Բժիշկների համեմատ հարուստ, հարուստների համեմատ՝ աղքատ

Բժիշկների համեմատ հարուստ, հարուստների համեմատ՝ աղքատ

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մեկ ամիս է ինչ պաշտոնավարում է, բայց դժվարանում է որևէ գնահատական տալ, ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների կրճատման մասին հանձնարարականն էլ, որ տվել էր վարչապետը, դեռ ուսումնասիրության փուլում է. «Հանձնարարականը կկատարվի և կկատարվի լավագույնս, իսկ դրա համար պետք է ուսումնասիրել հարցը: Հարցը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ևս 20-25 օր: Էսպես թե էնպես մենք 100 օրից պատրաստ կլինենք պատասխանել Ձեր հարցերին»:



-Կա՞ այդ տեսլականը, որտեղի՞ց եք սկսելու, ի՞նչ աշխատանքներ եք կատարելու:



Ես ասում եմ՝ ուսումնասիրություններ ենք կատարում: Առաջինը պետք է ուսումնասիրենք, կրճատենք և օպտիմիզացնենք, այն, ինչ պահանջում է վարչապետը:



-Ի՞նչ կարևոր փոփոխություն պետք է արվի, որ դուք տարիների ընթացքում տեսել եք և կարևոր եք համարում այն կատարել:



Դժվար հարց է, ես դրան կպատասխանեմ 100 օրվա ասուլիսով:



-Ոլորտում կոռուպցիոն ռիսկերն էլ են բազմաթիվ, դրա՞նք էլ եք ուսումնասիրելու:



Մեկ օրինակ բերեք:



-Բժիշկների հետ կապված, որ գումարներ են պահանջում:



Դուք կոռուպցիա համարո՞ւմ եք բժշկին նվիրած կոնյակը, ծաղիկները, գումարը, ի՞նչը:



-Պետական գումարներից զատ՝ այլ գումարներ են տրվում:



Քաղաքացիները թող չտան:



-Բայց պահանջում են:



Եթե պահանջում են, դա արդեն Դատախազության հարցերն են: Բժիշկների աշխատավարձերը բարձրացնենք, էֆֆեկտիվությունը բարձրացնենք և վերջապես քաղաքացիներին կրթենք, որ պետք չի մոտենալ բժիշկներին այդ հարցերով:



-Նույնիսկ տարվա կեսին պետպատվերների թիվը կրճատվում է:



Մենք աշխատում ենք դրա վրա: Ես հույս ունեմ, որ մյուս տարի այս ժամանակ այդ նույն հարցը դուք չեք տա:



-Նշեցիք, որ բժշկին կոնյակ, ծաղիկ տալ պետք չէ դիտարկել որպես կոռուպցիա: Դուք բժիշկ եք, Ձեր գործունեության ընթացքում եղե՞լ է, որ Ձեզ կոնյակ կամ այլ բնույթի նվերներ են արել:



Իհարկե եղել է, կոնյակ էլ են նվիրել, ծաղիկ չեն նվիրել:



-Գործադիրի կազմում դուք Ձեզ համարում եք հարո՞ւստ, թե՞ շատ հարուստ:



Դժվար է ասել, բժիշկների համեմատ հարուստ, շատ հարուստների համեմատ՝ աղքատ:



-Կառավարությունում ո՞վ է ձեզանից ավելի հարուստ:



Չեմ կարող ասել, դուք ավելի լավ կպատասխանեք այդ հարցին:



-Նախորդ անգամ նշեցիք, որ Մոսկվայի բնակարանը վաճառել եք, այստե՞ղ եք բնակարան գնել:



Ես նման բան չեմ ասել, որովհետև բնակարան չունեմ Մոսկվայում:



-Դուք եք նշել պարոն Ալթունյան:



Ես ասել եմ՝ Մոսկվայի ցանկացած բնակիչ, ով կվաճառի բնակարան, հարուստ կլինի:



-Հնարավոր համարո՞ւմ եք բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում:



Իհարկե համարում եմ, բայց դրա շուրջ դեռ աշխատանքներ չեն տարվում: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է շտկել, մինչև պարտադիր ապահովագրությունը: Դա գումարների բաշխման մեթոդներից մեկն է, մենք ուսումնասիրում ենք մեթոդները և եթե հանգենք այն եզրակացությանը, որ պարտադիր ապահովագրությունը միակ հնարավոր մեթոդն է, խնդիրը կներկայացնենք իշխանությանը:



-Դուք արդեն պատկերացնո՞ւմ եք առողջապահության համակարգում կոռուպցիոն ռիսկերը որտե՞ղ են, ի՞նչ պետք է անեք:



Կոռուպցիոն ռիսկերը պատկերացնելը իմ աշխատանքը չի, մենք ուղղակի սկսել ենք նրանից, որ վերանայել ենք բոլոր նորմատիվ ակտերը, ես կարող եմ երաշխավորել, որ ներկա ժամանակ կոռուպցիոն ռիսկերը բացառված են, կոռուպցիա չկա և չի լինելու, դա վերաբերում է իմ պաշտոնավարման ընթացքում:



-Ձեր գալուց հետո կոռուպցիա չկա՞ համակարգում:



Ամեն դեպքում գումարների բաշխումը դադարեցվել է և կատարվում է ըստ օրենքի: Պետպատվերում կառուպցիա չկա:



-Կոռուպցիան միայն պետպատվերո՞ւմ է:



Իսկ էլ որտե՞ ղ է:



-Դուք ստուգե՞լ եք ԾԻԳերը, ՊՈԱԿ-ները ինչպես են աշխատում:



Ինչպե՞ս են աշխատում, բոլորը ինչ-որ բանի մասին խոսում են, բայց անուն չեն տալիս: Ձեր վարքագիծը նման է այն անեկդոտին՝ ես ամեն ինչ գիտեմ, ես էլ ձեր մասին ամեն ինչ գիտեմ:



-Պարոն նախարար, իշխող կուսակցության ներկայացուցիչները ակնկալիք ունեն, որ համագումարից հետո «Հանրապետական» կուսակցության շարքերը անկուսակցական նախարարները կհամալրեն: Մտադրություն ունե՞ք միանալու «Հանրապետականին»:



Դեռ ոչ: