Փոխնախարարը կազատվի՞ աշխատանքից

Փոխնախարարը կազատվի՞ աշխատանքից

Հոկտեմբերի 2-ի նիստում Ազգային ժողովը քննարկում էր Մաշկավարակաբանական եւ սեռավարակների ուսումնասիրության գիտական կենտրոնը 2017-2020թթ․ մասնավորեցման ցանկից հանելու մասին նախագիծը։ ԱԺ նախագահին, ըստ երեւույթին, դուր չեկավ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանի այն դիտողությունը, թե նախքան օրենքի նախագիծ ներկայացնելը, պետք էր հարցը քննարկել Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ, որի ենթակայության ներքո է գտնվում կենտրոնը։ «Ես հասկանում եմ, որ նախարարի տեղակալը վաղուց արդեն քաղաքական, ոչ թե հայեցողական կամ մասնագիտական պատրաստվածություն պահանջող պաշտոն է, այնուամենայնիվ, կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատել սովորեցնել։ Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն կպատկերացնի՝ ոնց ինքն աշխատի»,- ասել էր Արարատ Միրզոյանը։

Հովհաննես Հարությունյանը փոխնախարար է նշանակվել 2019-ի ապրիլի 26-ին՝ կալանավորված Արսեն Դավթյանի փոխարեն։ 2018 թվականին նա նշանակվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Ապա՝ 2019 թվականի փետրվարից, զբաղեցնում էր առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը։ Մեր տեղեկություններով, առողջապահության նախարարը որոշել է աշխատանքից ազատել փոխնախարարին՝ ԱԺ նախագահի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Թեեւ, որպես պաշտոնական բացատրություն, բոլորովին այլ բան կնշվի, ասենք՝ այլ աշխատանքի տեղափոխվելը։

Սրանով, թերեւս, Արսեն Թորոսյանն ուզում է «կամուրջներ» գցել դեպի Ազգային ժողով եւ նրա նախագահը՝ ցույց տալով, որ պատրաստ է աշխատանքից ազատել անգամ Միրզոյանի դիտողությանն արժանացած պաշտոնյային։ Սա արվում է հետագայում նոր կոնֆլիկտներ չունենալու եւ ԱԺ տարած օրինագծերի հարցում խոչընդոտների չհանդիպելու համար։