Ռուսներին մերոնք նեղեցին կամ գոնե փորձեցին նեղել

Ռուսներին մերոնք նեղեցին կամ գոնե փորձեցին նեղել

Հայաստանում աննախադեպ երեւույթներ են տեղի ունենում՝ ռուսների հետ մեր իշխանությունները, քիչ է, որ հայերեն են խոսում, դեռ մի բան էլ քլնգում են։ Թող զարմանալի չթվա, բայց երեկ այսօրինակ բացառիկ երեւույթ է տեղի ունեցել հայրենի խորհրդարանում, որտեղ վաղ առավոտից ընթանում էր ՀՀ եւ ՌԴ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը։ Նման բան դեռ երբեւէ տեղի չէր ունեցել, երբ ազգովի՝ Հանրապետականն էլ հետներս, քննադատեինք մեր բարեկամ ու դաշնակից ռուսներին։ Ինչքան հասկացանք նիստից դուրս եկած պատգամավորների խոսքից՝ մերոնք միահամուռ ուժերով մի լավ նեղել են ռուս պատգամավորներին։ Հիմնականում քննադատության առարկան եղել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարություններն ու տարածաշրջանում ռազմական վիճակին Ռուսաստանի լուռ աջակցության հարցը։ 



Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են զինուժ, ծանր հրետանի եւ զրահատեխնիկա, այդ թվում՝ նաեւ ՌԴ-ից ձեռք բերված «Սմերչ» եւ ՏՕՍ-1 համակարգեր: 1994-ի զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չէին իրականացվել: Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ Հայաստանի եւ, առհասարակ, ՀԱՊԿ-ի համար: Եթե այսօր չկարողանանք ճիշտ գնահատել սպառնալիքները, վաղը հնարավոր է ունենանք տարածաշրջանի համար անկանխատեսելի եւ անդառնալի հետեւանքներ. այսպես է հյուրերին ողջունել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։



Երեկոյան արդեն ռուս պատգամավորներն ասուլիսանման մի բան արեցին՝ պատասխանելով հայ լրագրողների հարցերին։ «Հրապարակը» հստակ հարց ուղղեց. «Արդյոք տնտեսական համագործակցությունը, որով դուք արդարացնում եք Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, կարո՞ղ է փոխհատուցել այն անմեղ մարդկանց արյունը, որը թափվեց այս օրերին «բարեկամ» Ռուսաստանի վաճառած զենքի կրակոցների արդյունքում»: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը, պատասխանելով մեր հարցին, ասաց. «Պետությունների միջեւ զենքի առքուվաճառքը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է եւ ոչ մեկի չի զարմացնում: Դա ավելի շատ տնտեսական, քան քաղաքական հարց է: Ադրբեջանը, բացի ռուսական զենքից, գնում է նաեւ իսրայելական, ուկրաինական զենք: Եթե Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, ապա անմիջապես այդ տեղը կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը, իսկ այդ զենքն ավելի մահաբեր ու սարսափելի կլինի: Ես ցանկանում եմ ընդգծել, որ կրակում է ոչ թե զենքը, այլ մարդը: Դրա համար հարկավոր է աշխատել քաղաքական գործիչների հետ, հասարակությունների հետ, եւ այդ դեպքում ոչ ռուսական եւ ոչ էլ այլ երկրի զենքը չի կրակի: Դրա համար դուք մոլորության մեջ եք, որ եթե լինի ոչ թե ռուսական, այլ եվրոպական զենք, այն չի կրակի: Այն կկրակի ավելի մեծ ուժով»։ Ռուս պատգամավոր Ալեքսեյ Կոնդրատեւն էլ հավելեց. «Բոլոր երկրները ելնում են նրանից, որ պետության ազգային անվտանգության համար պետք է ստեղծվեն զինված ուժեր, դրա համար մենք չենք կարող ընդհանրապես հրաժարվել զենքից: Սակայն մեր քաղաքական ուժը կայանում է նրանում, որ ստիպենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զենքը կիրառել ագրեսիվ նպատակների համար, հրաժարվեն դրանից»։



Մեր դիտարկմանը, թե իրենք, սակայն, չստիպեցին Ադրբեջանին հրաժարվել այդ զենքը կիրառելուց, Կոնդրատեւն այսպես արձագանքեց. «Մեր նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններ է վարել, ինչի արդյունքում քառօրյա պատերազմն ավարտվել է: Մենք պետք է հասկանանք, որ այս ամենի հետեւանքները կարող էին ավելի ծանր լինել»։ Կոնդրատեւը նաեւ հատուկ շեշտադրմամբ ընդգծեց, որ պետք չէ հակառուսական տրամադրություններ բորբոքել Հայաստանում, որ Ռուսաստանն ու Հայաստանը ոչ միայն մտերիմ, այլեւ եղբայրական երկրներ են, եւ իրենք կողմ են, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։ Իսկ այն, թե արդյոք իրենց արդարացումները՝ տնտեսական համագործակցության կոնտեքստում, կարո՞ղ են փոխհատուցել այդ զենքով սպանած անմեղ մարդկանց կյանքերը, որեւէ մեկը հստակ պատասխան չտվեց։



Առհասարակ, զգացվում էր, որ ռուս պատգամավորներին բավականին նեղել էին իրենց հայ կոլեգաները։ Կորյուն Նահապետյանը մեզ ավելի վաղ ասել էր, որ ընդհանուր առմամբ նրանց կողմից կար ընկալում հայկական կողմից բարձրացված խնդիրների շուրջ, թեեւ եղել են նաեւ հակառակ կարծիքներ։ Իսկ նրանք, ովքեր ցույց են տվել, թե համաձայն են հայերի հետ, հասկանում են խնդրի բարդությունը հատկապես Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, այդուհանդերձ, հստակ չեն հայտարարել, որ՝ այո, դա սխալ է։ Նրանք նաեւ խուսափել են Ադրբեջանին ագրեսոր անվանել կամ նմանատիպ այլ հստակ ու հասցեական գնահատականներ հնչեցնել։ Հարցը լղոզել են հերթապահ հայտարարություններով։
Հարց հնչեց նաեւ Մեդվեդեւի հայտարարության վերաբերյալ, երբ ասել էր, թե այսօր անհնար է թաքցնել որեւէ բան, քանզի ամեն ինչ տեսահսկվում է արբանյակներից, այդ թվում՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում զորքերի տեղաշարժը։ Չեկալինը, հակառակ իրենց երկրի վարչապետի հայտարարության, այս տեսակետը հարուստ երեւակայություն որակեց։



Ի դեպ, նիստի վերջում նախատեսված էր նաեւ միասնական հայտարարության տեքստ հրապարակել՝ որպես այդ հանդիպման հիմնական արդյունք։ Սակայն հայտարարության տեքստը չեն ստորագրել, քանզի ռուսները ժամանակ են խնդրել՝ հայկական կողմի հետ քննարկելու, միասին մշակելու, համաձայնության գալու ամեն տողի հետ կապված։ Երեւի պետք է ուղարկեն տեքստը Մոսկվա, այնտեղից «դաբրոն» ստանան, նոր։
Մեր հարցին՝ հիմնական շեշտադրումները որո՞նք են լինելու տեքստում, Նահապետյանն ասաց, որ բոլոր մանրամասներն այս պահին չեն կարող հրապարակել։ «Բնականաբար, տեքստը պարունակելու է նաեւ բոլոր այն մտահոգությունները, որոնք քննարկել են համատեղ նիստի ընթացքում, տրվելու են կոնկրետ գնահատականներ, նաեւ տեքստում լինելու են առաջարկություններ՝ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակն առավել ապահով պահելու եւ մեր անվտանգության համակարգն ամրապնդելու ուղղությամբ»,-ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ