«Ժառանգությունը» պարզաբանում է պահանջում

«Ժառանգությունը» պարզաբանում է պահանջում

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը նամակ է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին՝ փորձելով ճշտել, թե օրերս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն արդյոք ՔՊ կուսակցության դիրքորոշո՞ւմն է արտահայտում։ «Հարգելի պարոն Պապիկյան, «Ժառանգություն» կուսակցության վարչության անունից Ձեզ եմ դիմում՝ ճշտելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը Ձեր կուսակից, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ մամուլով կատարած հայտարարությունների առիթով` 08.09.2019 թ. «Րաֆֆի Հովհաննիսյանին անհապաղ մեկուսացնել «Ժառանգություն» կուսակցությունից»: Օգտագործելով հաղորդակցության այս եղանակը՝ ուզում եմ ճշտել՝ արտահայտե՞լ է Տիգրան Ուլիխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առկա ձեւավորված դիրքորոշումը, եթե ոչ՝ խնդրում ենք պարզաբանել գաղափարակից ուժի հանդեպ նման ոչ գործընկերային, թշնամական արտահայտությունների պատճառը եւ արձագանքել ըստ պատշաճի»,- գրել է Գրիգորյանը։

Մեզ հետ զրույցում ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանն ասաց․ «Ես, անկեղծ ասած, Տիգրան Ուլիխանյանի այդ հայտարարությունը չեմ տեսել, որ նա նման հայտարարություն է արել, եթե տեսնեի, ամեն դեպքում, չէի կիսի, բայց ես չգիտեմ՝ ասե՞լ է, թե՞ չէ»։

Ուլիխանյանի հայտարարության վերաբերյալ խնդրեցինք դիրքորոշում հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Նա ասաց, որ դա, հաստատ, կուսակցության դիրքորոշումը չէ․ «Բնականաբար, դա իր դիրքորոշումն է, հաստատ՝ կուսակցության դիրքորոշումը չէ, պատգամավորն ազատ է իր քաղաքական կարծիքն արտահայտելու»։ Իսկ ի՞նչ վերաբերմունք ունի Աղազարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ՝ նկատի ունենալով, որ նա 2018-ի ապրիլ-մայիսին միացել էր Փաշինյանին։ «Ես հարմար չեմ գտնում գնահատական տալ, դա ինձ համար անընդունելի է, ես իրավունք չեմ վերապահում ինձ գնահատական տալ մեկ ուրիշ քաղաքական գործչի, ժողովուրդը պետք է իր գնահատականը տա, թե չէ՝ ես ի՞նչ իրավունք ունեմ որեւէ այլ քաղաքական գործչի գնահատական տալ։ Ես դա ճիշտ չեմ գտնում»,- պատասխանեց նա։

Նշենք, որ Ուլիխանյանին հարցրել էին, թե ինչպես է վերաբերվում այն հարցին, երբ հին քաղաքական գործիչներն են ակտիվացել, քաղաքականություն վերադառնալու հայտ են ներկայացնում։

Նա ասել էր․ «Ես, ճիշտն ասած, այդ ցանկին կավելացնեի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, կարծեմ՝ Վազգեն Մանուկյանն էլ քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել։ Մենք, նորից եմ շեշտում, հայ ժողովուրդը մերժել է ոչ միայն եւ ոչ այնքան Սերժ Սարգսյանին, այլ նաեւ ընդհանուր անցյալը, այդ թվում նաեւ՝ էն քաղաքական գործիչներին, որոնք մշտապես հայ ժողովրդին տարել են դեպի պարտություն, մշտապես դավաճանել են հայ ժողովրդին՝ մենակ թողնելով նրան պատասխանատու պահերին եւ հրաժարվելով քայլ առաջ անել։ Նման քաղաքական գործիչներին մեր քաղաքական համակարգն այլեւս չի հանդուրժելու։ Օգտվելով առիթից՝ խորհուրդ եմ տալիս կոնկրետ հենց «Ժառանգություն» կուսակցությանը՝ անհապաղ մեկուսացնել պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց կուսակցությունից, հենց որոշում կայացնել եւ Րաֆֆի Հովհաննիսյանին հեռացնել, եթե իրենք ուզում են քաղաքական հայտ ներկայացնել ապագա Հայաստանում»։