Հիմա էլ քաոս՝ գնումների գործընթացում

Հիմա էլ քաոս՝ գնումների գործընթացում

ՀՀ ֆինանսների նախարարությունը մարտի 25-ին Երեւանի քաղաքապետարանին ու բոլոր պետական կառավարման մարմիններին իջեցրել է մի շրջաբերական, որից, ինչպես վստահեցնում են պետական կառույցների աշխատակիցները, կարող է քաոս սկսվել պետական գնումների գործընթացում։ 

Նախ սկսենք նրանից, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը տարրական հարգանք չի դրսեւորել ողջ պետական կառավարման համակարգի նկատմամբ եւ գնումների գործընթացի աշխատակարգերում, պայմաններում հույժ էական նորությունների  մասին գնման պոտենցիալ պատվիրատուներին տեղեկացրել է ոչ թե 1, 2, 3, 4 ամիս առաջ, այլ հենց այն օրը, երբ փոփոխություններն ուժի մեջ են մտնում։ Տեսականորեն ու գործնականում բազմաթիվ ընկերություններ հենց այդ փոփոխության պատճառով կարող էին զրկվել մասնակցությունից։ 
Խոսքն ինչի մասին է։ Ինչպես նշել էինք, մարտի 25-ին ֆինանսների 1-ին փոխնախարար Բրուտյանը բոլոր կառույցներին հայտնել է, որ ԵԱՏՄ պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում գնումների մասին օրենքով նախատեսված պատվիրատուները պետք է ռուսերեն լեզվով ներկայացնեն իրենց բոլոր գնումների հայտարարությունները, հրավերները, հրավերում կատարված փոփոխությունները եւ դրանց վերաբերյալ մասնակիցներին տրված պարզաբանումները, գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ ահռելի ծավալի թարգմանչական աշխատանք պետք է կատարեն։

Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյաներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահանջները կատարելը ոչ միայն  իրատեսական չէ, այլեւ՝ անհնար։ Այսինքն՝ պետք է ռուսերեն թարգմանել 200-300-ից մինչեւ 1000 էջանոց բարդ (միայն 30-40 էջ պայմանագրի նախագիծն է) տեխնիկական, բազմաթիվ տերմիններով լի տեքստեր, որի պարագայում դրանք, լավագույն դեպքում, 2 անգամ թանկացնելու են գնվող ապրանքի գինը։ 

«Դա անհնար է, եթե ստիպելու են, ստացվելու է, որ գնումների ոչ մի պրոցես չի անցնի, որովհետեւ, զորօրինակ՝ շինարարության տեխփաստաթղթերը ռուսերեն թարգմանել անհնար է։ Պատկերացնո՞ւմ եք, շենքի պլանավորումը՝ նախագիծ-նախահաշվարկ, թարգմանել ռուսերեն։ Դա նույն բանն է, որ նորից նախագիծ-նախահաշիվ գրես»,-ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, եվրասիական հարցերը «համակարգող» նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի օրոք հենց նման՝ «եվրասիական» տեքստերի համար թարգմանիչների հետ պայմանագրեր էին կնքվում, բայց դա համատարած չէր ու ոչ էլ պարտադիր։ Ասենք, որեւէ սահմանամերձ գյուղ, բնակավայր ինչպե՞ս է իր բոլոր գնումները ռուսերենով լրացնել։ «Եվ դա հնարավոր չէ, որովհետեւ էդ մարդիկ հայերենով են էդ ամեն ինչը զոռով անում»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը։ Իսկ ինչո՞ւ են եվրասիական գործընկերները պնդում թարգմանելը։ Պարզվում է՝ ֆորմալ նպատակը ԵԱՏՄ անդամ երկրների մատակարարներին Հայաստանի գնումներին մասնակից դարձնելն է։ Արդյոք ղազախներն ու բելառուսները կատարո՞ւմ են այս պահանջը, եւ իրենց մոտ ռուսերե՞ն է փաստաթղթաշրջանառությունը։

Պարզվում է՝ այո, բայց ողջ խնդիրն այն է, որ այս երկրներում ռուսերենը 2-րդ պետական լեզուն է։ Մեր զրուցակիցը կարծում է, որ թեպետ սա ԵԱՏՄ պահանջն է, եւ ռուսական կողմն էլ հարցին շատ խիստ է մոտենում, բայց «քարին գրված արձանագրություն չէ» եւ բանակցելի է, ինչպես որ բանակցվել ու հետաձգվել է 2014-ից այս կողմ։ Ըստ նրա՝ այս առումով պետք է գնալ միջազգային լավագույն փորձի ճանապարհով, որն ասում է, որ միայն նախնական հայտարարությունը, թե գերատեսչությունն ինչ է ուզում, պետք է լինի անգլերեն կամ ռուսերեն, իսկ գնման մրցույթի մյուս դետալները եթե հայերենին չտիրապետող անձանց հետաքրքրում են, նրան հասանելի կարող են լինել ավտոմատ թարգմանության ծրագրով, որը միգուցե որակի առումով զիջի կենդանի մարդու կողմից թարգմանությանը, բայց բավարար կլինի։ 

Մենք զրուցեցինք ֆինանսների նախարարության աշխատակից Սերգեյ Շահնազարյանի հետ․ «Մեզ ԵԱՏՄ երկրներն ասում են՝ դուք չեք կատարում ԵԱՏՄ-ին մեր անդամակցության համաձայնագրում գնումներին վերաբերող հատուկ կարգավորման պահանջները, որոնց համաձայն՝ որոշակի տեղեկատվություն անդամակցող երկրները պարտավոր են հրապարակել ռուսերեն։ Այս թվում՝ մրցույթների հայտարարությունների հրավերները։ Ավելին՝ անգամ ԵԱՏՄ կոլեգիայի որոշում կա, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունը»։ Իսկ ինչո՞ւ են ամսի 25-ին տեղեկացնում նույն օրն ուժի մեջ մտնող փոփոխության մասին․ պաշտոնյան ասաց՝  ամսի 25-ից չէ պարտադիր, այլ՝ վաղուցվանից։ Թարգմանությունների հետ կապված դժվարությունների մասով եւս Սերգեյ Շահնազարյանը համամիտ չէ եւ անգամ գովեց իրենց, որ մշակել են գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձեւեր։

«Դու տալիս ես էդ ձեւը, պատվիրատուն վերցնում է, որոշակի տվյալներ է ավելացնում՝ անուն, հասցե, մրցույթի ծածկագիրը, ու հրապարակվում է։ Եվ այդ գործընթացի շրջանակում մենք թարգմանել ենք բոլոր փաստաթղթերի օրինակելի ձեւերը ռուսերեն։ Եվ հրավերի ու մնացածի բովանդակության մոտ 95 տոկոսը ստատիկ տեքստ է, ոչ մեկի մոտ չի փոփոխվում։ Իրենց թողել ենք անելու մոտ 5 տոկոսը, ու իրենք դա պետք է անեն, որովհետեւ  դա ԵԱՏՄ-ի առաջ մեր պարտավորությունն է»։

Նա չհամաձայնեց նաեւ դիտարկման հետ, թե շինարարական փաստաթղթերը հնարավոր չէ թարգմանել, ասաց, որ դրանք բաղկացած են տեքստից ու գծագրերից, գծագիրը՝ հայերեն, թե ռուսերեն հրապարակված, ոչ մի տարբերություն, իսկ տեքստն էլ՝ «ի՞նչ է եղել, թող թարգմանեն»։