Արթուր Ալեքսանյանը տոնում է 25-ամյակը. Նրա անվան մարզադպրոցը անմխիթար վիճակում է

Արթուր Ալեքսանյանը տոնում է 25-ամյակը. Նրա անվան մարզադպրոցը անմխիթար վիճակում է

Երբ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Լաս Վեգասում ճանաչվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, բարձրաստիճան պաշտոնյայից մինչև շարքային քաղաքացի հպարտացան նրանով: Մարզիկին մեծարեցին, գովասանքի խոսքեր ասացին եւ որ ամենակարևորն է՝ բոլորովին վերջերս Գյումրու ավագանու որոշմամբ հունահռոմեական մարզադպրոցը կոչվեց Արթուր Ալեքսանյանի անվան:



Նշենք, որ մարզադպրոցի տնօրենը Արթուրի անձնական մարզիչն է ու հայրը ` Գևորգ Ալեքսանյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ որդու հաջողություններից հետո մարզադպրոց հաճախող սաների թիվը կրկնապատկվել է: Սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչ խղճուկ պայմաններում են մարզվում երեխաները: Մոտալուտ ձմռանը խնդիրն առավել զգալի է: Մարզադպրոցն ունի ոչ միայն ջեռուցման, այլև մարզագույքի, շենքային պայմանների լուրջ խնդիրներ:



Տնօրենից տեղեկացանք, որ կառույցի կապիտալ վերանորոգումն արժի 400 հազար ԱՄՆ դոլար, քանի որ հիմնահատակ վերանորոգում է անհրաժեշտ: Շիրակի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի վարչությունից հավատացնում են, որ խնդրին քաջատեղյակ են, եւ այն ներկայացրել են կառավարությանը, 2016 թվականին կվերանորոգվի: Ավելին` կառավարությունը խոստացել է նորը կառուցել: Մինչ կառավարությունը խոստանում է, տասնյակից ավել մարզիկներ մարզվում են եւ դեռ անհայտ ժամանակով կշարունակեն մարզվել` վտանգելով իրենց առողջությունը:



Նշենք, որ 2015 թ-ին ՀՀ կառավարության կողմից Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման համար տրամադրված 530 մլնից որեւէ գումար չի տրամադրվել մարզական ոլորտին: Կառավարությունը խրախուսում է մարզիկներին, իհարկե երբեմն անգամ ավտոմեքենա նվիրելով` առանձնապես ուշադրություն էլ չդարձնելով այն հաստատությունների վրա, որտեղ մարզվում եւ աճում են նրանք:



Ի դեպ, հոկտեմբերի 21-ին Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 25-ամյակը, ինչի առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, լավագույն բարեմաղթանքներին միանալով` ավելացնում ենք եւս մեկը` գեղեցիկ մարզիկին` անվանը վայել մարզադպրոց: Մարզիկը տարեդարձը նշելու է տանը, քանի որ մարզումների պատճառով ժամանակ չունի այն մեծ շուքով տոնելու:



Արևիկ Հակոբյան Գյումրի