ԱՄՆ-ին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեծ մերձավորարևելյան պատերազմ

ԱՄՆ-ին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեծ մերձավորարևելյան պատերազմ

Իսլամական երկրների առաջնորդները հուզվել են Գազայում Իսրայելի բանակի կողմից իրականացվող վայրագություններից եւ տարբեր կոչեր են հնչեցնում՝ դադարեցնելու պաղեստինցի արաբների ցեղասպանությունը կամ նրանց բռնի տեղահանումը: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իրաքի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ բոլոր իսլամական երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար: «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է այդ կապակցությամբ կոլեկտիվ գործողություններ ձեռնարկել Իրաքի եւ բոլոր իսլամական երկրների հետ»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նույնպես շատ ազդված է Իսրայելի հակամարդկային գործողություններից՝ «անընդունելի եւ անմարդկային» անվանելով Գազայի հատվածին ջրի, էլեկտրաէներգիայի, սննդի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման իսրայելական արգելքը: Երբ Ադրբեջանի բանակն 9 ամսից ավելի շրջափակել էր Արցախը՝ սովի եւ դանդաղ մահվան դատապարտելով 100 հազարից ավելի արցախցիների, Էրդողանը հրճվում էր այդ տեսարանից՝ իր հրապարակային աջակցությունը հայտնելով Ադրբեջանին, որովհետեւ հանցագործության հեղինակները եղբայր ադրբեջանցիներն էին, իսկ հանցագործության զոհերը` թշնամի հայերը: Նույն ձեւով Իրանը ոչ մի դատապարտող խոսք չարտաբերեց Արցախն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի գործողությունների դեմ, որովհետեւ հանցագործության հեղինակը հավատակից մահմեդականներն են, իսկ զոհերը՝ քրիստոնյա հայերը: Հիմա, երբ էթնիկ զտման են ենթարկվում մահմեդական արաբները, Իրանի սիրտը սկսել է ցավել նրանց համար, որովհետեւ ինքն ուզում է իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնել, ուզում է ցույց տալ, որ ինքն ամենաշատն է մտահոգ մահմեդականների ճակատագրով:

Եթե դու աշխարհի ամենաուժեղ եւ կարգեր թելադրող երկիրը չես, չես կարող քեզ թույլ տալ ընտրովի արդարադատություն: Ընտրովի արդարադատությունը միայն ուժեղների զենքն է` ընդդեմ թույլերի: Ընտրովի արդարադատություն իրեն կարող է թույլ տալ Միացյալ Նահանգները, կարող է մի դեպքում մարդկանց զանգվածային սպանությունը եւ էթնիկ զտումը դատապարտել, իսկ մյուս դեպքում` զենք եւ զինամթերք մատակարարել էթնիկ զտում իրականացնող երկրին, որ ավելի մեծ մասշտաբով եւ հնարավորինս արագ իրականացնի այդ զտումը: Ինչո՞ւ. որովհետեւ ԱՄՆ-ն այնքան ուժեղ է, որ ոչ մեկը չի կարող բռնել նրա ձեռքը եւ թույլ չտալ, որ նա զենք մատակարարի Իսրայելին: Մինչդեռ մյուս երկրներն իրենց նման բան թույլ տալ չեն կարող:

Օրինակ, Թուրքիան կոչ է անում, որ Իսրայելը դադարեցնի անմարդկային գործողությունները եւ իր զորքը դուրս բերի Գազայի հյուսիսից, կամ Իրանը սպառնում է, որ Իսրայելի դեմ համատեղ գործողությունների կդիմի: Թուրքիան չի կարող ավելին անել, քան կոչերն ու հայտարարությունները, Իսրայելը թքած ունի Էրդողանի կոչերի վրա եւ այդ կոչերից հետո էլ ավելի մեծ ուժգնությամբ է շարունակում Գազայի հատվածի հրթիռակոծությունը եւ խաղաղ բնակչության սպանությունները: Իսրայելին չեն կանգնեցնում Իրանի՝ համատեղ գործողությունների սպառնալիքները, որովհետեւ բացառված չէ, որ մերձավորարեւելյան հակամարտության սրման սցենարի հեղինակները եւս ուզում են, որ Իրանը կամ Թուրքիան գործողություններ ձեռնարկեն, ներքաշվեն պատերազմի մեջ: Իրանում դա հասկանում են, դրա համար, չնայած արդեն պատերազմի 11-12-րդ օրն է, Իրանը ոչ մի գործողություն էլ չի իրականացնում, եթե չհաշվենք «Հեզբոլլահի» կողմից իրականացվող հրթիռային հարվածները, որոնց Իսրայելը պատասխանում է ավելի մեծ ուժով: Այդ հարվածներից տուժում է ոչ թե Իրանը, այլ՝ Սիրիայի եւ Լիբանանի ժողովուրդը:  

Իրանում, Թուրքիայում եւ մյուս երկրներում հասկանում են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են Մերձավոր Արեւելքում խաղարկել ռուս-ուկրաինական պատերազմի սցենարը, երբ Ռուսաստանը Դոնեցկի եւ Լուգանսկի ազգակից ռուսներին պաշտպանելու համար պատերազմ սկսեց Ուկրաինայի հետ, որն արդեն մեկուկես տարուց ավելի շարունակվում է: ԱՄՆ-ն դեմ չի լինի, որ, հանուն պաղեստինցի արաբների պաշտպանության, Իրանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ հնարավորինս շատ երկրներ ներքաշվեն Իսրայելի դեմ պատերազմի մեջ: Իսրայելը միաժամանակ մի քանի երկրի դեմ պատերազմելու եւ հաղթելու փորձ ունի, իսկ իսրայելական բանակի ցածր մարտունակության կամ ՀԱՄԱՍ-ի զինյալների թվացյալ հաջողություններն այն խայծն են, որը կարող է դրդել այդ երկրներին՝ մտնել խաղի մեջ: Ամերիկացիները դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմից սկսած համոզվել են, որ իրենց հեգեմոնիայի եւ հզորության երաշխիքը եվրասիական տարածաշրջանում պատերազմներ հրահրելն ու այդ պատերազմների վրա հարստանալն է: Պատերազմները թուլացնում են հակառակորդներին, նրանց գցում ԱՄՆ-ից ֆինանսական եւ քաղաքական կախվածության մեջ: Մնում է սպասել եւ տեսնել, թե արդյոք Իրանը, Թուրքիան եւ պաղեստինցիներին աջակցող մյուս երկրները կմտնե՞ն Իսրայելի դեմ պատերազմի մեջ, թե՞ կբավարարվեն սատարող եւ դատապարտող հայտարարություններով: 

Առայժմ պաղեստինցի արաբները ստիպված են Գազայի հյուսիսից տեղափոխվել հարավ կամ ապաստան գտնել Եգիպտոսում, որը սահմանափակել է փախստականների մուտքը երկիր՝ թույլ տալով, որ սահմանը հատի օրական 2 հազար փախստական: Բոլոր փախստականների՝ այս տեմպով  տարհանման համար 2-3 տարի կպահանջվի: Հնարավոր է, որ ինչպես Ռուսաստանի հետ իրենց անվտանգությունը կապող արցախցիները հիասթափվեցին` չստանալով որեւէ պաշտպանություն այդ երկրից, այնպես էլ համաարաբական եւ համաիսլամական համախմբման կոչերով հանդես եկող պաղեստինցիները հիասթափվեն իրենց աջակիցներից, ովքեր կսահմանափակվեն միայն սատարման եւ դատապարտման հայտարարություններով՝ զգուշանալով պատերազմի ընդլայնումից: Չնայած, եթե ԱՄՆ-ն մի օպերացիա սկսել է, հաստատ համոզված է, որ կհաջողվի այդ երկրներին ներքաշել պատերազմի մեջ: 

Ավետիս Բաբաջանյան