Օրը կգա, և բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել փողոց, կհիասթափվեն

Օրը կգա, և բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել փողոց, կհիասթափվեն

2018 թվականի ապրիլի 23-ն այն պատմական օրն է, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով․ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Եվ դրանից սկսվեց «Նոր Հայաստանի» էպոխան։ Այս մոգական բառերի իմաստը մեկ տարի անց դեռ ոչ ոք չի կարողացել վերծանել՝ այդ որ հարցում էր ճիշտ Նիկոլը, եւ ինչում սխալվեց ինքը՝ անփոխարինելի ու անսխալական Սերժ Սարգսյանը։ Գուցե նույնիսկ այս հարցո՞ւմ է Սերժը սխալվել։ Ու մինչ Սերժ Սարգսյանը լռում է եւ ոչ մի գնահատական չի հնչեցնում Փաշինյանի հեղափոխության ու մեկ տարվա արդյունքների մասին, նրա թիմը՝ ՀՀԿ-ի նվիրյալ նժդեհականները, ամեն օր թուքումուր են թափում Նիկոլի հասցեին՝ նրան մեղադրելով հազար ու մի մեղքի, ստի, կեղծիքի ու խոստումները չկատարելու մեջ։ Այս հարցում ամենադաժանն ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է՝ ՀՀԿ խոսնակը։ Երեկ մեզ հետ զրույցում դեռ հարցը չհնչած՝ Շարմազանովը բացեց «բողոքի գիրքն» ու այնպես բուռն «ամփոփեց» մեկ տարին, որ նույնիսկ Նիկոլը կնախանձեր նրան՝ որպես ընդդիմադիր։

«Մեկ տարին հիասթափության տարի էր ոչ թե ինձ համար, այլ հասարակության համար, ես ի սկզբանե դեմ եմ եղել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, փողոցի միջոցով իշխանությանը եւ ես մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ սա ոչ թե հեղափոխություն էր, այլ սա հեղաշրջում էր եւ իշխանազավթում էր, որը համեմված էր ստով, կեղծիքով, սպառնալիքով, շանտաժով եւ ատելությամբ։ Իսկ մեկ տարվա ընթացքում բոլոր ոլորտներում, ինչ որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, ոչ միայն չի կատարել, այլեւ ձախողել է»,- ասաց Շարմազանովը։

- Այդ ամենով հանդերձ՝ միեւնույն է, մեկ տարի անց դեռ շարունակում է թեւածել այն թեզը, որ Նիկոլը ճիշտ էր, Սերժը՝ սխալ։ Այս թեզը պահպանվե՞լ է Ձեզ համար, թե՞ ինչ-որ փոփոխություն կրել է։

- Ես էն ժամանակ էլ ասել եմ, որ Նիկոլը ճիշտ չէր։

- Բայց Ձեր ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, ասում էր, որ Նիկոլը ճիշտ էր։

- Սերժ Սարգսյանը դա ասում էր կոնկրետ իրավիճակի հետ կապված եւ Սերժ Սարգսյանն ինքը կմեկնաբանի հարկ եղած դեպքում, թե ինչ է նկատի ունեցել։ 

- Իսկ այդ կոնկրետ իրավիճակում Դո՞ւք էլ եք համաձայն, որ Նիկոլը ճիշտ էր, Սերժը՝ սխալ, թե՞ հակասություն կա Ձեր եւ Սարգսյանի խոսքերում։

- Ես նախագահի խոսքերը չեմ մեկնաբանում։ Երբ որ ժամանակը գա, եւ Սերժ Սարգսյանը բոլոր հարցերի պատասխանները տա, Ձեզ համար պարզ կլինի, որ մեր ասածների մեջ հակասություն չկա։

- Այսօր արդեն հիշեցնում են մեկ տարի առաջվա Ձեր խոսքերը, երբ հեղափոխությունից մի քանի օր առաջ ասում էիք, թե ընդամենը մի քանի հարյուր հոգի է փողոց դուրս եկել, ոչ մի ժողովրդավարական ալիք չկա,  հարյուր-հազարավոր մարդիկ չեն եւ այլն։ Եթե իմանայիք, որ Դուք սխալվելու եք, եւ հեղափոխություն է լինելու, ինչպե՞ս կարտահայտվեիք այդ ժամանակ։

- Ես էն, ինչ որ արտահայտվել եմ, նույն բանը կարտահայտվեի էսօր։ Էն, ինչ որ արել եմ մեկ տարի, հինգ տարի, տասը տարի առաջ, որեւէ բանից ոչ միայն չեմ հրաժարվում, այլ նաեւ պնդում եմ, որ ես գլոբալ առումով բոլոր իմ հայտարարությունների տերն եմ։ Սա հեղափոխություն չէր, սա իշխանազավթում էր եւ շատ բացասական երեւույթ էր Հայաստանի համար։ Եթե մի պետության վարչապետ կանգնում հայտարարում է, թե երկրում կան օտարերկրյա գործակալներ, ու էդ օտարերկրյա գործակալների անունը վախենում է տալ, էդ մարդն իրավունք ունի՞ վարչապետ լինելու, կամ էլ ինքը սուտի բաներ ա խոսում։

- Իմ ասածն այլ է։ Խնդիրն այն է, որ Դուք այն ժամանակ շատ ինքնավստահ էիք խոսում եւ չէիք հավատում, որ հոծ բազմություն դուրս կգա ձեր իշխանության դեմ։ Ինչի՞ց էր գալիս այդ վստահությունը, եւ ի՞նչ զգացիք, երբ պարզվեց՝ սխալվել եք։

- Գիտե՞ք ինչ կա, ես չեմ կարծում, որ ես սխալ եմ եղել, որովհետեւ ով որ շատ ա, նա ճիշտ ա, դա իմ համար աքսիոմ չի։ Ես կարծում եմ, որ օրը կգա, եւ բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել փողոց, կհիասթափվեն, որ իրենք խաբված են եղել։

- Բայց 10 տարի շարունակ դուք շատ էիք, պառլամենտում ձեր ասածն անցկացնում էիք ու ասում էիք, որ դուք եք ճիշտ։

- Ոչ, մենք չենք ասել՝ մենք ճիշտ ենք։ Ես ինչ արել եմ, արել եմ իմ համոզմունքով եւ գլոբալ առումով կրկնում եմ՝ իմ համոզմունքի դեմ բան չեմ արել։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ես այսօր էլ գտնում եմ, որ փողոցով իշխանություն փոխելը մեր երկրի համար անթույլատրելի է։

- Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել ու կիսվել իր հուշերով, որ մեկ տարի առաջ այս օրը, երբ իրեն ձերբակալել ու պահում էին Էրեբունու ձերբակալվածների պահման վայրում, Արա Բաբլոյանը նրան սնունդ է տարել, վարչապետ Կարեն Կարապետյանն է իրեն այցելել ու բանակցել է, եւ դրանից հետո նոր Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։

- Արարատ Միրզոյանը սուտ է ասում։ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին մենք իմացել ենք մինչեւ Կարեն Կարապետյանի՝ Միրզոյանի մոտ գնալը։

- Այդ դեպքում ինչո՞ւ էր Կարապետյանը գնացել Միրզոյանի ու Փաշինյանի մոտ, ինչի՞ շուրջ էր բանակցում նրանց հետ։

- Դա Կարեն Կարապետյանին հարցրեք, Նիկոլ Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին։ Ի՞նչ իմանամ՝ ինչ են բանակցել։ Ես Ձեզ քաղաքական որոշումն եմ ասում՝ մինչեւ Կարեն Կարապետյանի գնալը, Սերժ Սարգսյանն արդեն որոշել էր, որ հրաժարական է տալու։ Եվ այդ մասին առնվազն ՀՀԿ ողջ խմբակցությունը գիտեր։ Կա՛մ Արարատ Միրզոյանը բարեխիղճ չի ու ճիշտը չի ասում, կա՛մ էլ պարոն Միրզոյանին թյուրիմացության մեջ են գցել։ Սերժ Սարգսյանի հրաժարականը որեւէ կապ չունի Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան հանդիպման հետ։

- Իսկ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն այդ ընթացքում հանդիպե՞լ են, երբ Փաշինյանը ձերբակալված էր։

- Ոչ։ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են մի օր առաջ՝ «Մարիոթում»։

- Դրանից հետո այլեւս չե՞ն հանդիպել։

- Չէ, իհարկե, ոչ։

- Օդում կախված լուրեր կան, որ նրանք, ամեն դեպքում, «Մարիոթից» հետո էլի հանդիպել են։

- Օդում կախված լուրերի մասնագետը Նիկոլ Փաշինյանն է, դիմեք նրան, թող ինքը պատասխանի՝ հանդիպե՞լ են, թե՞ ոչ։ Ես նման՝ օդում կախված լուրերի չեմ տիրապետում։