Այս օրերի մի մոմավառության պատմություն

Այս օրերի մի մոմավառության պատմություն

Սերգո Կարապետյանն ու Տարոն Մարգարյանը մտնում են եկեղեցի մոմ վառելու և Աստծո հետ մենախոսելու: Կանգնում են միմյանցից հեռու, տարբեր սրբապատկերների մոտ:



Սերգո Կարապետյանն սկսում է աղոթել.



-Տեր Աստված, շնորհակալ եմ քո առատաձեռնությունից, սուրբ եղիցի անուն քո, զի ձյուն առաքեցիր մեզ, շատ ձյուն և հառաջիկա տարին խոստանում ես բարեբեր անել, որ ազգս գարնան գալուն պես կանաչ ունենա ուտելու...



Տարոն Մարգարյան.



-Տեր Աստված, մի՞թե քիչ էին այն մոմերը որ քեզ համար վառեցի, և իզուր էին այն աղոթքները, որ ի յերկինս առաքեցի: Ամեն դեպքում՝ սուրբ եղիցի անուն քո, եղիցին կամք քո... Ինչո՞ւ զայրացար և այսքան ձյուն առաքեցիր մեզ և հարամեցիր Նոր տարվա կերուխումը մեր հանապազօրդ: Նայիր ներքև՝ քո արածը քո դուրը եկա՞վ: Չէ՞ որ դու ես ասել, որ բարեգթությունն է ամենամեծ պարգևը, որ գալիս է քեզնից...



Սերգո Կարապետյան.



-Տեր Աստված, ժամանակին հասցրու պտուղներն ու բանջարեղենը, թող ոչ մի ծիրան ճյուղին չմնա առանց քաղելու և ոչ մի խաղողի ողկույզ առանց մթերելու, և ոչ մի լոլիկ առանց արտահանելու, այլ խոսքով, Տեր Աստված, փրկեա զմեզ ի չարէ և մի տաներ զմեզ ի փորձություն... Տեր Աստված, քիչ էր մնում մոռանայի ծնի մասին: Դու հաջող արա մեր ոչխարների և կովերի հղիությունը, ուժ տուր մեր խոյերին ու ցլերին, հավերին այնքան կորով ու հավես՝ որ մեծ-մեծ ձվեր ածեն...



Տարոն Մարգարյան



-Տեր Աստված, իմացար, հավանաբար, որ Արմեն Աշոտյանի ոտքը կոտրվեց իրենց բակում, իսկ Գալուստ առաքյալն էլ մնաց բուքուբորանի մեջ Վարդենիկի կողմերում: Եվ այս ամենը քո աստվածային անփությության պատճառով: Դադարեցրու ձյունը, թե կարող ես և արևոտ օրեր ուղարկիր, այլապես քաղաքապետարանի բյուջեն պրծավ, իսկ ստուգողներն էլ չեն հավատում, որ Մոսկվայի չափ փող ենք ծախսել Երևանը ձյան տակից հանելու համար: Շենգավիթն ու Էրեբունին դեռ ձյան հաստ շերտի տակ են: Այդ վարչական շրջանների ղեկավարներն արդեն աթեիստ են դարձել, իսկ Մասիվն էլ քիչ էր մնում անկախանար Երևանից: Տեր Աստված, էլ մի տաներ զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ ի չար աչքե գյուղնախարարության մասնագետների և մանավանդ քո ծառա Սերգո Կարապետյանի:



Սերգո Կարապետյան.



Տեր Աստված, այս օրերին կգտնվեն մարդիկ Երևանի քաղաքապետարանից, որ կխնդրեն քեզ այլևս ձյուն չուղարկել: Մի լսեր նոցա և մանավանդ Տարոն Մարգարյանին, զոր կերազե ձյուն չտեսնել և թիակ ու ցախավել ձեռքը չառնել, որ կսիրե արտասահմանից բերած պես-պես մեքենաներով քստքստացնել փողոցները և ջուր ցանել: Ականջալուր եղիր աղաչանքիս և առատ արա ձյունն այս բարեբեր, զի քո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենից... Ամեն:



Տարոն Մարգարյան



-Տեր Աստված, եթե մի անգամ էլ նման բան անես, ես ստիպված կլինեմ Չինաստանից մեեեեծ հովանոց բերել և քաղաքաիս վրա պահել: Էլ չեմ նայի, որ սիրուն չի: Հուսամ՝ իրար հասկացանք, և մի դրդիր զմեզ վճռական քայլերի, քանզի մի քիչ էլ մենք ունենք էդ արքայությունից և զորությունից և փառքից հավիտյանս հավիտենից... Ամեն:



Եկեղեցու դռան մոտ Տարոն Մարգարյանն ու Սերգո Կարապետյանը կրկին հանդիպում են ու սկսում են հետ-հետ քայլել, որ դուրս գան: Արդեն դրսում Տարոն Մարգարյանը նկատում է.



-Պարոն Կարապետյան, չեմ համարձակվում հետաքրքրվել, թե ինչ եք խնդրել Աստծուց, բայց գլխի եմ ընկնում:



Կարապետյանը՝ ժպտալով.



-Դուք ճիշտ եք, պարոն Մարգարյան: Եթե տեսնեք՝ անկեղծ ցավակցություններս փոխանցեք նաև Արմեն Աշոտյանին և Գալուստ առաքյալին: Օ~, այս ի՞նչ է: Մեր ուսերին ձյան փաթիլներ ընկան... Աներևակայելի է, Աստված լսեց մեզ, սիրելի Տարոն:



Էդիկ Անդրեասյան