«ԱԺ»-ն գնում է վերջին արձակուրդի

«ԱԺ»-ն գնում է վերջին արձակուրդի

Ամառ, 2016 թվական: Երեւանում շոգ է: Սա գործող ԱԺ-ի վերջին ամառն է: Գալուստ Սահակյանը որոշել է պատգամավորներին արձակուրդային վճարելու փոխարեն տանել ծով՝ Քոբուլեթի, խաթրներն առնել: Ինքն անձամբ այն կարծիքին է, որ դա հանճարեղ մտահղացում է, սակայն ԱԺ ֆինանսիստները հավան չէին այդ ծրագրին: Նրանք պնդում էին, որ Քոբուլեթի գնալու փոխարեն գնան Երեւանյան լճի ափ, ադյալները փռեն, վոլեյբոլ-բան խաղան, գնան տներով: Բայց Գրիգորիչի չափավոր ջոմարդությունը բռնել է, ու նա պնդել է իր որոշման վրա՝ գնում ենք Քոբուլեթի եւ վերջ: Որոշել էին գնացքով գնալ: Հաշվել էին, որ առաջին հինգ վագոններում ՀՀԿ-ականները կլինեն, երկու վագոն կտան ֆորմալ ԲՀԿ-ին, իսկ վերջին վագոնն էլ՝ ընդդիմությանը: Գրիգորիչը վերջին վերադասավորումներն էր անում, երբ քարտուղարուհին ներս մտավ ու հայտարարեց՝ Լեւոն Զուրաբյանն է եկել, ուզում է մտնի:



- Թող մտնի,- թույլ տվեց Գրիգորիչը:



- Պարոն Սահակյան, մտահղացումը հրաշալի է, բայց, ինչպես միշտ, ՀՀԿ-ավարի եք վարվել կուպեների բաժանման հարցում:



- Բա հո ԲՀԿ-ավարի չէի՞նք վարվելու, Զուրաբյան, հետաքրքիր մարդ ես: Ինչի՞ց ես դժգոհ, 7 հոգի եք՝ երկու կուպե ենք տվել՝ 8 տեղ. դու, Արամը եւ Ջհանգիրյանը՝ մի կուպե, իսկ մյուսները՝ Նիկոլը, Հրանտը, Ստեփանը եւ Լյուդան՝ մի կուպե:



- Հա, բայց Լյուդան կին է, չէ՞:



- Ի՞նչ անենք կին է: Ընդամենը մի օրվա ճանապարհ է, պետք է յոլա գնանք: Իսկ դու ի՞նչ ես առաջարկում:



- Ընդդիմությունում ընդամենը երեք կին կա: Ճիշտ չէ՞ր լինի նրանց մեկ կուպե տալ:



- Դա մտածել ենք… Դու ո՞նց ես պատկերացնում Հեղինեին ու Զարուհուն մի կուպեի մեջ: Համ էլ՝ Զարուհուն առանձին կուպե ենք տվել, երեխեքի հետ է գալիս:



- Պարոն Սահակյան, Հեղինե Բիշարյանն է եկել,- ձայն տվեց քարտուղարուհին:



- Զուրաբյան, քո ժամանակը սպառվեց: Հարց տալու համար՝ Հեղինե Բիշարյան… ըըը, ներս եկեք, տիկին Բիշարյան…



- Հոգնել եք, հոգնել, պարոն Սահակյան: Հրաշալի բան եք մտածել, բոլորս ենք հոգնել: Կարծում եմ՝ կկարողանանք լավ հանգստանալ,- խոսելով առաջ եկավ Բիշարյանը:



- Լսում եմ Ձեզ, տիկին Բիշարյան, էս ի՞նչ սիրուն շոր եք հագել:



- Պարոն Սահակյան, էլ մի սիրաշահեք, դժգոհ եմ Ձեզնից: Դուք ՕԵԿ-ին մեկ կուպե եք տվել: Մոռացե՞լ եք, որ մենք 5 հոգի ենք:



- Դե մեր հնարավորություններն ավելին չեն ներում, տիկին Բիշարյան: Տղաներից մեկին ասեք՝ թող տնից լեժանկա վերցնի հետը, գիշերը կբացեք: Մի քանի ժամվա ճանապարհ է, յոլա գնացեք:



- Իսկ եթե տղաներից մեկին տանեք Ձեր վագո՞ն:



- Տիկին Բիշարյան, սիրուն չի լինի, ժողովուրդն ի՞նչ կմտածի…



- Ինչ ուզում է՝ թող մտածի, Դուք եք ասում՝ մի քանի ժամվա ճանապարհ է: Մի քանի ժամ էլ թող մտածեն:



- Լավ, ո՞ւմ կտաք, Հովիկի՞ն, Մհերի՞ն… Իսկ գուցե Դո՞ւք գաք…



- Մենք ֆրակցիայի նիստով կորոշենք:



- Տեսեք, հա, գնացքը շարժվում է ժամը երեքին, դեռ տոմսեր պետք է դուրս գրենք:



- Պարոն Սահակյան, ՀՅԴ-ն է եկել ողջ խմբակցությունով, ի՞նչ անեմ,- ձայն տվեց քարտուղարուհին:



- Թող գան:



- Բոլորո՞վ:



- Փորձիր մեկ-մեկ ներս թողնել, տես կստացվի՞:



- Չի լինում, Աղվան Վարդանյանը պնդում է…



- Լավ, լավ, մի դիմադրիր… Թող բոլորով գան: Հեղինե ջան, դե դու գնա, հենց որոշեք, լուր տուր:



- Լավ, պարոն Սահակյան:



- Դուք ուրիշ օյին ունեի՞ք մեր գլխին խաղալու, պարոն Սահակյան,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ դեռ չտեղավորված:



- Ի՞նչ է պատահել… Գիտեմ, հիմա ասելու եք՝ մենք 5 հոգի ենք, մեկ կուպե եք տվել…



- Ոչ, Գրիգորիչ, կուպեի հարցը չէ, վագոնի հարցն է:



- Վագոնը ի՞նչ, օդափոխվող, նոր նորոգված վագոն է:



- Պարոն Սահակյան, ես հենց նոր եմ վերադարձել Երկաթգծի կայարանից: Այդ վագոնի բոլոր պատուհանների վրա ակտիվիստները «ոչ» են փակցրել: Մեզ ո՞նց եք պատկերացնում այդ վագոնում,- ասաց Արծվիկ Մինասյանը:



- Հի, հի, հի… դրսից հո չի՞ երեւում, որ դուք այդ վագոնում եք: Քոբուլեթիում իջնենք թե չէ, կառանձնանաք:



- Չի լինի, պարոն Սահակյան: Մենք 25 տարի «այո» ենք ասել, որ հիմա մի քանի ժամվա ճանապարհը «ոչ»-ի վագոնո՞վ գնանք…



- Լավ, ի՞նչ եք առաջարկում: Պարոն Վարդանյան, ՀՀԿ-ի հե՞տ տեղավորեմ ձեզ:



- Ոչ, ՀՀԿ-ի «այո»-ն էլ էն «այո»-ն չէ:



- Բա ի՞նչ անենք:



- Մենք առանձին ավտոշարասյունով կգանք, մեր դրոշներով:



- Է՜է՜է՜, բարդություններ մի ստեղծեք: Ի՞նչ դրոշ, ի՞նչ բան, սահման ենք անցնելու: Լավ, կկարգադրեմ՝ գնացքի վրայից «այո»-ն ու «ոչ»-ը մաքրեն, պրծա՞նք:



- Չէ: Մենք 5 հոգի ենք, իսկ կուպեում 4 տեղ է միայն:



- Էլի նույն հարցը: Էդ անտեր վագոնը ես չեմ արտադրել, որ ֆրակցիաների թվով լինի:



- Բայց «Ժառանգությանը» երկու կուպե եք հատկացրել, արդար չէ:



- Արդար է, արդար: Զարուհին երեխաների հետ է գալիս, իսկ մյուսներն այնքան են ցրիվ եկել, որ հազիվ եմ համոզել մի կուպեում տեղավորվեն:



- Այո, բայց ոչ մեր հաշվին,- միջամտեց Արծվիկ Մինասյանը,- ես նոր եմ վերադարձել Երկաթգծի կայարանից, ուսումնասիրել եմ վագոնը, այնտեղ մի կուպե էլ կա՝ մեկտեղանոց, դա էլ մեզ տվեք:



- Դա պրավադնիկի կուպեն է, չենք կարող, մարդը պետք է մի տեղ ունենա՞, թե չէ:



- Ինչպես ասում եք՝ մի երկու ժամվա ճանապարհ է, թող յոլա գնա,- համառեց Արծվիկը:



- Լավ, լավ, պարոն Մինասյան, ես կզանգեմ պրավադնիկին… Հետո էլ ասում եք՝ մենք կառուցողական ենք…



- Պարոն Սահակյան, Նաիրա Զոհրաբյանն է, Ձեզ է ուզում,- ձայն տվեց քարտուղարուհին:



- Ուրեմն պայմանավորվեցինք: Պարոն Ռուստամյան, կոլխոզում ոչ մի խոսք, որ մի տեղանոց լյուքսը ձեզ ենք տվել…



- Արի, արի, Նաիրա ջան, էս ընդդիմադիրները հոգիս հանեցին, արի, տեսնեմ ի՞նչ ես ասում:



- Ես հենց նոր եմ գալիս կայարանից…



- Սպասիր, սպասիր, բա բարեւ-բարի լույս չկա՞:



- Դուք այնպիսի բան եք արե՞լ, որ մի հատ էլ բարեւ-բարի լույսի հավես մնա:



- Ի՞նչ է եղել:



- Ինչո՞ւ եք ԲՀԿ-ին պլացկարտ վագոններ տվել, իսկ ՀՀԿ-ին ու ընդդիմությանը՝ կուպե:



- Այ, քո հարցի պատասխանը ինքդ էլ տվեցիր: ՀՀԿ-ն իշխանությունն է, ընդդիմությունն էլ՝ ընդդիմությունը: Եթե ջոկողություն անեինք, ԵԱՀԿ-ի դիտորդները մեզ չէի՞ն ասի՝ այս ի՜նչ խտրականություն է:



- Մեզ էլ կուպե տայիք կամ էլ բոլորին՝ պլացկարտ: Մենք Ձեզ համար ի՞նչ ենք, այլընտրա՞նք,- ասաց Նաիրան ու թաշկինակը տարավ աչքերին:



- Լավ, լավ, քեզ հավաքիր, մարդ կմտնի ներս, ես ոչինչ չեմ կարող անել, գնացքի կազմվածքն է այդպիսին, պետք է պլացկարտ վագոններ էլ լինեին: Մի քանի ժամվա ճանապարհ է, յոլա կգնանք, մի հուզվիր:



- Չեմ կարող չհուզվել: Մինչեւ այստեղ գալս զանգահարել եմ պարոն Գագիկ Ծառուկյանին, բացատրել եմ իրավիճակը, լաց եմ եղել…



- Եվ ի՞նչ…



- Եվ այն, որ նա Ձեզ նման ժլատ չէ:



- Հետո՞:



- Հետո էլ այն, որ նա արդեն զանգահարել է «Ռուսական երկաթուղիներ», կարգադրել, որ մեր վագոնները փոխեն հատուկ երկտեղանոց շիկ վագոններով, ռեստորանով, սաունայով, լողավազանով, զուգարանը՝ առանձին, կանայք՝ ջոկ, տղամարդիկ՝ ջոկ, կոնյակը՝ ջոկ: «Ծառուկյան» հիմնադրամն էլ մեզ մարդա 5 հազար դոլար է տվել, որ Քոբուլեթիում սոված չմնանք:



- Էդ ճիշտ ես ասո՞ւմ, թե՞ ինձ ես տրաքացնում:



- Տրաքացնելը Դուք ճանապարհին կտեսնեք: Ծառուկյանը կարգադրել է ամեն մարզում կանգառ կատարել եւ շփվել ժողովրդի հետ: Կտեսնենք, թե ժողովուրդն ում հետ է ավելի շատ շփվում:



- Դուք քաղաքականացնում եք այս միջոցառումը, օրակարգից դուրս բաներ եք անում, ես թույլ չեմ տա հարամել մեր վերջին ամառային արձակուրդը: Ես հիմա կխոսեմ Ծառուկյանի հետ…



- Պարոն Սահակյան, հեռախոսով Երկաթգծի կայարանից կասիրն ա, Ձեզ ա ուզում:



- Ալո, հա, Աշխեն, բարեւ, ո՞նց թե 130 տոմս կա, մենք 131-ի փող ենք փոխանցել: Վարչապետը՝ ի՞նչ: Ուզում է միանա՞լ: Կառավարությունը փող չունի՞, որ մեր հաշվին է գալիս: Չէ, չէ, խնամուն մի անհանգստացրեք: Լավ, մի բան կանենք: Շարմազանովին կուղարկենք մեքենավարի մոտ, մի քանի ժամ է՝ յոլա կգնա…