Պռոշյանի գյուղապետը շատերին էր խանգարում

Պռոշյանի գյուղապետը շատերին էր խանգարում

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թելերը կորել են, գյուղացիները վաղուց հույս չունեն, որ սպանությունը կբացահայտվի։ «Անցել է երկուսուկես տարի, ոչ մի նորություն չկա։ Եթե լիներ, հիմա բոլորս էլ կիմանայինք»,- «Հրապարակին» ասաց Հրաչ Մուրադյանի կինը՝ Լարիսա Մուրադյանը։ Իսկ նախաքննության մարմնից՝ Քննչական կոմիտեից, ընդամենը երկու բառ են ասում․ «Նախաքննությունը շարունակվում է»։ Մինչդեռ երկուսուկես տարի առաջ մարդկանց մտքով չէր կարող անցնել, որ այս սպանությունը եւս չբացահայտվածների շարքը կանցնի։ 



2013 թվականի ապրիլի 2-ի առավոտյան 9-ին նախկին ազատամարտիկ, դաշնակցական, ազնիվ համայնքապետի համբավ ունեցող Հրաչ Մուրադյանի մարմինը գտան գյուղապետարանի առաջ՝ քունքի շրջանում հրազենային վերքով։ Ընդամենը երկու օր անց ձերբակալեցին եղբայրներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյաններին։ Ստեղծվեց գործի արագ բացահայտման պատրանք։ Թեեւ գյուղում ոչ ոք չէր հավատում, որ հենց սրանք են մարդասպանները։ Բանն այն է, որ երկու եղբայրներն էլ հանգուցյալ գյուղապետի մարդիկ էին, որոնք ոչ մի պատճառ չունեին նրան սպանելու։ Ավելին, նրանց երկուսին էլ հանգուցյալ գյուղապետը «լավություն» էր արել՝ գործի էր տեղավորել։ Եղբայրներից մեկը նրա երաշխավորությամբ կանադահայ Նիկոլ Աբրահամյանի վարորդն էր դարձել, իսկ մյուսին Հրաչ Մուրադյանը գյուղի ջրագիծը կառուցելու պատվեր էր տվել։ Բայց ոստիկանապետ Վովա Գասպարյանն աշխույժ քննության մասին էր զեկուցում հանրությանը եւ կուսակից ընկերոջ սպանությունն ուշադրության կենտրոնում պահող դաշնակցական պատգամավորներին՝ իրականում փորձելով գործը «կոտրել» եղբայրների վրա։ Նրանց դեմ էր այն հանգամանքը, որ նրանք «Նիվա» մակնիշի մեքենա էին քշում, եւ գյուղում այլ «Նիվա» քշող չկար։ Իրավապահների լավատեսությունը չէին կիսում կալանավորված եղբայրների փաստաբանները, պարբերաբար դժգոհելով նախաքննության մարմնի անգործությունից։ Մոտ 10 ամիս անց դատախազությունը գտավ, որ եղբայրների մեղքի ապացույց չկա, եւ նրանց բաց թողեցին, իսկ քննությունը մտավ փակուղի։ Իրավական շրջանակներում այսօր կարծիքներ են արտահայտում, թե հենց ոստիկանությունն էլ փչացրել է գործը, հետաքննության շրջանում կենտրոնանալով անպտուղ մի վարկածի վրա եւ բաց թողնելով հանցագործությունը բացահայտելու մնացած թելերը։ Այդ ընթացքում իրական մարդասպանները, որոնք գործել էին բացահայտ, օրը ցերեկով, ժամանակ ստացան փախուստի դիմելու եւ, գուցե, վաղուց արդեն Հայաստանում չեն։



Ըստ Պռոշյանում այն օրերին շրջող վարկածի, նրանք Հրաչ Մուրադյանին դարանակալել էին գյուղապետարանի դիմացի մայթին: Երբ եկել էր աշխատանքի, «Նիվա»-ի միջից կրակել էին։ Հանգուցյալ գյուղապետի կուսակիցները, ՀՅԴ անդամները համոզված էին, որ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Հրաչ Մուրադյանը հաշտ չէր Կոտայքի այն ժամանակվա մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ, նրան չէր ենթարկվում, չէր թողնում, որ ընտրություններ կեղծեն, թվեր «նկարեն»։ Մուրադյանն «ինքնաբավ» գյուղապետ էր, ոչ ոքի ձեռքին չէր նայում։ Իր կապերով ներդրումներ էր բերում արտասահմանից, եւ ոչ ինքն էր «ատկատ» վերցնում, ոչ էլ ուրիշին էր տալիս։ Ի դեպ, այսկերպ էլ նա Պռոշյան էր բերել կանադահայ ամուսիններ Նիկոլ Աբրահամյանին եւ Զաբել Բերբերյանին, որոնք կերպարանափոխեցին Պռոշյանի Վանահովիտ թաղամասը։ Հողատարածք հատկացնելու համար Հրաչ Մուրադյանը փող չէր վերցնում։ Համարում էր, որ որքան շատ մարդ գա, որքան շատ ներդրում անի, այնքան Պռոշյանի օգուտն է։ Նմանները, որպես կանոն, շատ թշնամիներ են ունենում։