Ոչ մի ճակատ պետք չէ, որ մարդ հասկանա՝ իշխանությունը վատ տնտեսվարող է

Ոչ մի ճակատ պետք չէ, որ մարդ հասկանա՝ իշխանությունը վատ տնտեսվարող է

Հարցազրույց դերասան Սերգեյ Դանիելյանի հետ



- Սերգեյ, վերջին ամիսներին մեր երկրի թիվ մեկ օրակարգային թեման սահմանադրական բարեփոխումներն են, որոնց հետ կապված՝ տարբեր մարդիկ տարբեր մտահոգություններ են առաջ քաշում. երկրի կառավարման ձեւի փոփոխությունից մինչեւ միասեռականների ամուսնության օրինականացում։ Այս նոր Սահմանադրության մեջ Ձեզ համար ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք առանձնացրել։



- Ես ոչ հինն եմ կարդացել, ոչ էլ նորը, խնդիրը Սահմանադրություն ունենալ-չունենալու մեջ չէ, կառավարությունը պետք է փոխել, վերջ։ Առաջ, որ ունեինք այդ Սահմանադրությունը, լա՞վ էինք ապրում... իսկ դա արդեն ուրիշ՝ քաղաքական հարց է, իսկ Սահմանադրությունը քաղաքական հարց չէ։



- Այս ընթացքում «ոչ-ի» տարբեր ճակատներ ձեւավորվեցին, Դուք ո՞ր ճակատին եք հավատում։



- Ոչ մի ճակատն էլ չի օգնի՝ հասկանալու, որ իշխանությունը, որը ձեռնարկել է Սահմանադրությունը փոխելը, կամ որեւէ այլ գործառույթ չի կարողացել մարդավարի աշխատել այսքան տարիներ, եւ սա էլ է սխալ բան, ոչ մի ճակատ պետք չէ, որ մարդ հասկանա, որ իշխանությունը վատ տնտեսվարողներ են, եւ, որպես տնտեսվարող օղակ, այս իշխանությունը չի կարողանում աշխատի։ Իսկ այդ ճակատներից ոչ մեկն ինձ չի հետաքրքրում, որովհետեւ ես գիտեմ՝ իշխանությունն ինչ ձեռնարկում է, վատ բան է։ Ես այդպես եմ սովորել այս 20-25 տարվա ընթացքում եւ չեմ հիշում մի որեւէ բան, որ իրենք անեն, ու հետո լավ լինի։ Դրա համար, ելնելով իմ դառը փորձից, որպես քաղաքացի, հասկանում եմ, որ ինչ անում են, ըստ երեւույթին, անում են իրենց բիզնեսը զարգացնելու համար՝ վերջ։ Թե հիմա կվերարտադրվեն, կարտադրվեն վեգետատիվ ձեւով, թե սեռական՝ չգիտեմ, ինձ չի հետաքրքրում։ Ես գիտեմ, որ սրանք ինչ անում են, վատ է, ու ես գնալու եմ ասեմ՝ ոչ, այդքան բան։



- Իշխանության վերարտադրման դեմ ընդդիմությունը թեպետ չկարողացավ միավորվել եւ մի ճակատով պայքարել, բայց ձեւավորեց տարբեր ճակատներ, այլ հարց է, թե որքանով է արդյունավետ տարբեր ճակատներով պայքարել իշխանության մի ճակատի դեմ։



- Մեր դժբախտությունն այն է, որ մեր ոչ ընդդիմությունն է արդյունավետ, ոչ էլ դիմությունը, դրանք անարդյունավետ, դեստրուկտիվ կառույցներ են, եւ ոչ մեկին էլ չեմ հարգում, ուղղակի, լինելով այս երկրի քաղաքացի, ունեմ իմ կարծիքը եւ կգնամ կասեմ «ոչ» ու կգնամ տուն, բայց դա չի նշանակում, որ ես դրանով որեւէ ճակատի հարեցի։



- Այս ընթացքում եթերում հեռարձակվում է նաեւ «Այո-ոչ» հեռուստաշոուն՝ ընդդիմադիր եւ իշխանական գործիչների մասնակցությամբ։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է այս նախագիծը ծառայում մարզերում մարդկանց իրազեկման բարձրացմանը։



- Ես ուղղակի ափսոսում եմ այն բենզինի փողը, որ իրենք ծախսում են գյուղեր գնալով, որովհետեւ այդ բենզինի փողը ես եմ տալիս՝ իմ երեխայի բերանից կտրելով։ Քանի որ մեզ մոտ ընտրություն որպես այդպիսին չկա, մեկ է՝ հետո իրենք լցոնելու են այդ ամեն ինչը, դրա համար պարզ է, որ կլինի այնպես, ինչպես կուզի իշխանությունը։



- Այս ընթացքում նաեւ տարբեր մտավորականների խորհուրդներ ձեւավորվեցին, որոնք էլի դեմ հանդես եկան սահմանադրական փոփոխություններին։ Ի՞նչ եք կարծում, նրանց ձայնն ինչքանո՞վ լսվեց։



- Չեմ կարող ասել, թե դա ինչքանով է արդյունավետ, թե ոչ, որովհետեւ ոչ մի սահմանադրական պայքար, որպես այդպիսին, չի անցնում Հայաստանում, իսկ հակասահմանադրական եւ այլ քայլերին ես դեմ եմ, որովհետեւ հեղաշրջումներից հետո, որպես կանոն, գալիս է ավելի վատ իշխանություն, պատմությունն ուսումնասիրելով՝ դա գիտեմ։ Արդյունավետ կլինի այն, որ ամեն մարդ մտածի, թե ինչու է ծնվել, ապրում, ինչ է ուզում այստեղ ապրելով։ Դա է ինձ համար պայքարի լավագույն միջոցը։