Աշխարհը նոր «մեծ անորոշության» առաջ է կանգնած

Աշխարհը նոր «մեծ անորոշության» առաջ է կանգնած

Աշխարհը բախվել է նոր «մեծ անորոշության»՝ Մերձավոր Արեւելքում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման պատճառով, որն ավելի խորանում է` ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված։ Բնականաբար, համաշխարհային տնտեսությունն էլ համարժեք է արձագանքում այդ «մեծ անորոշությանը»։ Այս հակամարտությունները, ըստ մասնագետների, սպառնալիք են ոչ միայն այն տարածաշրջանների համար, որտեղ գտնվում են, այլեւ աշխարհի խոշորագույն տնտեսությունների եւ տնտեսական կապերի համար։

Բանն այն է, որ համաշխարհային տնտեսությունը վերջին հարյուրամյակում դարձել է ավելի ինտեգրված։ Մատակարարումների միջազգային շղթաներն ավելացել են ու ամրապնդվել, տեխնոլոգիաները զարգանում են երկրաչափական պրոգրեսիայով՝ նպաստելով ամբողջ աշխարհում առեւտրի, կապիտալի եւ ինֆորմացիայի ազատ հոսքին։

Սա ընդհանուր անունով կոչվում է գլոբալիզացիա, որը հատկապես ուժգնացավ անցյալ դարի երկրորդ կեսից, երբ Գերմանիան վերամիավորվեց Երկրորդ աշխարհամարտից հետո, իսկ այն բանից հետո, երբ Չինաստանը դարձավ միջազգային առեւտրի առանցքային եւ գերհզոր մասնակիցներից մեկը, այս երեւույթը, կարելի է ասել, սկսեց տիրապետել։ Այս իրավիճակը շարունակվեց մինչեւ 2008 թվականը։

Այդ տարվա ֆինանսական գլոբալ ճգնաժամից հետո, ըստ որոշ վերլուծաբանների, վերոնշյալ կապերը սկսեցին թուլանալ։ Շատ երկրներ, ձգտելով կայունացնել իրենց ազգային տնտեսությունները, սկսեցին իրականացնել պրոտեկցիոնիստական քաղաքականություն, որն ուղղված էր իրենց արդյունաբերությունն արտասահմանյան մրցակցությունից պաշտպանելուն։ Սկսվեց մի երեւույթ, որը կոչվում է դեգլոբալիզացիա։ Մի շարք տնտեսագետներ կարծում են, որ ներկայում գլոբալիզացիան պարզապես փակուղում է հայտնվել, ուրիշները պնդում են, որ այն սպառել է իրեն չին-ամերիկյան առեւտրային պատերազմներից, կորոնավիրուսային համավարակից եւ ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Ավելի հեռուն նայող մասնագետները պարզապես հայտարարում են, որ գլոբալիզացիայի դարաշրջանն ավարտվել է, եւ ներկայիս պաղեստինա-իսրայելական պատերազմն էլ կարող է գլոբալիզացիայի «դագաղի» վերջին մեխերից մեկը լինել, որ խփվում է դեգլոբալիստների կողմից։ Ողջ խնդիրն այն է, որ գլոբալիզացիայի ժամանակ չի կարող տեղի ունենալ աշխարհաքաղաքական պառակտում, իսկ երբ դա տեղի է ունենում, կրճատվում է առեւտրային համագործակցությունը, նվազում է ինֆորմացիայի փոխանակությունը, տեխնոլոգիաների փոխանակությունը, ֆինանսական շուկաներում կապերը թուլանում են։ Այս ամենն աչքի առաջ ունենալով՝ տնտեսագետները սպասում են՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ են լինելու Մերձավոր Արեւելքում, հասկանալու համար, թե դրան ինչպես պետք է արձագանքի համաշխարհային տնտեսությունը։