Կոնսենսուսը ցանկալի է, բայց նոր զիջումների չեն գնա

Կոնսենսուսը ցանկալի է, բայց նոր զիջումների չեն գնա

Ազգային ժողովը երեկ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Կոնսենսուս, փաստորեն, կրկին չկա։ Մինչդեռ իշխանություններն ամեն գնով փորձում են հասնել այդ բաղձալի համախմբմանը, որպեսզի ցույց տան, որ ԸՕ նախագիծն ընդունվեց կոնսենսուսով։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես է վերաբերվում ընդդիմությունն այս նախագծին եւ ինչ կարծիքի է կոնսենսուսի մասին։



Նախագծին դեմ քվեարկած անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին չեն բավարարում այս փոփոխությունները, որ կատարվել են առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմի ընթացքում։ Նա իր մտահոգություններն ունի, քանզի կարծում է, որ նույնիսկ մաքրագույն ընտրությունների դեպքում այս ԸՕ-ն հնարավորություն չի տալիս հավասար պայմաններում ընտրություններ անցկացնելու առումով։ Նա 3 սկզբունքային դրույթ նշեց, որոնք չեն փոփոխվել՝ 97-րդ հոդվածը, ցուցակում համամասնությունը, նաեւ ցուցակների մաքրումը։ Ըստ նրա՝ կարելի է 50 կետում համաձայնության գալ, բայց առանցքային դրույթներ կան, որ ընտրության ամբողջ փիլիսոփայությունն են փոխում։ Այս առումով՝ իրենց կողմից կոնսենսուս չի ապահովվի։



Ստեփան Մարգարյանը նույնպես դեմ քվեարկողներից էր։ Ըստ նրա՝ իշխանությունն ամենակարեւոր հարցերում զիջումների չի գնացել, ուստի մյուս հարցերում զիջումներն իրենց չեն բավարարել։ «Մենք մի քանի կարեւոր բան ենք հայտարարել, որ մեզ համար սկզբունքային են, դրանք չեն կատարվել։ Օրինակ՝ ռեյտինգային ընտրակարգը, որ պետք է հանվի, մնա միայն համամասնականը, մյուսը կոալիցիաներ կազմելու սահմանափակումն է։ Մենք կողմնակից ենք, որ ինչքան ուժեր կան, թող կազմեն, եթե ուզում են։



Պառլամենտարիզմը ենթադրում է դրանք, ենթադրում է նաեւ ճգնաժամեր։ Դա պառլամենտարիզմի ատրիբուտ է»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է կոնսենսուսի ձեւավորմանը, Մարգարյանը նկատեց, որ նախ պետք է պայմանավորվել, թե կոնսենսուսը որն է։



Կոնսենսուսի գլխավոր մասնագետ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բացատրեց, թե կոնսենսուսը որն է․ «Էդ կոնսենսուսի ձեւաչափն էլ ենք ստեղծել՝ «4+4+4», որը բոլորն էլ ընդունում են, ու լրիվ բավարար է։ Ես չեմ կարծում, որ էդ ձեւաչափով ընդունված համաձայնությունն ինչ-որ փոքր ուժեր մերժեն»։ Իշխանությունը լրջորեն հավաստիացնում է, որ ինքը ցանկանում է հասնել կոնսենսուսի։ «Ի վերջո, եթե կոնսենսուսը չկայանա, դա մենք չէ, որ կորցնելու ենք։ Կորցնելու են բոլորը՝ Հայաստանն է կորցնելու, իշխանություններն են կորցնելու»։



Այդուհանդերձ, հիմա իշխանություննե՞րն են փորձելու իրենց համոզել, որ կոնսենսուսի գան իրենց կատարած զիջումներին, թե՞ ընդդիմությունն է շարունակելու պնդել, որ ընդառաջ գնան իրենց հիմնական պահանջներին։ Զուրաբյանն ասաց, որ առկա զիջումներն ընդունելի չեն իրենց համար, եւ իրենց հուզող բոլոր հարցերով որեւէ բան արտացոլված չէ ներկա օրենսգրքում, բայց իրենք առանցքային պահանջներ ունեն։ «Բայց Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե երրորդ ընթերցմամբ էլ ընդունվի առանց կոնսենսուսի, բայց դրանից հետո իրենք, այնուամենայնիվ, գան կոնսենսուսի, իրենք պատրաստ են փոխել ընդունված օրենքը»,-հիշեցրեց Զուրաբյանը։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ նախ «կոնսենսուս» բառը մենք սխալ ենք օգտագործում, կոնսենսուս լինում է, երբ բոլորը կողմ են։ Բայց կարող է նաեւ լինել լայն կոնսոլիդացիա։ «2-3 քաղաքական ուժը նույնպես կոնսոլիդացիայի մասին է խոսում։ Բայց ցանկալի կլինի, որ նմանատիպ փաստաթուղթը, որի վրա գիշեր-ցերեկ աշխատել են, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները, ցանկալի կլինի ընդունվի կոնսենսուսով»,-ասաց նա՝ նշելով, սակայն, որ դա իրենց համար գերնպատակ չէ, ուղղակի ցանկալի է։ Մեր հարցին՝ իրենք նպատակ ունե՞ն միջազգային հանրությանը ցույց տալ, որ Ընտրական օրենսգիրքը կոնսենսուսով ընդունվեց, Բաղդասարյանն ասաց․ «Մենք նման նպատակ չունենք։ Մենք ինչ ունենք, այն ունենք։ Համենայնդեպս, մենք արել ենք առավելագույնը, որպեսզի Ընտրական օրենսգիրքն ունենանք այնպիսին, որ խոչընդոտող հանգամանք չհանդիսանա ընտրությունների ժամանակ»։ Իսկ եթե կոնսենսուսով չընդունվի օրենսգիրքը, սա կարո՞ղ է «չեպե» հանդիսանալ միջազգային հանրության աչքին։ Բաղդասարյանը թեպետ նշեց, որ նմանատիպ խնդիր չկա, բայցեւ նկատեց, որ ֆինանսավորման հարցում կարող է դա պատճառաբանություն լինել, որ միջազգային կառույցները չֆինանսավորեն, օրինակ, տեսանկարահանման կամ այլ տեխնիկական հարցերի իրականացման համար։



Ի վերջո, իրենք պատրա՞ստ են գնալ լրացուցիչ զիջումների մինչեւ երրորդ ընթերցում, մասնավորապես, ընդդիմության ներկայացրած սկզբունքային պահանջների հարցում։ «Չեմ կարծում․․․ Առանցքային հարցերում որքան հնարավոր է, այդքան մոտեցումները ձեւավորվել են։ Եվ այդ առաջընթացն իրենք պետք է նկատեն»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ