Աշխատատեղի կարիքը չկա, ոչ թե աշխատողի

Աշխատատեղի կարիքը չկա, ոչ թե աշխատողի

Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծն արդեն խորհրդարանում է, բայց դեռ հայտնի չէ, թե երբ կդրվի քննարկման։ Առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը մինչեւ 12։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը կարծում է, որ դեռ քննարկելու հարցեր կան, մասնավորապես, գյուղնախարարության՝ էկոնոմիկայի նախարարությանը միացնելու հարցը։ «Այսինքն՝ ընդհանուր առմամբ, ես կողմ եմ կառավարության արդյունավետության բարձրացմանը, եւ նաեւ ակնհայտ է, որ մեզ մոտ ամեն ինչ ուռճացված է մի քանի անգամ, եւ պետք է դրա դեմ պայքարել։ Այլ հարց է, թե դա ինչպես ենք անում եւ ինչպես ենք անում, որ դա լինի արդյունավետ։ Հիմա, այո, գործընթացը պետք է անել, բայց դետալների մեջ քննարկելու հարցեր ունենք կառավարության հետ, որը կանենք»,- ասաց Կարապետյանը։

- Կարո՞ղ է մի նախարարը ղեկավարել իրարից տարբեր մի քանի ոլորտ։

- Եթե խոսքը տարածքային կառավարման նախարարի մասով է, նախարարությունը կոչվելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, նման փորձ աշխարհում շատ կա, այսինքն՝ դա նախադեպ ունեցող իրավիճակ է։ Կարծում եմ՝ կարող է։ Ինձ համար հիմա հիմնական խնդիրը գյուղատնտեսության նախարարության կարգավիճակի հարցն է, որի տարբեր մոդելներ կան, որ այս պահին քննարկում ենք՝ դրա առանձին լինելու հարցը, դրա հարցը տարածքային կառավարման նախարարության մեջ եւ դրա հարցն ապագա էկոնոմիկայի նախարարության մեջ։ 

- Հիմա խորհրդարան բերված նախագծով առաջարկվում է գյուղնախարարությունը միավորել էկոնոմիկայի նախարարությանը։ Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է այս հարցում։

- Ես գտնում եմ, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է կա՛մ առանձին նախարարություն լինի, որովհետեւ մենք չպետք է երբեք թերագնահատենք այդ հսկայական քաղաքական ուղղությունը, որ պետք է ունենանք, եւ այստեղ շատ մեծ գործ ունենք անելու, եւ այլ հարց է, որ այդ գործը տարիներ շարունակ վատ է արվել։ Եվ երկրորդը․ մենք նաեւ կարող ենք քննարկել տարբերակ տարածքային կառավարման նախարարության մեջ դրա տեղը տեսնելու, որովհետեւ գյուղատնտեսության զարգացումը եւ էդ 350 հազար մարդու՝ գյուղատնտեսության մեջ զբաղված լինելը նաեւ շատ-շատ առնչվում են տարածքային կառավարման նախարարության հետ։

- Այսինքն՝ մի նախարարությո՞ւն էլ կարող է ավելացվել տարածքային կառավարման նախարարության կազմում։

- Մենք էդ դեպքում կքննարկենք, օրինակ, էներգետիկայի նախարարության՝ դեպի էկոնոմիկա գնալու հարցը։

- Հիմա այս փոփոխությունները եւ կտրուկ կրճատումը միտված են արդյունավետ կառավարմա՞նը, թե՞ նաեւ բյուջեի խնայողության նպատակ ունի։

- Տեսեք, կտրուկ կրճատում դեռ տեղի չի ունեցել Հայաստանում, եւ  նախարարությունների միավորմամբ կտրուկ կրճատում տեղի չի ունենալու, դա հետագա գործընթացներն են։ Հիմնական նպատակն արդյունավետության բարձրացումն է եւ ուռճացված ու ծանրաքարշ, շատ դանդաղ աշխատող համակարգի օպտիմիզացիան։

- Իսկ դուրս մնացող աշխատակիցների ճակատագրի մասին մտածե՞լ է կառավարությունը, ի՞նչ է նրանց առաջարկելու։ 

- Կառավարությունը տարբեր մոդելներ է քննարկում հիմա՝ սկսած «Աշխատի՛ր, Հայաստա՛ն» ծրագրից, որը փոխվարչապետի վերահսկողության տակ հիմա մշակվող ծրագիր է, որի մեջ կարող են նաեւ ներառվել այն մարդիկ, ում աշխատատեղը կարող է կրճատվել կառավարությունում։ Դա կենթադրի կրթվելու հնարավորություն, նոր աշխատատեղերի մասին տեղեկություններ եւ այլն։

- Այս օրերին շատ խոսվեց հավելյալ արդյունք չստեղծող 10 հազար աշխատակիցների թեմայի շուրջ, ի վերջո՝ ովքե՞ր են հավելյալ արդյունք ստեղծողներն ու չստեղծողները կառավարությունում։

- Մենք հիմա չենք կարող տենց հստակ ասել՝ Պողոսը ստեղծում է, Պետրոսը չի ստեղծում, բայց, ցավոք սրտի, շատ մարդիկ կան պետական կառավարման համակարգում, ովքեր, ենթադրենք, 8 ժամ աշխատելու փոխարեն աշխատում են կես ժամ։

- Թող ազատեն այդ աշխատակցին եւ մեկ ուրիշին ընդունեն, որը կես ժամվա փոխարեն կաշխատի ութուկես ժամ։

- Չէ, խնդիրն այն է, որ էդ աշխատակցի կարիքը չկա։ Այսինքն՝ 8 նման աշխատակցի փոխարեն կարելի է մեկ արդյունավետ աշխատակից ունենալ։ Ոչ թե ինքը վատ է աշխատում, այլ էդ աշխատատեղը պետք է չստեղծվեր ժամանակին էդտեղ, եւ այդպես հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել։ Աշխատատեղի կարիքը չկա, ոչ թե աշխատողի։

- Հիմա կա՞ նախագիծ, որով պետք է կրճատեն հենց այդ հաստիքները։

- Այո, հիմա եթե գնաք տարածքային կառավարման նախարարություն եւ մարզպետարանների ապագա մոդելը նայեք, հենց էդ տրամաբանությամբ է, այսինքն՝ կրճատվում են էն հաստիքները, որոնք ոչ թե մարդիկ են խնդիրը, այլ ուռճացված հաստիքակազմերը։

- Իսկ այդ կրճատման հիմքում դրվելո՞ւ են այն հստակ չափանիշները, թե որոնք են հավելյալ արդյունք ստեղծողներն ու չստեղծողները։

- Ես վստահ եմ, որ այդ չափանիշները դրվելու են՝ մասնագիտական կրթությունից, աշխատանքային ստաժից եւ ունակություններից ելնելով։

- Նույնկերպ հարցադրում է արվում, որ խորհրդարանում կա 132 պատգամավոր, նրանցից քանի՞սն է հավելյալ արդյունք ստեղծում, քանի՞սն է տքնաջան աշխատում ողջ օրը։

- Այ, էդ գնահատականը, ինձ թվում է, դուք պետք է տաք, ոչ թե ես։ Որովհետեւ դուք եք նայում եւ հետեւում պատգամավորների գործունեությանը։

- Շատ լավ, ենթադրենք ես՝ որպես լրագրող, մի քանիսի վերաբերյալ իմ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ ընկալմամբ տվեցի գնահատական, այդ մարդկանց հետ կապված՝ ի՞նչ կարող են անել։

- Պատգամավորների հետ կապված՝ ոչ մի բան հնարավոր չէ անել, որովհետեւ Սահմանադրությամբ է էդ ամեն ինչը կարգավորվում։ Այսինքն՝ էստեղ մենք չենք կարող միջամտել էս պահին, քանի դեռ մենք չենք գնացել սահմանադրական փոփոխությունների։

- Այդ դեպքում անիմաստ կլինի մեր գնահատականը պատգամավորների մասով, թեպետ տեղին է հարցադրումը, որ նրանց մի մասը հավելյալ արդյունք չի ստեղծում, բայց աշխատավարձ է ստանում։

- Այո, եւ շատ լավ կլինի, որ դուք էդ բոլոր դեպքերը հանեք, ցցուն բոլորին ցույց տաք, ասեք՝ ժողովուրդ, էս ձեր ընտրած մարդը լավ չի աշխատում, հլը հարցրեք, ասեք՝ մինչեւ հիմա ի՞նչ ա արել 2-3 ամիս է։