ՀՅԴ հին-նոր Բյուրոն ձեւավորվեց

ՀՅԴ հին-նոր Բյուրոն ձեւավորվեց

Նախօրեին Ստեփանակերտում աշխատանքներն է ավարտել ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որն աշխատեց հունվարի 16-ից մինչեւ 24-ը։ Ժողովի ավարտին ընտրվել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։ Նախորդ Բյուրոն կազմված էր 11 անդամից, այս անգամ Ժողովը որոշել է ունենալ 13 անդամից կազմված Բյուրո։ Նոր Բյուրոյում 4 նոր անդամ կա, իսկ 9-ը նախորդ Բյուրոյի կազմից են։ ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Կանադայից Հակոբ Տեր-Խաչատուրյանին։ Երեկ դաշնակցականները հետաքրքրվում էին՝ Տեր-Խաչատուրյանը տեղափոխվելո՞ւ է արդյոք հայրենիք, քանի որ Հայաստանում է ՀՅԴ ամենամեծ ներկայությունը, եւ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ նրան նախորդած մյուս ներկայացուցիչներն ապրել եւ գործել են Հայաստանում։ Նաեւ դա էր պատճառը, որ շատ դաշնակցականներ կարծում էին, որ այս անգամ էլ պետք է ներկայացուցիչն ընտրվի հայաստանյան կառույցից, սակայն Ժողովն այլ ուղղությամբ գնաց։ Եվ, ըստ ամենայնի, այս ընտրությունը բավականին տարօրինակ էր։ Թերեւս նաեւ այս պատճառով է ՀՅԴ Ժողովը նոր պաշտոն ստեղծել․ Արմեն Ռուստամյանը դարձել է ՀՅԴ նախագահ։ Սակայն դաշնակցականների պատկերացմամբ, սա այն ավանդական նախագահը չէ, որն ունենք մեր ընկալման մեջ, սա ավելի շատ ժողովները նախագահելու գործառույթ է իր մեջ ներառում։ 

Այս անգամ եւս Բյուրոյի կազմում 4 հոգի հայաստանյան ՀՅԴ-ից են։ Նոր անդամներից է ՀՅԴ ԳՄ վերջին ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ինչը նշանակում է, որ հայաստանյան կառույցի ղեկավարի պաշտոնը թափուր է։ Ոմանք կարծում են, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Հրանտ Մարգարյանը, ով 19 տարի անց հրաժեշտ տվեց Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին, սակայն չի պատրաստվում մի կողմ քաշվել։ 

Թե ինչ ռազմավարություն է մշակել ՀՅԴ ընդհանուր ժողովը, առայժմ չեն բացահայտում։ Ամենայն հավանականությամբ, Բյուրոյի մի քանի անդամներ առաջիկա օրերին ասուլիս կտան եւ դիվանագիտական ձեւակերպումներով կներկայացնեն, թե ինչ է անելու կուսակցությունն առաջիկայում։ Նկատենք, որ ՀՅԴ-ն իր տեսակով ամենագաղտնի կառույցների նման գաղտնապահություն է դրսեւորում, եւ այստեղից ինֆորմացիայի արտահոսքը, որպես կանոն, խստորեն հսկվում է, եւ այն մեզ՝ լրագրողներիս, դժվարհասանելի է, սակայն առաջիկայում կփորձենք որոշ մանրամասներ ներկայացնել մեր ընթերցողին։