Գառնիկ Իսագուլյանն այս պահին սահմանին է, իսկ մենք զանգել «Քոչարյանի տան վրա ինչ-որ բան եք հարցնում»

Գառնիկ Իսագուլյանն այս պահին սահմանին է, իսկ մենք զանգել «Քոչարյանի տան վրա ինչ-որ բան եք հարցնում»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա ինչ-որ մեկը մի ստից նռնակ է նետել։ Նռնակը չի պայթել, քանզի այն ուսումնական է եղել։ Երևի նռնականետման ուսումնավարժական պարապմունքներն այսուհետ Քոչարյանի տան տարածքում են անցկացվում։ Քոչարյանի բախտը այս հարցում կրկնակի բերել է՝ նա և՛ տանը չի եղել, և՛ նռնակն է խաղալիք եղել։ Բայց այդ մի խաղալիք նռնակն իսկական պայթյուն ու իրարանցում է առաջացրել Ֆեյսբուքում։



Այս հարցով Hraparak.am-ը զանգահարեց Քոչարյանի կառավարման տարիներին նրա անվտանգության հարցերով խորհրդական աշխատած Գառնիկ Իսագուլյանին։ Մտածեցինք՝ դե, գուցե անհանգստացած կլինի ՀՀ երկրորդ նախագահի երբեմնի խորհրդականը, որ իր երբեմնի ղեկավարի անվտանգությանը նման «լուրջ» սպառնալիք է հասցվել երեկ։



Բայց, պարզվեց, Իսագուլյանին ոնց որ թե չէր հետաքրրքում այդ թեման, քանզի նա էլ, Քոչարյանի նման, երկրում չէ այս օրերին։ Բայց եթե Քոչարյանը շատ ավելի անվտանգ ու ապահով վայրում է՝ Մոսկվայում, ապա նրա՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդականը անհամեմատ ավելի վտանգավոր վայրում է՝ սահմանին, թշնամու իրական նռնակների պայթյունի վտանգի տակ (ըստ իր խոսքերի, իհարկե)։



«Լավ էլի, ես հիմա սահմանի վրա եմ, Դուք ինձ Քոչարյանի տան վրա ինչ-որ բան եք հարցնում, չի կարելի...»,-ասաց նա։



Բայց, քանի որ զանգել էինք, ինքն էլ սահմանին էր, որոշեցինք գոնե հարցնել՝ սահմանին ինչպե՞ս է վիճակը հիմա։ «Ամեն ինչ նորմալ է»,-ասաց Իսագուլյանն ու անջատեց հեռախոսը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ