Ուրեմն ապրեք երջանիկ, իբրև բուֆերային գոտի Թուրքիայի և Ռուսաստանի միջև․ Միքայել Աջապահյան

Ուրեմն ապրեք երջանիկ, իբրև բուֆերային գոտի Թուրքիայի և Ռուսաստանի միջև․ Միքայել Աջապահյան

«Մեր այցելությունը Ոսկեպար նրա համար էր, որ այդ գործընթացը տեղային չընկալվի․ այդ խնդիրը ոսկեպարցիների խնդիրը չի, այլ համազգային, համահայկական խնդիր է, դա նաև վերաբերում է շիրակցիներին», «Հրապարակի» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Եթե մի քանի շվանիձորցի, մի քանի ամասիացի մտածում են, որ իրենց խնդիրն է նաև, ուրեմն կարելի է նաև իրավիճակ փոխել»,-ասաց Սրբազանը։

Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության մասին, և պատասխանելով մեր հարցադրմանը, որ նախաձեռնության առաջնորդ ընկալվում է Բագրատ Սրբազանը, Շիրակի թեմի առաջնորդը նկատեց, որ Բագրատ Սրբազանը Տավուշում անվիճելի առաջնորդ է՝ իր մակարդակի, իր խոշորության համարժեք մեկը չկա Տավուշում, հետևապես ցանկացած շարժում անհնար էր պատկերացնել առանց նրա առաջնորդության։

«Տավուշցիները պատրաստ են ընդհանուր հայրենիքի դեմ ուղղված սպառնալիքների դեմ գործողություններ ձեռնարկելու և դա կոչ է մյուս մարզերին, որպեսզի մյուս մարզերը նույնպես միանան․ միանան ոչ թե տավուշցիներին, այլ հայրենիքի փրկությանը»,- ասաց Աջապահյանը։

Երբ կրիտիկական զանգվածն ավելի մեծանա և ձևավորվի, կարող են տեղի ունենալ նաև այլ քայլեր, այլ գործողություններ։ Իշխանափոխությունն անհրաժեշտություն է, հակահայկական իշխանությունը՝ պրոադրբեջանական իշխանությունը պետք է հեռանա ու գա հայկական, ազգային իշխանությունը։ Ընդ որում, իշխանափոխությունից հետո էլ կարող մեկ այլ պրոադրբեջանական իշխանություն գալ։
Իսկ ազգային ազատագրական պայքարի այս փուլում եկեղեցին կարող է ստանձնել այն դերը, ինչ դեր, որ հասարակությունը կուզենա, որ եկեղեցին ստանձնի։

«Նույնիսկ եթե եկեղեցին ինչ-որ ռևանշիստական կոչեր է անում, դրանք պետք է լինեն հավասարակշիռ և պրագմատիկ։ Եկեղեցին չի կարող գնալ արկածախնդրության։ Դարեր շարունակ, որ եկեղեցին կարողացել է պահել ժողովրդին իր պատմական հայրենիքում՝ դա հենց այդ ռեալ, գործանական մոտեցումն է եղել եկեղեցու՝ երբեք չգնալ արկածախնդրության, ինչին գնացին կուսակցությունները և ստացանք այն, ինչ որ ունենք։ Մեզ պարզապես մեր հեղինակությունը չի հետաքրքրում, ոչ էլ մեր հեղինակության ավելի բարձրացումն է հետաքրքրում, մեզ հետաքրքրում է այս ազգային ազատագրական շարժման հաջողությունը, մեզ հետաքրքրում է հաղթանակը։ Հաղթանակի հասնելու համար մենք արկածախնդրության գնալ չենք կարող»,-ասաց Սրբազանը։

ՀՀ ներկա իշխանությունները փորձում են հոգևորականներին ներկայացնել որպես արկածախնդիրներ, որոնք չեն գիտակցում վտանգները, սպառնալիքները ու այնպիսի հայտարարություններ են անում, որ ապակողմնորոշեն հանրությանը։ «Պիտի հասունացվի այն փուլը, երբ որ կարելի է կատարել նաև այնպիսի բաներ, որոնք այսօր չեն կատարվում»,-շեշտեց Աջապահյանը։

3 տասնամյակի ընթացքում Արևմուտքը և մասնավորապես Միացյալ Նահանգները, մեզ միշտ ուղղորդել են, որ հրաժարվենք մեր պատմական հավակնություններից, որ «հանգիստ ապրենք»։

«Հրաժարվեք ձեր պատմական հավակնություններից, որպեսզի հանգիստ ապրեք։ Սահմանափակվեք այն սահմաններով, որոնք իբր թե միջազգայնորեն ճանաչված են և հաշտվելով ձեր հարևանների, ինքներդ ձեր հետ ու ձեր պատմության հետ, ապրեք խաղաղ և երջանիկ, իբրև խաչմերուկ` երկու թուրքական պետությունների, բուֆերային գոտի Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Հետևաբար այս նարատիվը հայկական նարատիվ չէ, եթե հայկական նարատիվ լիներ, մենք ի սկզբանե 1990 թվականից պետք է հրաժարվեինք Ցեղասպանության գաղափարից, Արցախի գաղափարից, ինչ եղել՝ եղել է, 1.5 միլիոնը զոհվել է, սա թուրքական և արևմտյան նարատիվ է։ Սրան հայ ժողովրդի կողմից համաձայնվելը նշանակում է պարտության և նվաստացման վերջակետ։ Այսինքն, մենք աշխարհի աչքի առաջ կարող ենք համարվել խելագար․ մի ժողովուրդ, որը խոսում է Ցեղասպանությունից, Ծիծառնակաբերդում ծաղիկ է դնում, բոլոր պաշտոնական պատվիրակություններին պարտադրում է բարձրանալ Ծիծեռնակաբերդ, բայց պահանջ չունի: Այդ դեպքում ցեղասպանության մասին մի խոսեք, գնացեք՝ ձեռքերը համբուրեք, ասեք, լավ ես արել՝ Ցեղասպանության են ենթարկել, ամբողջ հարցը լուծել ես։ Անաստաս Միկոյանն էր այդպես ասում՝ Թուրքահայաստանի հարցը լուծված է։ Ուրեմն դու էլ ասա` այս Հայաստանն է, այս 29.800 քառակուսի կիլոմետրն է, չկա Արցախ, Արցախում էլ չկա ոչ Գանձասար, ոչ Ամարաս, ոչ Դադիվանք, դրանք բոլորը աղվանական հուշարձաններ են, Նախիջևանում երբեք հայ չի ապրել։ Չես կարող դու քեզ խելագարի նման պահել, քո բոլոր խոսքերը պիտի իրար հետ բռնեն ու իրար համակշռեն։ Եթե դու խոսում ես Ցեղասպանությունից, չես կարող չխոսել հատուցումից»,-ասաց Սրբազանը։

Մեր արևմտյան սահմանը գծված է Ցեղասպանությամբ, իսկ արևելյան և հարավ-արևմտյան սահմանները գծված են ստալինյան բռնապետության կողմից։ Ինչպե՞ս կարելի է համակերպվել այդ սահմանների հետ և ինչպես կարելի է Եվրոպային, ԱՄՆ-ին կամ մեկ ուրիշին ասել, որ մենք պատրաստ ենք համակերպվել այն սահմանների հետ, որոնք մեզ պարտադրվել են անօրինաբար և անարդար կերպով։

«Մենք խաղաղության ենք ձգտում և դրա համար Թուրքիան պիտի հատուցի, Ադրբեջանը պետք է հատուցի, որպեսզի լինի խաղաղություն, այլապես խաղաղություն չի լինելու»,- ասաց Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։