Նորայր Մուրադխանյանը միտում չի տեսնում, որ «Օվիրի» պետերը ընտրություններից առաջ փոխվում են

Նորայր Մուրադխանյանը միտում չի տեսնում, որ «Օվիրի» պետերը ընտրություններից առաջ փոխվում են

Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ 2014 թվականի հունիսի 12-ին  աշխատանքից ազատված անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանն Hraparak.am-ին հայտնեց, որ տարօրինակ որևէ բան չկա, որ  Ոստիկանության անձնագրային և վիգաների վարչության պետերը հաճախակի են փոփոխության ենթարկվում։



Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտնանկ է արել Ոստիկանության անձնագրային և վիգաների վարչության պետ Միշա Սարդարյանiին: Նրան կփոխարինի տեղակալը՝ Մնացական Բիչախչյանը: 



Վերջին երկու տարում անձնագրային եւ վիզաների վարչությունը հասցրել է 2 պետ փոխել: «Միտում չեմ տեսնում, որ նրան այս ժամանակահատվածում են հեռացրել, ես ընդհանրապես ոչնչում միտում չեմ տեսնում»,-ասաց Մուրադխանյանը։ Նրա խոսքով՝ նոր պետը շատ գրագետ է եւ բանիմաց. «Նրա հետ աշխատել եմ, գրագետ անձնավորություն է»։ Իսկ թե որքանով գրագիտությունը կապահովի պաշտոնում երկարակեցություն, «Օվիրի» նախկին պետը որեւէ կանխատեսում չարեց: 



Իսկ ըստ ձեզ ինչում է թերացել Միշա Սարդարյանը, հարցրինք Նորայր Մուրադխանյանին. «Միշան էլ շատ գրագետ, բանիմաց անձնավորություն է, երևի իրեն պետք է հարցնեք, թե ինչումն է պատճառը»,-պատասխանեց նա։



Ի դեպ, Նորայր Մուրադխանյանն արդեն մեկ տարուց ավել է, ինչ աշխատանքից ազատվել էր մեկ այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով, սակայն այդպես էլ այլ աշխատանքի չի անցել: «Դեռևս չեմ աշխատում, գտնվում եմ կադրերի ռեզերվում, հանգստանում եմ»,-ասաց սպասողական վիճակում գտնվող Մուրադխանյանը։



Ոստիկանպետից նեղացած չե՞ք, որ մինչև հիմա նոր պաշտոնի Ձեզ չի նշանակել. «Բացարձակ նեղացած չեմ, դեռ սպասում եմ, որ նոր աշխատանք կառաջարկեն»,-եղավ պատասխանը։



Իսկ թե որն է Մուրադխանյանի երազանքների պաշտոնը, «Օվիրի» նախկին պետը ասաց. «Ընդհանրապես չեմ երազում պաշտոնների մասին, մեր ծառայություն է, որտեղ նպատակահարմար գտնեն, այդտեղ էլ ծառայության կանցնեմ»։



Ի դեպ, Միշա Սարդարյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, համակարգում ասում են, թե պաշտոնանկությունից հետո նա անհետացել է: