցվանից այլեւս չի խոսում իշխանության այս կամ այն ներկայացուցչի հրաժարականի, ամբողջական իշխանափոխության, իշխանության թույլ տված սխալների մասին: Երեկ ՀԱԿ-ում գերեզմանային լռություն էին պահպանում, մեկը հիվանդ էր, մյուսը՝ զբաղված, երրորդը նոր բան չուներ ասելու, միայն Վահագն Հայոցյանն էր: Մեր հարցին, թե խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն «օգտագործելու» է իրենց եւ կեսճանապարհին «գցի», ասաց, որ նման խոսակցությունները «այդ մասին մտածողների պրոբլեմն» են, եւ էլ չխոսեց: