Կոռուպցիայի դեմ պայքարող նախարարի ու նրա տեղակալների կարողությունը

Կոռուպցիայի դեմ պայքարող նախարարի ու նրա տեղակալների կարողությունը

Հայաստանի կառավարությունը որոշել է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ։ Դրա համար Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ են ստեղծել, որում կառավարությունից ընդգրկված է չորս անդամ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Սակայն արմատական լուծման կարոտ մի շարք խնդիրներ կան, որոնք բարձրաձայնում են նաեւ պայքարողները։ Հովհաննես Մանուկյանը, օրինակ, ինչպես եւ իր տեղակալը՝ Սուրեն Քրմոյանը, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում գլխավոր խնդիրներից մեկը համարում է հասարակության անվստահությունը։ Իսկ հասարակությունը չվստահելու լուրջ պատճառներ ունի, որոնք ձեւավորվել են նորանկախ հանրապետության ավելի քան 20 տարիների ընթացքում։ Այդ անվստահությունը խորացնող հանգամանքներից մեկն էլ, թերեւս, վերոնշյալ խորհրդի կազմում ընդգրկված պաշտոնյաների ցանկն է, որոնք բոլորն էլ որպես պաշտոնյա հսկայական կարողություն են դիզել իրենց պաշտոնավարման ընթացքում։ Դա արդեն կասկածի տեղիք է տալիս՝ որտեղի՞ց նրանց այդքան հարստություն, արդյոք սա հենց կոռուպցիայի արդյունքո՞ւմ չի դիզվել, եւ որքանո՞վ կարող է վստահելի լինել նրանց պայքարը կոռուպցիայի դեմ։ Նրանցից մեկն էլ հենց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է, ում հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա իր կարողությամբ չի զիջում բիզնեսով զբաղված անձանց։



Նախարար Մանուկյանը 2014 թվականին իր պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 74 հազար դոլար արժողությամբ դիզելային շարժիչով Toyota Land Cruiser 200 մոդելի ամենագնաց՝ որպես շարժական գույք, ինչպես նաեւ 7 միլիոն դրամ, 290 հազար եվրո եւ 405 հազար ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ։ Նույն թվականի հունվարի 1-ից մինչեւ պաշտոնն ստանձնելու օրը ստացած եկամուտները եղել են 2 մլն 836 հազար դրամ, որոնք հարկային տարվա ընթացքում կազմել են 30 մլն 681 հազար դրամ։ Հաշվի առեք նաեւ, որ, որպես կանոն, հայտարարագրվում է իրական կարողության մի մասը․ ինչը հնարավոր է գաղտնի պահել, չեն հայտարարագրում։



Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանը մինչ նախարար նշանակվելն աշխատել է Վրաստանում Հայաստանի դեսպան, իսկ դրանից առաջ եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը։ Նկատենք, որ Հայաստանի ամենակոռումպացված համակարգերից թերեւս ամենակոռումպացվածը հենց դատական համակարգն է, որտեղ աշխատող դատավորներից ու դատախազներից ոմանք ահռելի կարողություն են դիզում իրենց գործունեության ընթացքում։ Դատական համակարգի կոռումպացված լինելու մասին փաստում են նաեւ իրենք՝ դատական ու արդարադատության ոլորտի ներկայացուցիչները։
Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից նման կարողության տեր է թերեւս միայն նախարարը։ Նրա տեղակալները, հակառակ իրենց ղեկավարի, բավականին համեստ միջոցներ են հայտարարագրել։ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, օրինակ, անցյալ տարի պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է ընդամենը 18 հազար դոլար եւ 2 մլն դրամ։ Նրա ավտոմեքենան ավելի քան 10 տարվա հնության Lexus RX 330 է, որը թեեւ իր տեսակով լյուքս դասի բավականին թանկարժեք քրոսովեր է, սակայն հին տարեթվի պատճառով հազիվ թե շքեղություն համարվի այսօր։



2013-ին պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նույնատիպ ավտոմեքենա է հայտարարագրել նաեւ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը՝ կրկին Lexus RX 330։ Նրա դրամական միջոցներն էլ առանձնապես աչքի ընկնող չեն՝ 15 մլն 900 հազար դրամ, 5 հազար 550 դոլար եւ 8 հազար 500 եվրո։ Հարկային տարվա ընթացքում նրա դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 700 հազար դրամ եւ 4 հազար եվրո։
Իր փոխնախարար կոլեգաներից մի փոքր ավելի հարուստ է նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։ Վերջինս 2014 թվականին պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 3 մլն 500 հազար դրամ, 75 հազար ԱՄՆ դոլար եւ 15 հազար 500 եվրո։ Իսկ որպես շարժական գույք՝ Kia Sportage ավտոմեքենա, որը ոչ լյուքսային՝ ավելի համեստ սեգմենտի միջին չափերի քրոսովեր է, որի շուկայական գինը հայաստանյան ավտոսրահում միջինը 15 մլն դրամի սահմաններում է։
Արդարադատության նախարարությունում վերջերս իր պաշտոնն ստանձնած նորաթուխ փոխնախարար Վիգեն Քոչարյանն էլ շատ մեծ կարողության տեր չէ։ Նա 2015 թվականին պաշտոնն ստանձնելիս, որպես շարժական գույք, հայտարարագրել է Mercedes E 320 մոդելի բիզնես-դասի սեդան, որը վերջին սերնդի չէ եւ տարեթվով բավականին հին է։ Դրամական միջոցներն էլ կազմում են 7 մլն 200 հազար դրամ, 36 հազար դոլար եւ 12 հազար եվրո։ Ստացվում է, որ ամենահարուստը նախարարն է, ում կարողությունն առնվազն տասն անգամ գերազանցում է իր տեղակալների հարստությանը։



ՀԳ․ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն ու այս կամ այն արատավոր երեւույթի դեմ պայքարը սահմանափակվում են ընդամենը ինչ-որ կոսմետիկ թարմացումներով․ էլեկտրոնային համակարգի ներդրում, մի քանի մանր ու միջին չինովնիկների համար մի երկու «դաստիարակչա-վերապատրաստական» դասընթացների կազմակերպում եւ ձեւի համար այդ չինովնիկներից մի երկուսին ցուցադրաբար «արդար» դատաստանի ենթարկելու բեմականացում։ Մինչդեռ արատավոր երեւույթները դրանցից չեն վերանում, քանզի կոռուպցիայի եւ այլ չարիքների դեմ պայքարելու համար նախեւառաջ քաղաքական կամք է պետք, որը չենք տեսնում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ