Ինչ է թաքցնում «Կարմիր խաչը»

Ինչ է թաքցնում «Կարմիր խաչը»

2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական քողի ներքո փակեցին Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախի Հանրապետությունն ամիսներ շարունակ զրկած էր  Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այդ ընթացքում Արցախից Հայաստան էին տեղափոխվում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հենց Կարմիր Խաչի ավտոմեքենայից։

Օրեր առաջ Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի դատական նիստը: Տարեց տղամարդն ակնհայտորեն ենթարկվում է խոշտանգման, նա դատարանի դահլիճում լաց եղավ, նկատելի էր, որ նա ծանր հոգեբանական վիճակում է գտնվում: Նրա դուստրը` Վերա Խաչատրյանը շաբաթ օրը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ «Կարմիր խաչը» դատական նիստերի մեկնարկից հետո չի այցելել իր հորը եւ իրենք որեւէ լուր չունեն նրանից: Վերա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նաև նշել էր, որ «Կարմիր խաչը» Ադրբեջանում հայ ռազմագերիներին այցելում է ընդամենը ամիսը մեկ անգամ: 

«Հրապարակը» «Կարմիր խաչից» փորձեց պարզել, թե ինչո՞ւ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո դեռ չեն այցելել տարեց տղամարդուն, անզեն աչքով երևում էր, որ նա վախեցած է, ընկճված, Զարա Ամատունին ասաց. «Չկա նման բ….. չենք կարող քննարկել, չենք կարող քննարկել` ինչու: Կարող ենք այդ մասին ավելի կոնկրետ վաղը խոսել»:

Հարցին, ինչո՞ւ եք թաքցնում իրականությունը հանրությունից, ի վերջո` գերիների հարազատները խոսում են և հստակ նշում ամեն ինչի մասին, մեր զրուցակիցն ասաց. «Հարազատները դրա իրավունքն ունեն, մենք` ոչ: Չկա նման բան մեր այցելության մասով` ինչու կամ ոչ ինչու», - ասաց Զառա Ամատունին: 

Մենք նաև հարցրեցինք` լուրեր կան, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի բանտում խոշտանգումների է ենթարկվել: Ըստ մեր աղբուրի` վերջինիս ազերիների ստիպել են ասել «Ղարաբաղն Ադրբեջան է», սակայն նա հրաժարվել է ասել եւ խոշտանգումների է ենթարկվել:

«Կարմիր խաչից» հետաքրքրվեցինք` այցելե՞լ են արդյոք Լևոն Մնացականյանին, թե՞ ոչ: Զառա Ամատունին լսելով վերջինիս անուն ազգանունն ասաց. «Ո՞ւմ: Հա, ես ոչ մի նման խոսակցություն չեմ կարող տալ, եկեք խոսենք վաղը: Մենք խոսում ենք իշխանությունների և տվյալ անձանց ընտանիքների հետ, հանրությունն այս պահին մեզ համար երրորդ տեղում է»- ասաց նա:

Բայց ընտանիքի անդամներն էլ տեղյակ չեն, օրինակ, Վագիֆ Խաչատրյանի դուստրը գրեթե ոչինչ չգիտեր իր հոր մասին, Զառա Ամատունին ասաց. «Ընտանիքների հետ մենք անմիջական կապի մեջ ենք»: