Քայլենք «Արարատի» հետքերով

Քայլենք «Արարատի» հետքերով

Սպորտում, նույնիսկ ամենաբարձր հեղինակություն վայելող ստուգատեսներում, առանց սխալների մրցավեճեր չեն լինում: Իրենց` մարզիկների շրջանում էլ լայն տարածում է ստացել մի արդարացնող ասույթ. «Որտեղ լույս կա, այնտեղ էլ` ստվեր»: Բայց նայած թե ինչպիսի վրիպումներ են թույլ տրվում: Իրականությունն այն է, որ վերջին խոշոր մրցասպարեզներում, ավելի որոշակի` աշխարհի առաջնությունում, որտեղ մեր ե՛ւ ծանրորդները, ե՛ւ ըմբիշները (հունահռոմեական եւ ազատ ոճի) գրանցեցին անհատական ոչ այնքան սպասելի ցուցանիշներ, եւ մենք չունեցանք գոնե մեկ չեմպիոն, սա ընկալվեց որպես ցավալի բացթողում: Ճիշտ է, այնուամենայնիվ, մեդալներ նվաճվեցին: Իսկ ահա մեր մարմնամարզիկները նույնանման մրցումներից, ավաղ, ձեռնունայն վերադարձան Անտվերպենից: 

Իհարկե, պետք է խոստովանել, որ որակավորման փուլի մրցումներում մեր տղաներն իրենց բավականին լավ դրսեւորեցին` Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս եկան եզրափակիչ՝ այսպիսով իրենց համար ապահովելով եկող տարի Փարիզում կայանալիք օլիմպիական ուղեգրեր: Իսկ ահա առանձին վարժություններում գրանցված արդյունքները սպասվածից համեստ էին` այս անգամ պատվո պատվանդանին նրանցից ոչ ոք տեղ չզբաղեցրեց: Ամենաբարձրը չորրորդ տեղն էր, որին արժանացան 39-ամյա Հարություն Մերդինյանը (օղակներ) եւ Վահագն Դավթյանը (նժույգաթափեր), իսկ Տոկիոյի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկերում բավարարվեց 6-րդ տեղով:
Գովելի են մեր բռնցքամարտիկների ելույթները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, որտեղ խաղարկվեց Եվրոպայի գավաթը: Հայաստանի հավաքականը գրավեց 3- րդ մրցանակային տեղը, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն արժանացավ ոսկե մեդալի: Նրա թիմակից Ռուդոլֆ Գարբոյանն արծաթե մրցանակ նվաճեց 51 կգ քաշային կարգում: Մեր թիմի տղաներից չորսն էլ դարձան բրոնզե մրցանակակիրներ:

Նշենք նաեւ գեղասահքի Ռուսաստանի «Գրան պրի» անվամբ Ուրֆայում անցկացված կանանց կարճ եւ ազատ ծրագրով մրցումներում հաղթանակ տարած 16-ամյա հայազգի Ադելիա Պետրոսյանին: Փարիզյան պատկառելի ստուգատեսից մեզ բաժանում են ամիսներ: Սակայն դա էլ բավական ժամանակ է՝ անցած մրցումներից ճիշտ հետեւություններ անելու, անպայման շրջադարձի հասնելու, Աստծո պարգեւած ձիրքն ու շնորհքը լիարժեք դրսեւորելու համար: Իսկ մեզ մոտ կայացած միջազգային մրցումներից առանձնացնենք «Երեւան օփենի» 5-րդ ստուգատեսը, որտեղ իրեն գերազանց դրսեւորեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով ոչ մի պարտություն չկրեց կայացած 9 հանդիպումներում՝ վաստակելով բոլորից շատ` 7,5 միավոր: Նրանից կեսական միավոր պակաս ունեցան եւ լավագույն եռյակում տեղ գրավեցին հնդիկներ Ադհիբանն ու Պուրանիկը:

Այսօր հիանալի առիթ է՝ հիշատակելու բոլորիս աներեւակայելի ոգեւորություն պարգեւած մի փաստ․ ուղիղ կես դար առաջ, ավելի կոնկրետ` 1973 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի համար եզրափակիչ մրցամարտում հաղթելով Կիեւի «Դինամոյին»՝ հայկական ֆուտբոլի դրոշակակիր Երեւանի «Արարատը» հասավ իր ամենապատկառելի նվաճմանը՝ արժանանալով արծաթե մրցանակին: Դա նաեւ կամային հաջողություն էր, որի գլխավոր դերակատարը, անտարակույս, Լեւոն Իշտոյանն էր` մրցակցի խփած մեկ գոլին հետեւեցին նրա երկու դիպուկ հարվածները:

Կարելի է պատկերացնել, թե խաղից հետո մոսկովյան ռեստորաններում ինչ էր կատարվում` մեր հպարտ հայրենակիցներն ինչ ոգեւորությամբ էին նշում այդ իրադարձությունը: Իսկ Երեւանի բազում բակերում հարեւանները ճոխ սեղանների շուրջ բաժակ էին բարձրացնում՝ իրենց հիացմունքն ու հրճվանքն արտահայտելով եւ նոր նվաճումներ մաղթելով «Արարատի» հրաշագործ տղաներին: Հատկանշական է, որ մոտ երեք շաբաթ անց էլ գրանցվեց նոր հաղթարշավ. մարզական հրաշագործությամբ աչքի ընկած մեր թիվ մեկ ֆուտբոլային թիմի մասնակցությամբ` արարատցիները նվաճեցին նաեւ Խորհրդային Միության չեմպիոնի պատվավոր տիտղոսը՝ վստահ առավելության հասնելով բոլոր՝ 15 մրցակից թիմերի նկատմամբ:

Ֆուտբոլասերների նոր սերնդին հաստատ կհետաքրքրեն նաեւ «Արարատի» գրանցած մի քանի ռեկորդային ցուցանիշները: Կաշվե գնդակի հայ վարպետները, դրսեւորելով անկոտրում կամք, բոլորից շատ` 22 անգամ պարտության են մատնվել Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) «Զենիթին»: Մրցաշրջան 73-ի ժամանակ արարատցիները տարել են բոլորից շատ` 18 հաղթանակ, լավագույն արդյունքի հասնելով նաեւ խփած գոլերով` 52: Առավել շատ` 4-ական անգամ, երեւանցիները հաղթել են Բաքվի «Նեֆթչի», Թբիլիսիի «Դինամո» եւ Կույբիշեւի (Սամարա) «Կռիլյա սովետով» թիմերին: 1971-73 թվականներին մրցելով Մոսկվայի հինգ թիմերի հետ` մեր ֆուտբոլիստները ոչ մի պարտություն չեն կրել: Սրանք փաստեր են, որոնք պետք է օրինակ ծառայեն այսօր Հայաստանը ներկայացնող մարզիկների համար:

Հիսնամյա պատմություն ունեցող մարզական փառավոր իրադարձություններից վերադառնալով մեր օրերը՝ ստիպված ենք ավարտել շռայլ գովեստների տոնայնությունը, եւ դրա պատճառը Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլի շրջանակներում հինգշաբթի օրը կայացած Լատվիա-Հայաստան հանդիպումն էր, որը թեեւ մեզ համար շատ կարեւոր նշանակություն ուներ, ավաղ, ունեցավ խայտառակ ավարտ․ մեր ազգային ընտրանին 0:2 հաշվով տանուլ տվեց բացահայտ աուտսայդերին` մի մրցակցի, որը մինչ այդ բոլոր հինգ խաղերում կրել էր պարտություններ...
Ռիգայում կայացած հանդիպումը, ճիշտ է, հնարավոր է այլ ելք ունենար, եթե մեկնարկային րոպեներին հաշիվը բացելու 2 անգամ շատ հնարավոր դիրքերում հայտնված Բարսեղյանը չհապաղեր ու ձեռքից բաց չթողներ գոլ խփելու շանսերը: Բաց թողեց, եւ մրցամարտը սկսեց ստանալ այլ ընթացք` արագաշարժ ու վճռական գործող դաշտի տերերը հմտորեն օգտագործեցին հյուրերի թույլ տված բազում վրիպումները եւ խփեցին առաջին գոլը (Իվաունիեկս): Ցավոք, դրանից հետո էլ իրողությունը չփոխվեց, թեեւ երկրորդ խաղակեսի սկզբին, մրցավարի հետ վիճելու համար, երկրորդ դեղին քարտ ստանալով, ասպարեզը ստիպված էր լքել լատվիացի Օշսը: Սակայն, չնայած ստացած նույնիսկ թվային առավելությանը, մեր ֆուտբոլիստներն անկարող եղան ճիշտ կողմնորոշվել, արդյունավետ օգտագործել հնարավորությունները: Ինչի՞ մասին է խոսքը, երբ նույնիսկ այս իրավիճակում նրանք թույլ տվեցին դաշտի տերերին՝ խփել եւս մեկ գոլ (Բալոդես) եւ իրենց օգտին գրանցել առաջին հաղթանակը: Նման բան ոչ ոքի մտքով չէր անցնում: Մեր ընտրանու ելույթը կարելի է գնահատել մեկ բառով` հիասթափություն։

Այսօրվա դրությամբ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի (աղյուսակում նշված են թիմերի անցկացրած խաղերի քանակը, վաստակած միավորները եւ խփած ու բաց թողած գոլերը): Հաջորդ փուլ են անցնում առաջին երկու տեղերը գրաված թիմերը.
1. Թուրքիա 7 16 13-6
2. Խորվաթիա 6 10 10-4
3. Ուելս 6 10 8-8
4. Հայաստան 6 7 8-9
5. Լատվիա 7 3 5-17
Ընտրական մրցափուլի ավարտական հանդիպումների օրացույցը. նոյեմբերի 18-ին` Հայաստան-Ուելս, Լատվիա-Խորվաթիա, նոյեմբերի 21-ին` Խորվաթիա-Հայաստան, Ուելս-Թուրքիա:

Միսակ Նազարյան