Պակաս տարի կամ՝ մինչև Նոր տարի նեղանալ չկա

Պակաս տարի կամ՝ մինչև Նոր տարի նեղանալ չկա

Մուտք



Ինչ Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ՝ ԱԺ-ում պակաս տարի է: Հովիկ Աբրահամյանի ժոմանակ գործուղումների, ԱԺ-ի համար զիզի-բիզի բաներ առնելու, աշխատակիցներին Նոր տարվա ճոխ նվերների, տոնածառի, ֆուրշեթի, լրագրողներին ջոկ պատվելու ու նման բաների համար միշտ փող կար, իսկ հիմա չկա: Փողից խոսում են, թե չէ՝ Գրիգորիչը կարճ է կապում՝ ես էդ ինչի՞ տեր եմ, որ նման բաներ անեմ: Կարելի է մտածել՝ ԱԺ-ն իր գրպանն է, փողն էլ իրենը: Ի դեպ՝ ԱԺ կանայք, զրկված պետական զբոսաշրջությանը զարկ տալու հնարավորությունից, Գրիգորիչի հասցեին արդեն փսփսում են՝ իսկ փող կա՞ Հրայր Թովմասյանի հետ շրջագայելու համար: Այո, կանայք այդպիսի բաները ողնաշարով են զգում: Քանի կար՝ Գրիգորիչը ինքնաթիռ չէր նստում, բայց որ մի անգամ նստեց, էլ նրան հետ բերել չի լինում: Վերջերս էլ Աշգաբադից վերադարձավ: Ինչո՞ւ էր գնացել՝ ոչ ոք չիմացավ:



Ամեն դեպքում այս ազիզ օրով Գրիգորիչի մասին ուզում ենք լավն էլ ասել: Այլապես մռայլությունը մռայլությամբ չես փարատի: Իսկ Գրիգորիչն ինչքան շատ է աշխարհ տեսնում, այնքան մռայլվում ու մռայլվում է: Ամենալավ տեղը սեփական տունն է: Հավատացած եմ՝ Գրիգորիչի համար ԱԺ-ից լավ տեղ չկա աշխարհում: Այ եթե Զարուհին էլ հաճախ բացակայեր, ամեն ինչ հրաշալի կլիներ: ՀԱԿ-ը դեռ տանելի է, բայց այդ կինը… խոսք չի հասկանում:



Միակ արարը



-Հի, հի, հի,- մտքում Շարմազանովի վրա էր ծիծաղում Գրիգորիչը,- սրանց անունն է ջահել: Զարուհուն ասում է՝ ես չեմ կարող քեզ գրկել և հեռացնել ամբիոնից: Ջահել ժամանակներս բա ես այդպե՞ս էի գրկում ու հեռացնում ուսուցչուհիներին, ովքեր ինձ չէին լսում: Ասում է՝ Ես Գալուստ Սահակյանը չեմ, բայց անջատեք Փոստնջյանի խոսափողը: Տես, թե ինչպիսի արագությամբ է յուրացնում…



Էս մտքերի մեջ էր Գրգորիչը, որ քարտուղարուհին մտավ.



- Գալուստ Գրիգորիչ, Թովմասյանն է, բաց թողնե՞մ…



- Չէ, բռնի:



- Չհասկացա, Գալուստ Գրիգորիչ, ի՞նչը բռնեմ:



- Թովմասյանին…



- Ո՞նց բռնեմ…



- Ո՞նց էիր ուզում բաց թողնել, գնա, այդպես էլ բռնիր: Ե՞րբ պետք է հայերեն խոսել սովորեք: Նադայելա… ասա, թող գա:



- Բարև Ձեզ, Գալուստ Գրիգորիչ:



- Բարև, ի՞նչ կա:



- Գալուստ Գրգորիչ, Նոր տարվա ծրագիր եմ մշակել՝ մեր բյուջեից ելնելով: Ահա:



- Բայց բյուջե կա՞, որ բյուջեից ես ելել:



-Ես էն բյուջեն նկատի ունեմ,- աչքով է անում Թովմասյանը:



-Նախագահի ընդունելությա՞ն:



-Չէ, չէ, օլիգարխների գրեֆների:



-Էս ի՞նչ լեքսիկոն է, Թովմասյան, դու դեռ քրեակատարողական հովերով ես տարվա՞ծ:



-Չէ, իհարկե, բայց դե մարդկությունն էլ հո չի՞ մեռել: Ամենքը մի բանով կօգնեն, տակից դուրս կգանք: Ամոթ է, թերթերը գրում են, որ ծակ շալվարով ենք մնացել:



-Տուր, տեսնեմ:



Կարդում է՝ 1) Պինգ-պոնգի մրցում Հանրապետականի և «Ժառանգության» միջև:



-Հի, հի, հի, «Ժառանգությունից» ո՞վ է լինելու, Թևա՞նը:



-Չէ, Զարուհին:



- Այս կետը հանիր:



Կարդում է. 2) Մինչև Ձմեռ պապի և Ձյունանուշի ներս մտնելը՝ պարահանդեսային համար՝



«Ժառանգությունը» հրավիրում է Հանրապետականին, ՕԵԿ-ը՝ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ը՝ Դաշնակցությանը:



-«Ժառանգությունից» ո՞վ է հրավիրելու, Արզումանյա՞նը:



-Չէ, Զարուհին:



-Այս կետն էլ հանիր:



Կարդում է՝ 3) Ձմեռ պապն ու Ձյունանուշը մտնում են դահլիճ: Պապը հանրապետական է,



Ձյունանուշը՝ «Ժառանգությունից»:



-Սա էլ հանիր:



Կարդում է՝ 4) Երաժշտության հնչյունների տակ վառվում են ԱԺ տոնածառի լույսերը: Ծափեր:



-Իսկ տոնածառ կա՞:



-Հա, բա ո՞նց: Տարոնի տոնածառի տակից անցյալ օրը ճյուղեր եմ հավաքել, իրար կապել, կարգին ծառ է դարձել,- վրա է տալիս Թովմասյանը ուրախացած՝ հույսով, որ այդ կետը չի հանվի:



-Իսկ երաժիշտնե՞րն ինչքան են ուզում:



-Դա էլ ենք մտածել: Շուշոն ասաց՝ մուզիկալնի ցենտրը տնից կբերի:



-Իսկ էլեկտրիկների հետ խոսե՞լ ես, լույսի փո՞ղն ով է տալու:



-Մենք… Գալուստ Գրիգորիչ, ես ասում էի, որ կարիք չկա Բիբինին նեղացնելու: Ճաքած բան են էդ ռուսները: Գործը ձեռից առանք, էլի չպրծանք: Հիմա մերոնք են եկել՝ ոչ կարողանում են զեղչ անել, ոչ բան…



-Կամաց, կլսեն: Ավելի լավ է այս կետն էլ հանիր: Փող չկա, Թովմասյան, հասկանո՞ւմ ես:



Կարդում է՝ 5) ԱԺ աշխատանքները լավագույնս լուսաբանած լրագրողների պարգևատրություն:



-Հաղթողները հայտնի՞ են:



-Ես անունները կկարդամ, կմոտենան Ձեզ, իսկ Դուք կպարգևատրեք:



- Ինչո՞վ



-Լֆիկը խոստացել է իրեն աստղ դարձրած լրագրողների համար տոպրակներ սարքել:



-Թովմասյան, մականունները մոռացիր…



-Կներեք, Գալուստ Գրիգորիչ… Սամվելը:



-Հա, այս կետը թող մնա: Լրագրողներին ես էլ եմ շատ սիրում, գրչով հաց վաստակող մարդիկ են, արժանի են:



Ներս է մտնում քարտուղարուհին.



-Գալուստ Գրիգորիչ, մի մարդ է եկել, ասում է՝ Ղազախստանի դեսպանն եմ, ի՞նչ անեմ:



-Խոսափողը անջատիր… ըըըը, ասա թող սպասի, Թովմասյանն է ներսում:



-Ասել եմ, հարցրեց՝ Թովմասյանն ո՞վ է, չեմ ճանաչում:



-Ղալաթ ա անում…



-Հանգստացիր Թովմասյան, էս գործը հանգիստ է սիրում: Գնա ասա՝ դեսպանների հարցերով մեր նոր սահմանադրությամբ արտգործնախարարն է զբաղվում:



Շարունակում է. 6) Նախագահի ամանորյա ուղերձը՝ ԱԺ-ին: Կարդում է՝ Առաքել Մովսիսյանը:



-Առաքել Մովսիսյանն ո՞վ է Թովմասյան:



-Ո՞նց ասեմ, Գալուստ Գրիգորիչ, Շմայսը…



-Շմա՜յսը…



-Դե որ ասում եք՝ առանց մականունի…



-Լավ է, այս կետն էլ թող մնա, դատել էինք տղուն, նեղվածությունը կանցնի: Միայն կասես՝ մի քանի անգամ հայելու առաջ փորձի և չլինեմ, չիմանամ՝ իր բառապաշարից բան խցկի նախագահի ուղերձի մեջ:



Կարդում է. 7) «Կարմիր գլխարկը» հեքիաթի բեմադրություն:



-Ինչո՞ւ հենց «Կարմիր գլխարկ», Թովմասյան, «Քաջ Նազարի հեքիաթը» չէ՞ր կարելի:



-Ուստիան չենք ճարում, Գալուստ Գրիգորիչ: Մարգոն չուզեց, Շուշոն հարմար չէ, Հերմինեն ասում է՝ կամ ես՝ կամ Ուստիանը, Հեղինեն վտանգավոր է…



-Ինչո՞ւ է վտանգավոր:



-Էն էպիզոդը կա չէ՞, որ Ուստիանը Նազարին տնից քշում է էշի հետ:



-Հա:



-Փորձեցինք Հեղինեի ու Ավագյան Կարենի վրա:



-Եվ…



-Կարենը հիմա հիվանդանոցում է, էշն էլ չկա…մի քանի օրով բերել էինք Ապարանից, Հովսեփյանն էր միջնորդել, հիմա տերը կգա էշի հետևից, ի՞նչ ենք պատասխանելու:



-Հա, բայց Հեղինեի մեղքը ո՞րն է:



-Վայ, Գրիգորիչ, այնպես գոռաց Կարենի վրա՝ այ կրեմ էդ նազար գլուխդ, քարվան կտրողիս տես… Խեղճ տղու փուչիկը տրաքեց, իսկ էշն էլ՝ փախավ:



-Լավ, Սամվելին կխնդրենք՝ էշը կփոխհատուցի:



-Բա Կարենի ծախսե՞րը:



-Դա էլ Սամվելը կքաշի: Կասենք հալալ քրոջդ պատճառով է եղել…



-Ես միշտ ասել եմ, որ Դուք հանճարեղ մարդ եք, Գրիգորիչ:



-Գիտեմ, գիտեմ, իսկ Կարմիր գլխա՞րկ ով է խաղալու:



-Հազիվ ճարեցինք, Գրիգորիչ: Մարգոն չուզեց, Շուշոն հարմար չէր, Հերմինեն թե՝ Կարմիր գլխարկը լինեմ, թե խաղամ, Հեղինեն վտանգավոր է, Աճեմյան Կարինեն պնդեց որ ինքը միայն կարկանդակներ կպատրաստի, մյուսները զբաղված են լինելու ֆուրշեթի սեղանով, մնաց...



-Ո՞վ…



-Զարուհին…



-Այս կետն էլ հանիր, Թովմասյան, մեծ մարդիկ ենք, հեքիթն ի՞նչ ենք անում:



-Բայց փորձի ժամանակ շատ լավ խաղաց, ախր, տեքստից դուրս իմպրովիզացիաներ, բաներ…Հիշո՞ւմ եք այն տեղը, որ Կարմիր գլխարկը գայլին հարցնում է՝ տատի ջան տատի, ինչո՞ւ են ականջներդ այդքան մե՜ծ:



-Հա:



-Գայլը ասում է՝ որ քեզ լա՜վ լսեմ...



-Հա:



-Սուտ ես ասում, տատի, ականջնրդ մեծ են, որ խոսափողս անջատելուց հետո էլ լսե՜ս… Ու այսպես էնքան «դավադիտ» արեց գայլին, որ գայլը վեր թռավ անկողնուց ու շատ ռեալիստական կուլ տվեց Կարմիր գլխարկին:



-Էլի՞ անցար քո քրեակատարողական բառապաշարին: Հանիր ասում եմ հեքիաթը: Հեքիաթ չի լինի: Եղա՞վ: Իսկ գայլի դերում ո՞ւմ էիք փորձում:



-Շարմազանովին:



-Հի, հի, հի… նա ո՞ր օրվա գայլն է, ասում է՝ տիկին, ես չեմ կարող Ձեզ գրկել և հեռացնել ամբիոնից… հի, հի, հի… Կարծես ավարտեցինք, հա՞, Թովմասյան:



-Գրիգորիչ, Ձմեռ պապի, Ձյունանուշի և ֆուրշեթի հարցերը մնացին: Առանց Ձմեռ պապ ու ֆուրշեթ ի՞նչ Նոր տարի:



-Փող չկա, Թովմասյան: Ամեն մեկը տնից թող մի բան բերի, դնենք սեղանին, իսկ Ձմեռ պապի և Ձյունանուշի հարցով ես կդիմեմ, համապատասխանաբար, Սփյուռքի և Մշակույթի նախարարներին, ինձ չեն մերժի:



Ներս է մտնում քարտուղարուհին:



-Գալուստ Գրիգորիչ, Սամվել Ալեքսանյանն է զանգում, միացնե՞մ:



-Միացրու:



-Հեսա միացնեմ:



-Բարև, բարև… Լավ եմ, փառք Աստծո… Գիտեմ, գիտեմ… Ափսոս էր, կսատկի խեղճ անասունը, ձմեռ է, խոտ չկա… Այո, գիտեմ, Հովսեփյանն էր գարանտ կանգնել… Սամվել ջան, պետք է փոխհատուցել, ամոթ է՝ Հովսեփյանին ասենք, ողջ իրավապահ համակարգը ոտքի կհանի, հիմա մի էշ է, տիրոջը մի քանի կոպեկ տուր, սիրտը շահիր… Ո՞նց թե Ռենջ Ռովեր է ուզում… Պա հո՜ո՜ո՜, ասում ես Հովսեփյանի իչն է՞… Հա՜ա՜ա՜… Դե պիտի տաս, ի՞նչ անենք, դու էլ ինձնից լավ գիտես, որ պակաս տարի է… Հա… Հա…, Հա… Ես ֆիննախ, հարկային կզանգեմ, էս օրերին քո կողմերում չեն երևա… Հա… Պայմանավորվեցինք:



-Լավ պրծանք Թովմասյան:



-Բա Կարենի բուժման փո՞ղը:



-Թող էշի հարցը լուծի, իսկ դա՝ հետո:



Թովմասյանը վեր է կենում, որ դուրս գա:



-Քանի չեմ մոռացել, Թովմասյան, շորերդ հազրի, որ Դուբայ ենք գնում: Էդ կողմերի թագավորներից մեկի հետ հանդիպում ունեմ:



-Վայ, ինչ լավ է, Գրիգորիչ: Միանգամից իմ պադավատի հարցն էլ կլուծենք: Դուբայում ավտոն էժան է:



- Ի՞նչ ավտո, Թովմասյան, փող չկա, Դուբայից Մադրիդով ենք վերադառնալու, ճանապարհին մտնելու ենք Բրյուսել, հետո՝ Հռոմ… Աշխատակազմին կասես՝ շրջագայության փողը Ծառուկյան հիմնադրամն է տվել, որ շատ չոգևորվեն:



-Բա թերթերի՞ն ինչ ասեմ:



-Թերթերին ես կասեմ, դու գործ չունես: Եթե հարցնեն, կասես՝ տեղյակ չեմ:



-Հանճարեղ մարդ…



Վարագույր