Աղան բարկացել է

Աղան բարկացել է

Մեր տեղեկություններով` «Հրազդան ցեմենտի» 500 միլիոն դրամ պարտքերի ներման քվեարկության «պատկերն» ահավոր զայրացրել է բարձր իշխանությանը: Բանն այն է, որ երկու ընթերցում անցած օրինագծի «մուտքն» ԱԺ մեկընդմիշտ որոշված է եղել, եւ խնդիր չէր կարող լինել երրորդ ընթերցման ժամանակ, սակայն վերջին պահին խաղը փոխվել է. խորհրդարանի ղեկավարությունը տեղյակ է պահել այդ մասին «վերին» ղեկավարությանը, այնուհանդերձ, մեկ ձայն չի բավականացրել օրինագծի ընդունման համար: Երեկ բոլորը գլուխ էին կոտրում` հասկանալու, թե Արծվիկ Մինասյանի, այն է` Դաշնակցության նախարարության ներկայացրած օրինագծի քվեարկության ժամանակ ինչու էր ՀՅԴ-ից ընդամենը 1 պատգամավոր` Կարեն Շախմուրադյանը նստած դահլիճում, որն էլ առանձնապես մեծ կապ չունի ՀՅԴ-ի հետ (հնարավոր է՝ տեղյակ չէին, որ ՀՅԴ 3 պատգամավորներ այս օրերին Վրաստանում էին՝ միջխորհրդարանական հանդիպումների), եւ ինչու Կարեն Կարապետյանը դեմ քվեարկեց, երբ առաջին երկու ընթերցումներին կողմ էր քվեարկել, իսկ այդ պահին Հովիկ Աբրահամյանի «հավատարիմ մարդ» համարվող Վարդան Այվազյանը դահլիճում չէր, այլ «գնացել» էր կառավարություն: Ինչո՞ւ Վահրամ Բաղդասարյանի` երկուշաբթի օրը վարած ՀՀԿ ֆրակցիայի նիստի ժամանակ որեւէ խոսք չի եղել այդ օրինագծի մասին, եւ այդպես շարունակ: Ըստ մեր աղբյուրների, «Սերժ Սարգսյանը նույն օրը հասկացրել է ՀՀԿ-ականներին, որ այլեւս չի հանդուրժելու խաղեր տալը, եւ հենց այդ հարցի առնչությամբ էր ՀՀԿ պատգամավորներին եւ կառավարության ներկայացուցիչներին կանչել ՀՀԿ գրասենյակ՝ «ականջքաշման», տեղեկացրեց մեր աղբյուրը: Եվ ոչ միայն. նաեւ ԸՕ-ի «մասով», որպեսզի մեկ էլ «ուղտի խաղը կամրջին չբռնի», քանի որ որոշ ուժեր մտադիր են ձախողել ԸՕ-ն մինչեւ հունիսի 1-ն ընդունելու հարցը, որպեսզի սահմանադրական ճգնաժամ առաջանա: