Քոչարյանը գիշերը մեկնել է Հայաստանից

Քոչարյանը գիշերը մեկնել է Հայաստանից

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայանում: Հետաքրքիր է, որ այս լուրը ստանալուն պես լրատվամիջոցներում տարածվեց երկրորդ լուրը, թե Ֆրանսիայում ծնվել է Քոչարյանի որդու` Լեւոն Քոչարյանի եւ երգչուհի Սիրուշոյի երկրորդ որդին:



Կարելի էր մտածել, թե երկրորդ նախագահը շտապել է Ֆրանսիա՝ շնորհավորելու որդուն եւ հարսին եւ օր առաջ տեսնելու 5-րդ թոռանը: Բայց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հրապարակին» փոխանցեց, որ Քոչարյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի շաբաթ օրը կայանալիք նիստին: Հիշեցնենք, որ Քոչարյանը «Սիստեմայի» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է ընտրվել 2009թ, պատասխանատու է «Սիստեմայի» կորպորատիվ կառավարման համար, ինչպես նաեւ համակարգում է աշխատողների նշանակումները եւ պարգեւատրումները։



Ինչ վերաբերում է Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի զավակի ծնվելուն, Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց այս լուրը, միեւնույն ժամանակ հավելեց, որ այլ մանրամասների չի տիրապետում: Իսկ մենք ուզում էինք իմանալ, թե ինչու է երկրորդ նախագահի հարսը, հայտնի երգչուհին երեխաներ ունենում արտերկրում: Օրինակ` նրա առաջնեկը` կրտսեր Ռոբերտ Քոչարյանը, ծնվել է 2014թ ԱՄՆ-ում: Փաստորեն, երկրորդ զավակն էլ կլինի Ֆրանսիայի քաղաքացի: