Հավասարներն ու անհավասարները

Հավասարներն ու անհավասարները

Պարզվում է` Վազգեն Սարգսյան փողոցում վեր հառնած կառավարության նոր մասնաշենքը, որը կառուցվել է ԱԳՆ շենքի «վաճառքի» գումարներով, նախատեսված է եղել ոչ թե մշակույթի, սփյուռքի, կրթության նախարարությունների համար, այլ ԱԳՆ-ի հարեւանությամբ իրենց համեստ գոյությունը «քարշ տվող» տարածքային կառավարման ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների, որոնք գտնվում էին գրեթե «սովետական», չվերանորոգված պայմաններում: Բայց քանի որ հայոց մեջ նախարարները եւս հավասարներ են հավասարների մեջ, ապա որոշվել է նրանց տարհանել դեպի շքեղ ապարտամենտ, բայց զետեղել նույն շենքում։ Իսկ առավել «ներկայացուցչականներին» ու սիրելիներին, այդ թվում՝ հատկապես արդարադատության նախարարությանը, տեղակայել մի քանի հարկանի առանձին շենքում: Բայց «ներկայացուցչականների» շենքում եւս հավասարների մեջ կա անհավասարություն. ի տարբերություն տիկին Հրանուշի եւ տիկին Հասմիկի, որոնց առաձնասենյակները հսկայական ապարտամենտներ են, 8-րդ հարկում զետեղված, Աշոտյանից մնացած` վարդագույնից կաթնագույնի վերածված ԿԳ նախարարի աշխատասենյակն անչափ փոքր է, չնայած բավականին հարմարավետ: