Միլիտարացվում եք, որ ի՞նչ անեք

Միլիտարացվում եք, որ ի՞նչ անեք

Հայաստանն Իսրայելի հետ համեմատելը կարեւոր է նրանց համար, որոնք քաղաքական հետաքրքրություն, պատասխանատվություն եւ ազգային իդեալ ունեն, չեն մտածում միայն ժողովրդին թալանելու մասին եւ չեն վախենում ազատությունից: Ի վերջո, երկրների համեմատությունը կարող է զարգացման տեսլական ստեղծել, եթե, իհարկե, արդյունքում համապատասխան հետեւություն արվի, եւ քայլեր ձեռնարկվեն:



Հայաստանը գյուղատնտեսությունը զարգացնելու առարկայական առավելություն եւ ավելի մեծ ներուժ ունի, քան Իսրայելը: Ի տարբերություն Իսրայելի անապատների, Հայաստանը հարուստ է բերրի հողերով, բնակլիմայական պայմաններն ավելի բարենպաստ են: Սակայն Իսրայելում գյուղատնտեսությունն ավելի շահութաբեր է, քան Հայաստանում: Անապատային Իսրայելում ոռոգման խնդիր չկա, իսկ Հայաստանում գյուղացիներին ջուր չեն տալիս: Իսրայելին ոչ ոք չի պարտադրում գյուղմթերքն արտահանել միայն մեկ երկիր: Եթե Հայաստանն արտահանում է մեծ մասամբ Ռուսաստան, ապա Իսրայելը գյուղմթերք է արտահանում ոչ միայն եվրոպական, այլեւ աֆրիկյան եւ արաբական երկրներ:



Լանդշաֆտներով ու պատմամշակութային հուշարձաններով հարուստ Հայաստանն անհամեմատ զիջում է նաեւ տուրիզմի ասպարեզում: Հայաստանն աշխարհին ներկայացվում է անաքրոնիկ չափանիշներով, ինչի հետեւանքով այն ընկալվում է որպես անկախ երկիր, բայց ռուսական գաղութ: Այս սյուրռեալիստական հետաքրքրությունը գրավում է սահմանափակ թվով մարդկանց: Հարկավոր է այնպես անել, որ հավանական զբոսաշրջիկը, այստեղ գալով, գտնի համաշխարհային մշակութային նշանակություն եւ արժեք ունեցող բաներ, որոնք հայ մարդն ստեղծել է մարդկության զարգացման, առաջընթացի, աշխարհի, տիեզերքի հետ ներդաշնակության հասնելու համար: Այս ուղղությամբ ոչինչ չի արվում: Նույնը չի կարելի ասել Իսրայելի մասին: Այդ երկրում տուրիզմն իրապես զարգացավ անկախանալուց հետո, երբ հրեան պատշաճ կերպով ներկայացրեց իր մշակութային-քաղաքակրթական դիրքորոշումն ու արժեքները եւ կյանքի գնով պայքարեց դրանց պաշտպանության համար:



Համեմատությունը մեր օգտին չէ նաեւ դեմոգրաֆիայի հարցում: Իսրայելը 50 տարում բնակչության թիվն ավելացրեց 6,1 մլն.-ով, իսկ Հայաստանի բնակչությունն անկախանալուց հետո նվազեց: Իսրայելում գործում են ներգաղթի գրասենյակներ, ամեն ինչ արվում է ներգաղթ կազմակերպելու համար: Հայաստանում ամեն ինչ արվում է արտագաղթը խթանելու համար: 2 հազար տարի պետություն չունեցող եւ պետական մտածողությունը վաղուց կորցրած հրեան անկախանալուց հետո ազգ դարձավ, իսկ հայը փախչում է հայրենիքից եւ գերադասում ներդրում անել Ռուսաստանում, Բելառուսում, պանամական օֆշորներում, որովհետեւ Հայաստանի հետ ընդհանրություն չի զգում:



Այս ամենը շրջանցելով եւ համեմատություններից դասեր չքաղելով՝ այժմ շրջանառվում է Հայաստանի միլիտարացման գաղափարը. իբր պատերազմի պայմաններում, թշնամիներով շրջապատված երկրի բոլոր կառույցներն ու ենթակառուցվածքները պետք է ռազմական տրամաբանության եւ պատրաստության բերվեն, բոլոր քաղաքացիները պետք է զինծառայություն անցնեն եւ այլն: Զավեշտն այն է, որ օրինակ է բերվում կրկին Իսրայելը՝ հաշվի չառնվելով, որ Իսրայելը միլիտարացմանը զուգահեռ ակտիվ զարգացնում է ՏՏ ոլորտը, արտադրությունն ու արտահանումը, տուրիզմն ու գիտությունը, մշակույթն ու քաղաքական համակարգը: Կարծիք կա, թե, Հայաստանի միլիտարացմանը զուգահեռ, Հայաստանը նույնպես կարող է զարգանալ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ միլիտարացվել կարող է բռնապետությունը կամ աշխարհի համար օրինակելի իդեալ ունեցող պետությունը: Հայաստանը չի կարող շեղվել ժողովրդավարական ուղուց, ինչպես նաեւ՝ աշխարհին ու մարդկությանը ոչինչ չի պատրաստվում նվիրել: Այդ պատճառով Հայաստանը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չի կարող միլիտարացվել:



Հակոբ ՄԿՐՏՉՅԱՆ
Շուկայագետ, բիզնես վերլուծաբան