Ասֆալտապատում՝ հանրաքվեին եւ ընտրությանն ընդառաջ

Ասֆալտապատում՝ հանրաքվեին եւ ընտրությանն ընդառաջ

Հրազդան քաղաքի տեղական բյուջեով եւ կառավարության հատկացրած գումարերով  քաղաքում իրականացվում է երկրորդական փողոցների եւ բակերի ասֆալտապատում: Կոտայքի մարզպետարանից Hraparak.am-ին հայտնեցին, որ կառավարության հրատապ ծրագրի շրջանակներում 80մլն դրամ է հատկացվել Հրազդան քաղաքին՝ առաջնահերթ խնդիրների լուծման համար: Անբարենպաստ եղանակի պատճառով աշխատանքները դադարեցվեցին:



Բնակիչների խոսքերով՝ երկար տարիներ սպասելուց հետո գործը կիսատ-պռատ է արվում: Անձրեւոտ օրերին բակերով անցնելիս ամեն օր մարդիկ ստիպված են լինում ցատկոտել ջրափոսերի վրայով: Մութն ընկնելուն պես փողոցով քայլելը ավելի վտանգավոր է դառնում, քանի որ, բացի այն, որ փոսեր են, թաղամասերի որոշ հատվածներում լուսավորություն էլ չկա: Եթե որեւէ շենքի բանկ ասֆալտապատվել է մասսամբ, ապա այդ շենքում կա մեկը, ով աշխատում է քաղաքապետարանում կամ էլ ծանոթ է աշխատակիցների հետ, այդ պատճառով էլ առաջնահերթության կարգով իրենց շենքի առաջ է ասֆալտապատվում: Եղել են դեպքեր, որ շենքների բնակիչները ասֆալտապատման համար կռվել են իրար հետ.



«Ասֆալտապատում են, շենքի բակերը կիսատ –պռատ են թողնում, շենքից 5 մետր ասֆալտ է, մնացածը՝ փոսեր: Թաղամասեր կան, որ ճանապարհները դժվարանցանելի են: Քաղաքապետը երկար տարիներ պաշտոնավարում է, նոր է մտածում, որ Հրազդան քաղաքին եւ կից թաղամասերին լուսավորություն է հարկավոր, ինչո՞ւ հինգ տարի առաջ դրա մասին չէր մտածում: Անուշադրության են մատնված քաղաքին կից թաղամասերը: Հրազդանը ամենահետամնաց քաղաքն է ամբողջ հանրապետության մեջ»,-զայրացած նշում էին հրազդանցիները:



Քաղաքապետարանի Տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է բակերի կեսը ասֆալտապատվում, ինչն է պատճառը, որ ասֆալտապատման աշխատանքները դադարեցվել են, պատասխանեց՝ պատճառը եղանակ է. «Եթե չհասցրեցինք հիմա վերջացնենք, գարնանը կրկին կսկսենք ասֆալտապատումը: Ինչ վերաբերվում է տեղ-տեղ ասֆալտապատմանը, մենք ունենք ծրագիր եւ ըստ դրա բոլոր բակերը կասֆալտապավեն»:



Հիշեցնենք, որ Հրազդանում 2016թ. ապրիլին տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ այս ժամանակաշրջանում սկսել են աշխատանքներ կատարել քաղաքում, ասֆալտապատել, տանիքներ վերանորոգել, լուսավորության հետ կապված աշխատանքեր իրականացնել, մի խոսքով մինչեւ ապրիլ ժրաջան կաշխատեն, հատկապես որ քաղաքապետի ընտրություններին գումարվել է նաեւ դեկտեմբերի 6-ին սպասվղ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:



Նելլի Կարապետյան