Էդմոն Մարուքյանն այլեւս «իշխանական պրոյեկտ» չէ

Էդմոն Մարուքյանն այլեւս «իշխանական պրոյեկտ» չէ

Արդեն հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները եկել են համաձայնության՝ դաշինք կազմելու եւ 2017-ի ընտրություններին դաշինքով մասնակցելու առումով։ Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի դեկտեմբերի12-ին՝ համատեղ մամուլի ասուլիսով։ Նկատենք, որ մինչ այդ մամուլը քանիցս գրեց, որ այս եռանկյունու հետ բանակցությունների մեջ է նաեւ «Ժառանգությունը», բայց Րաֆֆի Հովհաննիսյանը պնդել է, որ բանակցեն նաեւ ԲՀԿ-ի ու «Համախմբման» հետ, եռյակը չի համաձայնել։ Արդյունքում «Ժառանգությունը» դուրս է մնացել նոր ձեւավորվող այս դաշինքից։ Թե հատկապես ինչը միավորեց այս երեք ուժերին, ինչ գաղափարի շուրջ են միավորվել, «ՔՊ» վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց՝ Հայաստանի ապագայի տեսլականի շուրջ. «Բոլորս էլ ուզում ենք ունենալ ավելի լավ Հայաստան, գաղափարական ընդհանրություններ ունենք»։



Նկատեցինք, որ ավելի լավ Հայաստան ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էլ են ուզում, ինչո՞ւ նրանց հետ էլ չեն համագործակցում։ «Ավելի լավ Հայաստան Հարապետականը չի ուզում, դա ցույց է տալիս վերջին տարիների փորձը, նույնը՝ ԲՀԿ-ն, որովհետեւ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ի հետ ձեռք ձեռքի տված, մեր երկիրը տարել է անդունդ, ու ասել, որ իրենք լավ Հայաստան են ուզում, ոչ միայն կասկածում եմ դրանում, այլեւ համոզված եմ, որ էդ մարդիկ մեր երկիրը կործանում են տանում»։ Լավ, նրանցից բացի, այլ ուժեր էլ կան դաշտում՝ «Համախմբում», «Ազատ դեմոկրատներ», «Ազատություն», ՀՀՇ, ՀԱԿ, Անի Զախարյանի կուսակցությունը, մի խոսքով՝ 70-ից ավելի կուսակցություն, որոնք բոլորն էլ լավ Հայաստան են ուզում, ինչո՞ւ հենց այս երկուսի հետ եկան համագործակցության։ Պարզվեց՝ «ՔՊ»-ն շատ այլ ուժերի հետ է շփումներ ունեցել, բայց ընդհանուր եզրեր գտել են հենց այս երկուսի հետ։
Պապիկյանը, ճիշտ է, չասաց, թե համագործակցության դուռը լրիվ փակել են այլ ուժերի առաջ, ու եթե մինչեւ դեկտեմբերի 12-ն այլ ցանկացողներ լինեն, այլեւս չեն բանակցի նրանց հետ, բայց չհերքեց էլ, որ դուռը, այնուամենայնվ, կիսաբաց են թողել. «Քաղաքականապես անհնար ոչինչ չկա, թե քաղաքական զարգացումներն ինչի կտանեն, դա ցույց կտա ապագան»։ Ի դեպ, դաշինքով գնալու պարագայում իրենց ցուցակը պետք է 7 տոկոսի շեմը հաղթահարի՝ դա իրենց չի՞ մտահոգում։ Ըստ Պապիկյանի, իրենց դաշինքն ինքնանպատակ չի լինելու, որ մի կերպ անցնեն խորհրդարան ու մանդատ ձեռք գցեն, այլ հավակնում են ավելի լուրջ քաղաքական մոբիլիզացիայի եւ ավելի ծանրակշիռ մասնակցությամբ իշխանությանը հակադրվելու։



Բայց պատմությունը ցույց է տալիս, եւ այդ մասին մշտապես բարձրաձայնել է նաեւ «ՔՊ» անդամ Նիկոլ Փաշինյանը, որ դաշինքները պառակտվում են։ Նույն Փաշինյանը ՀԱԿ ցուցակով դարձավ պատգամավոր եւ կարճ ժամանակ անց դե ֆակտո լքեց այդ խմբակցությունը։ Վերլուծե՞լ են, թե ինչու են այդքան արագ փլուզվում դաշինքները, եւ ի՞նչ երաշխիք կա, որ նոր ձեւավորվող դաշինքը նույն ճակատագրին չի արժանանալու։ «Ուրեմն այն տեսակետը, որ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, դա նաեւ մեր կուսակցության տեսակետն է, եւ, այո, չի փոխվել մեր համոզմունքը։ Այո, մենք հասկանում ենք, որ նմանատիպ դաշինքներ ստեղծելը եւս մեկ անգամ ժողովրդին կտանի հիասթափության։ Եվ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ երկու ուժերի հետ գնա դաշինքի, այսինքն՝ կհասնենք էդ վճռական փուլին, որ մենք գնում ենք դաշինքի, ապա դրա հիմքում պիտի դրվի այնպիսի երաշխիք, որը ՀՀ քաղաքացին անվերապահ վստահությամբ կհամարի Հայաստանի ապագան»,-ասաց նա՝ երաշխիքների մասին փակագծերը թողնելով դեկտեմբերի 12-ին։



Խոսեցինք նաեւ «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» կոնֆլիկտի մասին, երբ «ՔՊ»-ականները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, Մարուքյանին ու «Լուսավորը» համարում էին իշխանական պրոյեկտ։ Հիմա դուք, համագործակցելով այդ «իշխանական պրոյեկտի» հետ, ինչո՞վ եք համոզելու ձեր ընտրողներին, որ ինքներդ էլ իշխանական պրոյեկտ չեք։ Պապիկյանն ասաց, որ հիմնականում ոչ թե «Լուսավոր Հայաստանի», այլ Էդմոն Մարուքյանի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը. «Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է վանաձորյան հանրահավաքի, նաեւ քարոզարշավի ընթացքում, նաեւ տարբեր հեռուստաընկերությունների եթերում։ Նիկոլ Փաշինյանի ասածն ինչ է, նա ասում էր՝ ես չեմ կարող գնալ դաշինքի մի մարդու հետ, ում ես դեռ չեմ վստահում, որովհետեւ Էդմոն Մարուքյանը՝ մեր պոտենցիալ գործընկերը, կողմ է քվեարկել բյուջեին եւ կառավարությանը։ Բայց, եթե հիշում եք, վերջին կառավարությանը Մարուքյանը դեմ է քվեարկել, իսկ թե ինչպես կվերաբերվի բյուջեին, մենք կտեսնենք երկուշաբթի օրը»։ Իսկ «Լուսավոր Հայաստանի» մասով էլ անձամբ Պապիկյանը, նույն վերապահումներն ունենալով հանդերձ, համոզված է, որ ԼՀԿ-ն այն ուժն է, որի հետ կարելի է լինել գործընկեր. «Ինչո՞ւ, որովհետեւ այսօր Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» թույլ չի տալիս, որ ՀՀԿ-ն քաղաքապետ ունենալու պայմաններում ղեկավարի քաղաքը»։



Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ կողմ քվեարկեց նույն կառավարության բերած ու այդքան քննադատված «1000 դրամների» նախագծին՝ բացատրելով, թե ինչու է կողմ քվեարկում, այնպես, ինչպես ժամանակին իր կողմ քվեարկելը բացատրել էր Էդմոն Մարուքյանը։ Սուրեն Պապիկյանի կարծիքով՝ մի բան է կողմ քվեարկել կառավարությանը, այլ բան՝ օրենքին։ Նրա խոսքից հասկացվեց, որ կառավարությանը չի կարելի վստահություն հայտնել, իսկ այդ նույն կառավարության բերած օրենքներին պարտադիր չէ, որ դեմ լինես. «Էստեղ օրենքի խնդիր է, որը քո բանակի խնդիրն է լուծում»։



Վերջում փորձեցինք ճշտել՝ ամեն դեպքում, Էդմոն Մարուքյանը հիմա իրենց համար այլեւս «իշխանական պրոյեկտ» չէ՞, լիարժեք համոզվե՞լ են նրա՝ «իշխանական պրոյեկտ» չլինելու հարցում։ «Եթե այս պահին մենք գնում ենք համագործակցության, ուրեմն ունենք որոշակի համոզմունքներ ու երաշխիքներ։ Պարզապես քաղաքականության մեջ մշտապես, ամեն օր կարող է ինչ-որ բան փոխվել։ Դուք խոսում եք մեր անցյալից ու ներկայից, ես խոսում եմ ներկայով՝ իհարկե, չմոռանալով անցյալը»,-եզրափակեց «ՔՊ» կուսակցության վարչության փոխնախագահը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ