ՀՀԿ-ի «80-ականների զենքերը» (ֆոտոշարք)

ՀՀԿ-ի «80-ականների զենքերը» (ֆոտոշարք)

Այս շքեղ ու մեկը մեկից թանկարժեք ավտոմեքենաները իրար գլխի են հավաքվել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց, քանզի այստեղ են նրանց տերերը։ Այս պահին ՀՀԿ-ում կուսակցության խորհրդի նիստ է ընթանում։ Անսպասելի այս հավաքը, ինչպես տեղեկացանք, նվիրված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձությունների քննարկմանը։ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, թերևս, մեր սպառազինության, ունեցած ու չունեցած զինատեսակների, 80-ականների զենքերի մասին էլ կխոսի։



Եվ մինչ նրանք կքննարկեն այդ թեմաները, Hraparak.am-ը որոշեց ֆոտոշարք անել ու ցուցադրել ՀՀԿ-ականների անձնական օգտագործման «80-ականների զենքերը»՝ այն շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաները, որոնց գնով, վստահաբար, հնարավոր էր մեր բանակը որոշ չափով համալրել նոր սերնդի զենքերով։



Օրինակ՝ 70 QQ 007 համարներով Mercedes S63 AMG ներկայացուցչական դասի սեդանը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի ավտոմեքենան է։ Այն վերջին սերնդի S-Class է, բայց հասարակներից չէ, ավելի հզոր շարժիչով է և AMG սպորտային փաթեթով։ Ստանդարտ տարբերակից այս S-Class-ը նկատելիորեն թանկ արժե։ Դրա շուկայական գինը միջինը 200 հազար դոլարի սահմաններում է։ Այլ հարց է, թե նախագահի եղբայրը դրա համար որքան է վճարել կամ վճարե՞լ է, առհասարակ, թե՞ ոչ։



Դրա կողքը կանգնած է 005 UU 01 նախագահական համարներով մեկ այլ վերջին սերնդի S-Class: Սա էլ, մեր տեղեկություններով, ՊԵԿ նորանշանակ ղեկավար, նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանինն է: Պետեկամուտների կոմիտե տեղափոխվելուց հետո Հովսեփյանը, ինչպես տեսնում ենք, նախագահական համարանիշերը չի հանձնել: Նրա մեքենան, իհարկե, նախագահի եղբոր Mercedes S63 AMG-ին չի հասնի՝ մի փոքր ավելի էժան է և S-Class-ի բազային մոդիֆիկացիաներից է՝ միջինը 100-120 հազար դոլար արժողությամբ։



Նախագահական համարանիշերով (088 UU 01) նմանատիպ S-Class-ով է երթևեկում ու ՀՀԿ նիստերին գալիս նաև ՀՀԿ-ական պատգամավոր, «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։ Նա էլ ժամանակին նախագահի աշխատակազմի ղեկավարն է եղել, բայց պատգամավոր դառնալուց հետո կրկին չի հանձնել իրեն տրամադրված նախագահական համարները: 



Հիմա պատկերացնու՞մ եք՝ միայն այս երկու-երեք շքեղ մեքենաների արժեքով ինչ զենքեր կարելի էր գնել մեր բանակի համար։



Ս․ Սարգսյանի և Հ․ Հովսեփյանի մեքենաների կողքը կանգնած 012 օօ 01 պետհամարանիշով «խեղճ ու կրակ» Nissan Sintra-ն էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ծառայողական ավտոմեքենան է։ Այն իր հարևանությամբ կայանած S-Class-ներից մոտ տասն անգամ էժան է։ Ուստի դրա գնով նորմալ զենք հազիվ թե գնեն բանակի համար, բայց զինվորների համար կարող են, օրինակ, մի օր լավ խնջույք կազմակերպել կամ նոր հագուստ գնել։ Ի դեպ, այսպիսի Nissan-ներ հատկացված են նաև ԱԺ ԲՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցություններին։



Թանկարժեք մեքենաների շարքից է նաև 001 օօ 11 պատգամավորական համարներով այն ներկայացուցչական BMW 750-ը, որը պատկանում է Տարոն Մարգարյանի աներորդուն՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին։ 



51 AS 500 համարներով նորագույն Toyota Camry-ն էլ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանինն է, ով զրկվեց իր շքեղ Touareg-ից, երբ զրկվեց ԿԳ նախարարի պաշտոնից։ Այն շատ թանկարժեք չէ՝ միջինը 45 հազար դոլար, բայց որ գումարենք վերևի Mercedes-ների արժեքին, հաստատ ահագին կավելացնի մեր չգնած զենքերի գումարը։ Մեր նախարարներից մեծ մասին էլ այսպիսի կամ սրանից մի երկու տարի հին Camry-ներ են սպասարկում։ ՀՀԿ-ականների «զինանոցը», բնականաբար, այսքանով չի սահմանափակվում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ