Պախարակել հրապարակավ և մոռանալ

Պախարակել հրապարակավ և մոռանալ

«Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ որ պետք է որոշի , թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետևում չի և Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի: Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ:



Անդրանիկ Նիկողոսյան



Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն»:



Եթե ՀՀ իշխանությունների մեջ դեռ մի փոքր նախանձախնդրություն կա առ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը, ապա այս անկապ երևույթին պետք է արգելեն մտնել Հայաստան: Պետք է նրա այս հայտարարությունը թարգմանեն միջինասիական և մերձբալթյան ժողովուրդների լեզուներով, ինչպես նաև՝ ուկրաիներեն, բելառուսերեն. ադրբեջաներեն, վրացերեն և տարածեն նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում, որպեսզի Նիկողոսյանը Մոսկվայից բացի ուրիշ տեղ ոտք դնելու հնարավորություն չունենա: Ժիրինովսկու գրպանի շուն՝ ահա ով է Անդրանիկ Նիկողոսյանը, նաև՝ ճղճիմ անձնավորություն՝ բռնաբարության հետ կապված պատմության հերոս:



Իսկ մինչև Հայաստան նրա մուտքն արգելելը պետք է նրան մեծ շուքով, ինչպես պարգևատրել են, զրկել մեր պետության զանազան պարգևներից և մեդալներից: Իսկ այդպիսիք նա շատ ունի՝ պարգևներ ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ ոստիկանապետի կողմից, ոսկի մեդալներ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, միանգամից երկու մեդալ՝ «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ»՝ ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի կողմից: Մենք պարտավոր ենք սա անել, այլապես այդ նույն պարգևներին և մեդալներին արժանացած բոլոր հայերը պետք է դրանք նետեն փողոց՝ Անդրանիկ Նիկողոսյան դուրսպրծուկին չհավասարվելու համար:   



Այս մարդն իր փտած ուղեղով դեռ չի հասկացել, որ Հայաստանում ու Արցախում անցած 25 տարում սերունդներ են մեծացել, որոնք իրենց հայրենիքի այլ կարգավիճակ նույնիսկ չեն էլ պատկերացնում: Ի՞նչ է քարոզում ու երազում նա՝ ԼՂԻՄ Ադրբեջանի կազմո՞ւմ, Ռուս գուբերնատորներՀայաստանո՞ւմ ...



Անդրանիկ Նիկողոսյան երևույթը ՀՀ խշխանությունների խայտառակ պարտությունն է, ու պետք է քավել մեղքը այդ պարտության համար: Նրա հայտարարությունը զուտ անձնական կարծիք չէ: Նրա ներարկիչի մեջ ռուսական մեծապետական շովինիզմի թույն է լցված, որը պետք է շատ արագ չեզոքացնել: Թվում էր՝ Հայաստանում լուծել ենք ռուսալեզության պրոբլեմը՝ Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի նմաններին լուսանցք մղելով, բայց ռուսալեզությունն ահա, գլուխ է բարձրացնում դրսում՝ ինչպես միշտ՝ ամենազզվելի ձևով, այն է՝ հայի կերպարանքով:



Էդիկ Անդրեասյան