Մասիս Տոբակում անմարդկային պայմաններ են, աշխատավարձն էլ ուշացնում են

Մասիս Տոբակում անմարդկային պայմաններ են, աշխատավարձն էլ ուշացնում են

Երկար ժամանակ է՝ ինչ «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի աշխատակիցները դժգոհում են գործարանում տիրող «անմարդկային պայմաններից»: «Սև բանվորների նման աշխատացնում են, ոչ մի հանգստյան օր չունենք, աշխատանքային գրաֆիկն այնպես են իրար խառնել, որ ստացվում է այնպես, որ օրվա մեջ մի քանի անգամ գործի ես գնում»,- ասաց աշխատակիցներից մեկը՝ չցանկանալով ներկայանալ աշխատավայրում խնդիրներ չունենալու համար:



Վերջինս աշխատանքային գրաֆիկի խառնաշփոթը բացատրելիս տեղեկացրեց, որ երեկոյան ժամը 20:00-ից աշխատում են մինչև առավոտյան ժամը 8:00-ն, այնուհետև ցերեկվա ժամը 14:00-ին նորից աշխատանքի պետք է գնան: «Ամբողջ գիշեր չքնելով ինչպե՞ս կարող ենք աշխատել: Նրանց միայն հետաքրքրում է, որ իրենց պատվերները կատարեն և փող աշխատեն, հասարակ բանվորի վրա էլ թքած ունեն»,-ասել է աշխատակիցը: Գործարանի ներսում հաճախակի գործադուլ են անում՝ պահանջելով արտաժամերի դիմաց վճարել:



«Մեր աշխատանքային պայմանագրում նշված է, որ պետք է աշխատենք 8 ժամ, բայց վերջին շրջանում աշխատում ենք 12 ժամ, այն պայմանով, որ արտաժամ աշխատելու դիմաց պետք է հավելյալ վճարեն»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցը՝ հավելելով, որ օգոստոս-սեպտմեբեր ամսվա արտաժամի համար նախատեսված գումարը դեռ չեն ստացել։



Նրա խոսքով՝ դեռ գործարանում արտաժամյա վճարները ստանալու մասին խոսք անգամ չի գնում։ Նա տեղեկացրեց, որ լինում են դեպքեր, երբ գործարանի աշխաակիցները կանգնեցնում են տեխնիկան և հրաժարվում աշխատել. «Որևէ բան այլևս չի օգնում նրան, Հրանտ Վարդանյանը գոնե գալիս մեզ լսում էր, իսկ հիմա մեզ ոչ մեկը չի լսում, մեզ հետ չեն հանդիպում, որ մենք իմանանք, աշխատավարձ ստանալու ենք, թե ոչ»։