Սասուն Միքայելյան, Արթուր Միսակյան և Արամ Դանիելյան. այսօրվա «երեկոյի աստղերը»

Սասուն Միքայելյան, Արթուր Միսակյան և Արամ Դանիելյան. այսօրվա «երեկոյի աստղերը»

Այսօր Հայաստանի մի շարք մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք և Վայոց ձոր, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սպասվում է, որ ամենաթեժ կենտրոնը Հրազդանում է լինելու, այս քաղաքում պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը, նորաստեղծ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչն ու հին ու «բարի» ՀՀԿ-ական քաղաքապետը, այլ կերպ ասած` առաջիկա խորհրդարանական ընտրությունների պայքարն այստեղով մեկնարկում է:  Սասուն Միքայելյան, Արթուր Միասակյան և Արամ Դանիելյան. այսօրվա «երեկոյի աստղերն» են:



Ի դեպ, նախընտրական պայքարը բավականին ինտրիգային սկիզբ ունեցավ, նույնքան էլ ինտրիգային ավարտ: «Առաջին հարվածը» գործող քաղաքապետ Արամ Դանիելյանինն էր, ով հայտարարություն տարածեց, թե Նիկոլ Փաշինյանը ճնշում է գործադրում դպրոցի տնօրենների վրա: Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր այս հայտարարությանը` նշելով, որ տնօրենների հետ քննարկել է դպրոցները ընտրական և քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճնշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։ Մի քանի օր առաջ էլ նույն հարցը քննարկել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Այնուհետեւ պարզվել էր, որ ընդդիմադիր պատգամավորին հետեւել են` տեսանկարահանելով նրա այցելությունը դպրոցներ: Սրա առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին` պահանջելով պարզել, թե ովքե՞ր են հետեւել եւ ինչո՞ւ են դա արել գաղտնի: զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը, արդյոք Հրազդանում կամ Երեւանում իր տեղաշարժերին հետեւո՞ւմ են, եթե այո՝ ովքե՞ր են հետեւող անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում:



Ինտրիգներն այսքանով չէին ավարտվել, ՔՊ-ն այս ընթացքում ընտրակաշառքների հետքերով ինֆորմացիներ էր հրապարակում: Նույնիսկ օրերս Արամ Դանիելյանի շտաբում հրմշտոց էր եղել: Երեկ էլ ընտրական քարզարշավի ժամանակ ՔՊ ներկայացուցիչ Վիլեն Գաբրիելյանն էր պիկետ իրականացրել: Ի դեպ տեղեկացնենք, որ Սասուն Միքայելյանն այս օրերին Արցախում է գտնվում, թեպետ օրերս վերադարձավ մեկ օրով հրազդացնիների հետ հանդիպելու համար: Վերջինիս քարոզարշավը վստահել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Այս բոլոր ինտրիգներից դուրս էր մնում միայն «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը:  



Անդրադառնալով Սպիտակի ընտրություններին,նշենք, որ այստեղ պայքարելու են 2 թեկնածու՝ ներկայիս քաղաքապետ ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը, նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը՝ Լոռու ներկայիս փոխմարզպետներից մեկը: Մի պահ քաղաքապետ դառնալու ամբիցիաներ ցույց տվեց քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ապա հրաժարվեց:



Թալինում պայքարելու են համայնքի ղեկավար Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Գուրգեն Գրիգորյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը, ով ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակներում էկոնոմիկայի նախարար նշանակված Արծվիկ Մինասյանի «բաջանաղն» է: 



Իսկ ահա ավելի փոքր համայնքներում գործում է հին ու բարի մեթոդը՝ ոչինչ տեղի չի ունենում: