Պերմյակովին հայերին հանձնելու մասին հարցը չմտավ ԱԺ օրակարգ․ ՀՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը

Պերմյակովին հայերին հանձնելու մասին հարցը չմտավ ԱԺ օրակարգ․ ՀՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության նախագիծը Ազգային ժողովի օրակարգում ընդգրկելու հարցը: Հայտարարության նախագիծն Ազգային ժողովի օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեց 42, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: ՀՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը։



Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Նա ասաց, որ ինքը նախագծի հեղինակ տիկին Փոստանջյանին առաջարկում է ողջամիտ ժամկետում հետաձգել հայտարարության նախագիծը, քանի որ իրավական ձևակերպումների առումով կան անճշտություններ և շտկման ենթակա հարցեր․«Մենք առաջարկում ենք հետաձգել հայտարարության նախագիծը, միասին քննարկել և օրակարգ բերել նոր նախագիծ, որն ավելի հիմնավոր կլինի: Սակայն, եթե հեղինակը որոշի քվեարկության դնել հարցը, մենք կողմ կքվեարկենք, որ մտնի մեծ օրակարգ, քանի որ կարծում ենք, որ սա այն հարցն է, որ պետք է խորհրդարանում քննարկվի»։



ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծեց, որ հայտարարության նախագիծն իրավական տեսանկյունից թերի է՝ հավելելով, սակայն, որ, այդուհանդերձ, իրենք կողմ կքվեարկեն, քանի որ հարցը խորը քննարկման կարիք ունի:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ընդգծեց, որ սա քաղաքական ուղերձ, է, որը Ազգային ժողովը պետք է հղի ռուս գործընկերներին:



Նա հիշեցրեց,որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը իր մտահոգությունն էր հայտնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ՝ ներկայացնելով, թե ինչ է զգում սահմանին կանգնած հայ զինվորը, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:



«Հիմա էլ մենք պետք է մեր ռուս գործընկերներին քաղաքական ուղերձ հղենք առ այն, թե ինչ է զգում Հայաստանի քաղաքացին, երբ ռուս զինվորը գիշերով գնդակահարում է իրեն»,- ասաց Արզումանյանը:



Նախագծին կողմ քվեարկելու մասին հայտարարեց նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ հարցը գտնվում է բացառապես իրավական տիրույթում, և իրենք չեն ցանկանում միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ