Հայ եկեղեցու պատմության կիսաֆոլկլորային դասագրքերը ձեռնտու են կիսամասնագետ ուսուցիչներին

Հայ եկեղեցու պատմության կիսաֆոլկլորային դասագրքերը ձեռնտու են կիսամասնագետ ուսուցիչներին

«Հայ եկեղեցու պատմություն առարկան 12 տարի է՝ ոչ միայն ներդրվել է, այլեւ 12 տարի դեռ մշակվում է դպրոցներում։ Ժամանակի ընթացքում այդ դասագրքերը պետք է վերախմբագրվեին, բայց, հավանաբար, մի այդքան էլ ժամանակ է պետք, որ դրանք մշակվեն ու ճշգրտվեն»,-ասում է հայագետ, պատմագիտության եւ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը՝ նկատելով, որ եթե անգամ այս տարիների ընթացքում մասնագիտական քննարկումներ արվել են, ապա մասնագիտական ամբիոնը, որ գործում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում, չի մասնակցել եւ չի հրավիրվել. «Աստվածաբանության ֆակուլտետն անմասն է այս գործընթացից, տեղեկացված չէ եւ ներգրավված չէ այս աշխատանքներում»։



Սահակյանն ընդգծում է, որ եթե 12 տարի առաջ մասնագետներ քիչ կային կամ էլ չկային առարկայի դպրոցական ուսուցման համար, ապա հետո Մայր Աթոռին կից սկսեցին գործել երկամսյա դասընթացներ, որն ավարտողները, ստանալով վկայագրեր, իրենց դպրոցներում ստանձնեցին հայ եկեղեցու պատմության դասաժամերը։ «Դրանց մեջ կային բանասեր-պատմաբաններից սկսած՝ վերջացրած ֆիզկուլտուրայի, կենսաբանության մասնագետներ, դա շարունակվում է նաեւ վերջերս։ Այդ հանրակրթական նորությունը շատ արագ ընկալվեց իբրեւ պակասող ժամեր լրացնելու մի աղբյուր, ում ժամերն սկսեցին պակասել, որոշեցին այդ վկայականը ձեռք բերել, որ եկեղեցու պատմության ժամերով օժտեն։ Այդպես լավ սկսված գործն արագորեն հեղինակազրկվեց»։



Նույն ձեւով «էնտուզիաստները», ըստ Սահակյանի, ստանձնեցին նաեւ դասագրքերի կազմումը, եւ սիրողական մակարդակում սկսած գործն այդպես էլ առաջ չգնաց։ «Տարբեր տիպի մասնագետներ, որ մի ժամանակ աթեիստներ ու պարտիայի պատմաբաններ էին, 180 աստիճանով շրջվելով՝ դարձան եկեղեցաբաններ եւ սկսեցին շարադրել եկեղեցու պատմություն։ Արդյունքում ունենք ոչ մասնագետ կադրեր դպրոցներում եւ ոչ մասնագետների կողմից ստեղծված դասագրքեր, ինչպես ասում են՝ իրար արժեն»։



Ըստ հայագետի, ամենացավալին այն է, որ աստվածաբանության ֆակուլտետն արդեն 15 տարի շրջանավարտներ է տալիս, եւ եթե մոտավոր հաշվարկենք, որ ամեն տարի 40 մասնագետ է ավարտում, ապա այս 15 տարում 600 մասնագետ կա դաշտում, որից 300-ը հաստատ կուզեին իրենց մասնագիտական աշխատանքով զբաղվել, բայց չեն կարողանում տեղ գտնել, որովհետեւ այդ տեղերն զբաղեցված են վերոնշյալ երկամսյա դասընթացների վկայականով օժտված կադրերով։



Թե ինչու Մայր Աթոռը չի ներգրավում աստվածաբանության ֆակուլտետին որպես անմիջական օղակ եւ ինչու իր կադրերին հենց այդտեղից չի վերցնում, ապա. «Հենց Մայր Աթոռն է կազմակերպել ու այդ թույլտվությունը տվել, ամեն վկայական նշանակում է ամեն մեկին տրված անձնական թույլտվություն։ Ում ուզում՝ ղրկում են դասընթացների, ում ուզում, նրա վկայականը հիմք ընդունելով, բաշխում են ժամերը, իսկ մեր շրջանավարտներին մերժում են՝ պատճառաբանելով, որ մեր շրջանավարտները չունեն այդ երկամսյա վկայականը»։ Արծրուն Սահակյանը հավելում է, որ լավ սկսված ձեռնարկը ստորին աստիճաններում աղավաղվում է։ Համապատասխան կառույցները կան, բայց ամեն ինչ ձեւական է, եւ այդ ամբողջ ֆինանսներն իրենց նպատակին չեն ծառայում, իսկ որպեսզի նպատակին ծառայեն, պետք է ստեղծվի լավ, օրինակելի դասագիրք, եւ դպրոցների դռներն էլ բացվեն իսկական օրինակելի մասնագետների առջեւ։



Ինչ վերաբերում է հայ եկեղեցու պատմության դասագրքերին, ապա դրանք, ընդհուպ վերջին՝ 2014թ. հրատարակությունները, ըստ Սահակյանի, որքան էլ բարեփոխվեն ու կատարելագործվեն, մնում են սկսնակի վիճակում, որին հատուկ են եւ սխալները, եւ պարզունակությունը, եւ խճճվածությունը։ Իսկ դասագրքի շարադրման մեջ առանցքային ուղեցույցը ժողովրդական, ավանդական պատկերացումն է եկեղեցու մասին. «Այս դասագրքերում տեղ են գտել աղաղակող սխալներ, որովհետեւ դրանք ոչ թե պաշտոնական գիտական տեսակետն են ներկայացնում, այլ՝ ժողովրդական, ավանդապատումային»։ Իսկ սխալները, ըստ նրա, դասագիրք մտնում են հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների եւ կրտսեր դասի հոգեւորականության կողմից, ովքեր, որպես կանոն, նույնպես գիտական հայացքի կրողը չեն։



Արծրունի Սահակյանը մատնացույց արեց ձեռքի տակ եղած 6-րդ դասարանի հայ եկեղեցու պատմության դասագիրքը՝ նշելով, որ թեպետ դասագրքի հեղինակների մեջ վարդապետներ էլ կան, բայց չեն կարող բոլոր սխալները վերահսկել, որովհետեւ ամբողջը մի համակարգ է, եւ սկզբից դասագիրքը պլանավորված է այդպես։ «Ժողովրդական քրիստոնեական կարծիքն իշխում է, քանի որ ուսում, կարդալ չի պահանջում, միայն ականջներ է պահանջում, որ ավանդաբար մեծերից լսելով վերարտադրեն, դրա համար էլ դառնում է կիսաֆոլկլորային, կիսագիտական դասագիրք, որը ձեռնտու է մեր ուսուցիչներին, որովհետեւ իրենք էլ կիսաչափանիշներով են մտել դպրոց եւ այսօր մաքառում են այդ ժամերի համար, եւ մեր մասնագետներն էլ մնում են դրսում»։



Անդրադառնալով 6-րդ դասարանի հայ եկեղեցու պատմության ձեռնարկին, որտեղ ամենամեծ բաժինը հայ եկեղեցու տոներին է հատկացված, նա մի քանի օրինակ բերեց։



«Գրված է՝ տոներից 5-ը կոչվում են տաղավար տոներ, ու հետո «տաղավար» բառը բացատրում. «Հին ժամանակներում կարեւոր տոները մարդիկ նշում էին բնակավայրերից դուրս՝ հյուղակներում կամ խրճիթներում, որոնց տաղավար էին անվանում, այդտեղից էլ՝ «տաղավար տոներ» արտահայտությունը»։ Ինչպես ասում են, ձայնը լսել է, բայց չգիտի որտեղից է գալիս։ Տաղավար տոնն այն մեծ համաժողովրդական տոնն էր, որ Երուսաղեմում հավաքվում էին, քաղաքը լցվում էր, ու երբ տեղ չէր լինում, քաղաքի շուրջը՝ այդ լանջերին, մերձավոր գյուղերում մարդիկ, ուխտավորները գալիս, հավաքվում էին, տներն էին լցվում, տներն էլ տեղ չէր լինում, դրսում բացօթյա ճամբարներ էին զարկում, ժամանակավոր տաղավարներ էին սարքում, որպեսզի ուխտի օրերին ծածկ ունենան։



Սրան շիլա-շփոթ ու անկապ հոգեբանական անտրամաբանություն կարելի է ասել։ Կամ՝ Բարեկենդանի տոնի մասին սկսում է խոսել Թումանյանով, որը շատ լավ է, բայց արի ու տես, որ այդ իմացությունը Թումանյանից այն կողմ չի անցնում եւ ավարտվում է։ Հետո, իբր, բացատրում է. «Բառը կազմված է «բարի» ու «կենդանություն» բառերից». ստում է, նման բան չկա, «բարեկենդան»՝ գրաբարում նշանակում է բարի կենդանի՝ գազան (դա այն դիմակներն են, որ հագնում են այդ տոնին իրար հետ խաղերի ժամանակ)»,-ասում է Սահակյանն ու ընդգծում, որ այս կարգի սխալները շատ են նաեւ մյուս բաժիններում, որովհետեւ սիրողական ուժեր են ներգրավված, բացահայտող չկա դասագրքի թերությունն ու կիսատպռատությունը։ Այս հարցը լուծելու համար, ըստ նրա, պետք է մասնագետների հրավիրեն, կազմակերպեն քննարկում, իսկ բոլոր իրենց հարգող տնօրենները պետք է դիմեն աստվածաբանության ֆակուլտետ՝ համապատասխան մասնագետներով համալրելու իրենց դպրոցի կադրերը։