Եթե ես պաշտոնական դիրք եմ չարաշահել, ուրեմն թող ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն զբաղվի դրանով

Եթե ես պաշտոնական դիրք եմ չարաշահել, ուրեմն թող ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն զբաղվի դրանով

Երեկ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող Earth link եւ Advanced Resources Development (ELARD) ընկերության հետեւում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ նրա գրասենյակի ղեկավար, ծագումով լիբանանցի Վարագ Սիսեռյանը։ ELARD-ը նույնպես լիբանանյան ընկերություն է, եւ կասկած կա, որ հենց Սիսեռյանի ջանքերով է բյուջեից 400 հազար դոլար հատկացվել այս ընկերությանը, որ վերջինս ուսումնասիրություններ կատարի հանքավայրում եւ եզրակացություն տա՝ հանքավայրը շահագործելը վնասակա՞ր է, թե՞ ոչ։

Նշենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման լիցենզիա ստացած «Լիդիան» ընկերությունն էլ արդեն պատրաստվում է դիմել միջազգային արբիտրաժ, որ այս հարցը կարգավորվի, քանզի քանի ամիս է՝ հանքավայրը փակել են ցուցարարներն ու թույլ չեն տալիս հանքը շահագործել։ Կառավարությունն էլ սպասում է ELARD-ի ուսումնասիրությունների ավարտին, որ ստանա եզրակացությունն ու որոշի ինչպես վարվել, այսինքն՝ կախված է ELARD-ի տված եզրակացությունից․ եթե որոշվի, որ հանքավայրը կարելի է  շահագործել, կառավարությունն արդեն պետք է ցուցարարների, բնապահպանների հետ բանակցի, որ կարողանա հանքի շահագործման համար բավարար պայմաններ ապահովել, իսկ եթե պարզվի, որ վնասակար է հանքի շահագործումը, ուրեմն ստիպված է լինելու գնալ, միջազգային դատարաններում «քյալլա տալ» «Լիդիանի» հետ՝ կրելով միլիոնների կորուստներ։ Եվ հիմա այս իրավիճակում դեռ մի բան էլ տեղեկություն է տարածվում, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն է բյուջեից հսկայական գումար ուղղորդել դեպի իր նախընտրած կազմակերպությունը։ Սա դասական կոռուպցիայի օրինակ է, ոչ պակաս, քան Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը։
Երեկ մենք կապվեցինք Վարագ Սիսեռյանի հետ՝ նրա մեկնաբանությունը լսելու համար։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Ավինյանի գրասենյակն այդ մրցույթի հետ կապ չունի, եւ որ ELARD-ը հաղթող է ճանաչվել Քննչական կոմիտեի հայտարարած մրցույթի արդյունքում, քանզի ՔԿ-ն է զբաղվել այս հարցերով, ո՛չ իրենք։ «Ես կարծում եմ, որ այդ հոդվածի մեջ կա հանցագործության մասին հաղորդում, այսինքն՝ ինձ մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Եթե ասում են, որ ես իմ դիրքն օգտագործել եմ եւ ինչ-որ ընկերության հետ կապ եմ հաստատել, ուստի այստեղ փաստացի կա հանցագործության մասին հաղորդում, եւ դրանով պետք է այս դեպքում կա՛մ ԱԱԾ-ն, կա՛մ ՀՔԾ-ն զբաղվի, եւ հետաքննություն սկսեն, որ հասկանան՝ որքանով են այդ մեղադրանքները համապատասխանում իրականությանը։ Ես պահանջում եմ, որ դա կատարվի»,- հայտարարեց Սիսեռյանը։

Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ հենց ELARD-ն է հաղթող ճանաչվել, եթե ինքը՝ որպես լիբանանահայ, կապ չունի լիբանանյան այդ ընկերության հետ, իսկ Լիբանանն էլ հայտնի չէ այդ ոլորտում ունեցած փորձով ու մասնագիտացմամբ։ «Իմ կարծիքով՝ դա պրիմիտիվ վերլուծություն է՝ կապել այդ ընկերությունն իմ  հետ, երբ տեսնում են, որ ընկերությունը լիբանանյան է, ես էլ այսօր միակ լիբանանահայն եմ կառավարությունում»,- ասաց նա։ Իսկ ե՞րբ պիտի տա եզրակացությունը։ Սիսեռյանն ասաց, որ իր տեղեկությամբ՝ մինչեւ մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ։
Երեկ Քննչական կոմիտեն էլ մեկնաբանություն տարածեց այս առնչությամբ՝ նշելով, որ 2018 թվականի նոյեմբերի 8-ին ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին մրցույթ, որին մասնակցել էին տարբեր միջազգային մասնագիտական ընկերություններ, եւ արդյունքում հաղթող էր ճանաչվել ELARD ընկերությունը, որը ՀՀ ՔԿ-ի հետ ստորագրել է պայմանագիր։