«Ծիծեռնակ» մանկապարտեզի աշխատողները տագնապում են

«Ծիծեռնակ» մանկապարտեզի աշխատողները տագնապում են

Չարենցավանի ամենախոշոր՝ «Ծիծեռնակ» մանկապարտեզը հուլիսից դադարեցրել է գործունեությունը՝ այնտեղ սկսված կապիտալ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Մանկապարտեզի կոլեկտիվն ամառվանից հարկադիր պարապուրդի մեջ է եւ, օրենքի համաձայն, նման պայմաններում պետք է ստանա իր աշխատավարձի 2/3 մասը։ Սակայն մանկապարտեզի աշխատողներից օրերս բողոք ստացանք։ Նրանք վստահեցնում են, որ ծայրահեղ անկանոն են վարձատրվում, իսկ հունվարից հասարակ աշխատողները ոչինչ չեն ստացել։ Վարձատրվել են միայն տնօրենը, փոխտնօրենը, պահակը։



«Մեզ նախազգուշացրին, որ երկու ամիս աշխատավարձ ենք ստանալու, իսկ հետո կստանանք, թե ոչ՝ հայտնի չէ։ Մենք թուղթ ստորագրեցինք, երկու ամիս գումարը տվեցին, հետո դադարեցին վճարել։ Նոր տարվա դիմաց բոլորիս նորից կանչեցին, ասացին, որ մեր հաշվին արձակուրդ գրենք»,- պատմում էր մեզ զանգահարած կինը, ում համար իր ստացած ամսական 55 հազար դրամի կորուստը մեծ վիշտ է։



Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը հերքեց տեղեկությունը, թե կոլեկտիվն աշխատավարձից զրկված է։ Նա ասաց, որ մանկապարտեզում հուլիսից հիմնանորոգում է սկսվել՝ տարածքային զարգացման հիմնադրամի եւ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, որ դա 160 մլն․ դրամի ծրագիր է, որը հիմա էլ շարունակվում է, իսկ մանկապարտեզի աշխատողները, հուլիս ամսից գտնվելով հարկադիր պարապուրդում, ընդամենը 1 ամիս չեն ստացել աշխատավարձ։



«Ուղղակի տարվա սկզբում, երբ որ նոր բյուջեն է ձեւավորվում, կոլեկտիվին խնդրել ենք, որ հունվարին գնան արձակուրդ, որ անիմաստ չվճարենք, իսկ փետրվարի համար նրանք պարտադիր վճարվելու են, լինելով հարկադիր պարապուրդի մեջ՝ ստանալու են աշխատավարձի 2/3 մասը»,- ասաց քաղաքապետը։ Հարցին, թե ինչու են որոշ աշխատողներ ստացել աշխատավարձ, իսկ մյուսները՝ ոչ, նա պատասխանեց, որ վճարվել են միայն նրանք, ովքեր վերանորոգման շրջանում նույնպես աշխատել են լիարժեք աշխատանքային օր, այսինքն՝ մանկապարտեզի տնօրենը, գլխավոր հաշվապահը, մեթոդիստը եւ այլն։



Քաղաքապետը հայտնեց, որ ինքն անձամբ այցելել է մանկապարտեզ, հանդիպել կոլեկտիվի հետ։ Նաեւ խոստացավ, որ «Ծիծեռնակը», որտեղ հաճախում է 350 երեխա, եվրաչափանիշներին համապատասխան մանկապարտեզ է դառնալու, որտեղ նույնիսկ խոհանցի սպասքն է ամբողջությամբ փոխվելու։



«Հենց հիմա էլ որ գնաք, կտեսնեք, որ այնտեղ շինարարություն է, ամեն օր մարդիկ աշխատում են, որ հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության օրը, մանկապարտեզը պատրաստ լինի աշխատելու»։ Շահգալդյանը քաղաքապետի խոսք տվեց, որ «Ծիծեռնակի» կոլեկտիվից ոչ ոք չի ազատվի աշխատանքից, դեռ հակառակը՝ նոր աշխատատեղեր են բացվելու՝ երկրորդ խոհարարի, այլ աշխատողների։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ