Ընդդիմադիր առաջնորդները կան, բայց երկրորդ, երրորդ շարքում են սեղմված

Ընդդիմադիր առաջնորդները կան, բայց երկրորդ, երրորդ շարքում են սեղմված

Մեր հարցերին պատասխանում է վանաձորցի դրամատուրգ Սամվել Խալաթյանը:

- Արցախը վերջնականապես կորցրինք: Ի՞նչ պատահեց հայ ժողովրդի հետ։ Ինչո՞ւ մարդիկ չպայքարեցին ո՛չ Արցախի համար, ո՛չ Արցախը հանձնողների դեմ:

- Որպես կանոն, հարազատի կորստի հոգեմաշ ցավը հետո է գալիս, իսկ երբ հայրենիքից ենք բնաշխարհ կորցնում, այն էլ՝ այդքան դավադրական հոժարությամբ, ցավը պատելու է նաեւ սերունդներին: Ես մշեցու ծոռ եմ, ինձ ծանոթ է այդ զգացումը, եւ այդ տառապանքը ոչ միայն իմն է, այլեւ իմ որդիներինն ու թոռներինը: Ինչո՞ւ եմ այդ մասին ասում. հանրության յուրաքանչյուր շերտ, մեծ կամ փոքր չափով, Արցախի կորստի եւ մեր երկիրն ու պետականությունը վտանգված լինելու իրողությամբ՝ իր ուրույն ցավն ու ընդվզումն ունի: Դա հենց այն ներուժն է, որ հարկավոր է շարժման մեջ դնել, բեւեռացնել եւ պայքարի խելամիտ ճանապարհային քարտեզ առաջարկելով՝ մղել նպատակին: Բայց դրա համար կարողունակ թիմով առաջնորդ է պետք, մաքուր նկարագրով, փորձառու անհատականություն, գիտակ եւ ազդեցիկ առաջնորդ: Չկա այդ առաջնորդը, չունենք: Սկզբնական շրջանի հանրահավաքներում, երթերում, երբ համեմատաբար մեծ թվով մարդիկ կային, շարժումն առաջնորդում էին անձինք, որոնց նկատմամբ ժողովուրդը, շատ մեղմ ասած, դրական հույզեր ու հուշեր չունի: Վերջին հանրահավաքներում էլ ոմանք երեւակվեցին: Եվ ժողովուրդը մտածում է՝ աթոռակռիվ է: Ասում են՝ չէ, մենք չենք գա իշխանության, կոչ ենք անում՝ միասին ելնենք, իշխանափոխություն անենք: Լավ, բա ովքե՞ր են գալու, ո՞ւմ ենք վստահելու հայրենիքի, ազգի, պետականության ապագան: Չկա, ասված չէ: Ասում են՝ Նիկոլն անընդհատ խաբում է ժողովրդին: Ճիշտ են ասում: Իսկ իրենք չե՞ն խաբել: Այն էլ ինչքա՜ն… Եթե նախկինները ռեւանշի մտադրություն չունեն, եւ անձամբ իրենց իշխանական աթոռները չեն հետաքրքրում, ապա պետք է իրենց «առաջնորդի» տեղը զիջեին կարողունակ կադրերի: Կա՛ն նրանք, կա՛ն, բայց երկրորդ, երրորդ շարքում են սեղմված եւ երբեմն առ երբեմն յութուբյան ալիքներով են ինքնահաստատվում եւ, եկեք խոստովանենք, շատ ավելի իրատես են, դիվանագետ ու խարիզմատիկ, քան վերջին տասնամյակներում մեզ ծանոթ դեմքերը:

Հարց է՝ իսկ հանրահայտ նախկինների դերը ո՞րն է լինելու համաժողովրդական շարժման մեջ: Միանգամից ասեմ՝ ֆինանսավորելը: Աստղաբաշխական թվերի հարստություն են դիզել: Գալու է պահը, որ Նիկոլն իր «աշխարհաքաղաքական վերաձեւումների» միսիան ավարտելուց հետո ձեւը կգտնի՝ նրանց կուլակաթափ անելու համար: Կասկած չկա, որ Եվրոպան ու նրա բանկերը, ուր պահվում է հարստությունների զգալի մասը, Հայաստանի նկատմամբ իրենց իսկ քաղաքականությունից ելնելով, ամենաքիչը՝ կալանքներ կկիրառեն այդ հաշիվների վրա: Եվ էլի հարց է ծագում՝ իսկ ի՞նչ երաշխիքներ կարող են տալ նրանց իշխանության եկած նոր ուժերը: Կարծում եմ, երաշխիքը մեկն է լինելու՝ խաղաղ, ազնվորեն, մրցակցային զբաղվեք ձեր բիզնեսներով, շենացրեք երկիրը՝ քաղաքականության մեջ չակտիվանալով: Իհարկե, խոսքս բոլոր նախկիններին չի վերաբերում: Կան հատուկենտ անձինք, որոնք պետք է լինեն ե՛ւ առաջին գծում, ե՛ւ ապագա իշխանության մեջ: Եվ ՔՊ-ում էլ կան կադրեր, որ վհուկնեի որսի թիրախ չպետք է դարձնել:

- Իսկ ինչո՞ւ են լռում արվեստագետներից շատերը:

- Նայած թե ինչպես ենք հասկանում այդ լռությունը: Բազմաթիվ արվեստագետներ իրենց վերաբերմունքն արտահայտում են նոր ստեղծագործություններով: Դա լռություն չես համարի: Համաձայնեք, դա էլ է անհրաժեշտ: Ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, օրինակ, մեծարվեստ կտավներ է վրձնել, չի խուսափում նաեւ ոչ մի հարցազրույցից` համարձակ ու բաց ասում է իր կարծիքը: Բանաստեղծ Հովիկ Հովեյանի նոր ստեղծագործությունների գիրքը հրատարակչությունում է եւ այլն:

Ներկայիս մթնոլորտում, այո, անհրաժեշտություն կա նաեւ, որ մեր արվեստագետներն է՛լ ավելի ակտիվ լինեն հանրահավաքներում, մխիթարող, սատարող, ոգեւորող, ուղղորդող խոսք ասեն: Սակայն չմոռանանք, որ, մեծ հաշվով, արվեստագետը քաղաքական գործիչ չէ, նա կարող է թեժացնել հանրության հուզական կողմը (ինչպես մեր հոգեւոր հայրերից մի քանիսն են անում), բայց գործողությունների մղելը քաղաքական գործչի գործն է:
Այլ բան է, որ ստեղծագործական միությունները հանդես գային, բայց նրանք էլ, կարծես, մեր աշխարհից չեն, բոլորը պահ են մտել: Մինչդեռ ժողովրդի առաջ նրանց բարոյական պարտքն է՝ հանդես գալ, ի լուր աշխարհի բազմալեզու ահազանգ հնչեցնել, դիմել արտասահմանցի արվեստագետներին՝ սատարելու խնդրանքով: Ֆրանսիացի արվեստագետները, ի պաշտպանություն մեզ, խոսք ասացին, իսկ մենք լուռ ենք: Դա ապացուցում է մեր ծայր աստիճանի թշվառությունը: Մանկո՞ւրտ ենք…Խորհրդային տարիներին յուրաքանչյուր դպրոցում, մշակույթի տներում, ակումբներում կարելի էր տեսնել հայ հանճարեղ գիտնականների, գրողների, արվեստագետների նկարները: Դա տեղեկատվական եւ դատիարակչական մեծ նշանակություն ունեցող միջոց է: Այժմ եթե դրանք դեռ մի երկու տեղ էլ փակցված են, տխուր մտորումների տեղիք են տալիս: Նայելով դրանց՝ կարելի է կարծել, թե հայ ժողովուրդը Պատկանյան-Սեւակ, Շիրակացի-Համբարձումյան, Կոմիտաս-Խաչատրյան ծիրերից հետո մեծեր չի ծնել: Ինչո՞ւ այդ օրն ընկանք: Շատ պարզ է. վերջին 30 տարվա ընթացքում եւ հիմա էլ իշխանությունն ամեն ինչ անում է՝ գիտության, մշակույթի, արվեստի բնագավառներում ընդհանուր համայնապատկերից առանձնացած մեծ անհատականություններ չունենալու համար: Այդ «տիտղոսը» նրանց է վերագրվում, որոնք իշխանամետ են կամ՝ իշխանամերձ: Այդպիսիների շարքում, իհարկե, կան մեկ-երկու անվիճելի տաղանդավորներ, բայց երբ նայում ես նրանց ռեւերանսներին, սրտխառնուք ես զգում, ինչպես աղբանոցում հոտած աղբից:

- Ի՞նչ կարող ենք անել՝ իրավիճակը փոխելու համար:

- Իհարկե, առաջին հերթին՝ իշխանափոխություն: Օր-օրվա հետ դա ավելի դժվար է լինելու եւ ինչ-որ մի պահի կդառնա անհնար: Չպետք է մոռանալ, որ ներկայիս իշխանությունը շատ հարցերում թշնամիների սրտովն է, եւ նրանք ամեն ինչ կանեն՝ սրանց պահպանելու համար: Եվ դա կանեն անթաքույց, ժողովրդին տարբեր միջոցներով սիրաշահելով, կառավարման համակարգում, սոցիալական ոլորտում կոսմետիկ եվրոռեմոնտներով, որոնք ժամանակավոր ու խաբուսիկ գոհունակություն կպատճառեն մարդկանց, եւ հանրությունը կընկնի այն հավատացյալի օրը, որ իր հոգին արդեն ծախել է սատանային, կորցրել ինքնությունը, իր բախտի, ապագայի համար պայքարելու ունակությունը:

- Իրավիճակից դուրս գալու ելքը տեսնո՞ւմ եք:

- Ելքը մեկն է՝ համախմբվել: Մի կողմ դնել …, անձնային նախկին ու նոր բոլոր տեսակի փոխադարձ շահարկումներն ու նեղացկոտությունները՝ բռունցքվել դարավոր թշնամու դեմ, բռունցքվել հայ ժողովրդի պատմության, մշակույթի, հայրենիքի, պետականության դեմ նկրտումներ ունեցողների դեմ, ով էլ որ նա լինի: Բայց, ցավոք, Պարոնյանի ասած՝ «Առաջ կպոռանք, ետ-ետ կերթանք»։