«Հրապարակ». «Մայր Հայաստանը» վայր կդնի՞ Երեւանի ավագանու մանդատները

«Հրապարակ». «Մայր Հայաստանը» վայր կդնի՞ Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ավագանու ընտրություններում 12 մանդատով երրորդ տեղը զբաղեցրած «Մայր Հայաստան» դաշինքի անդամները հրաժարվում են մեկնաբանել՝ արդյո՞ք առաջիկայում մասնակցելու են ավագանու նիստերին, եթե այո, ապա՝ ի՞նչ օրակարգով։ 

«Մայր Հայաստան» դաշինքի ցուցակի երրորդ համար Մանուկ Սուքիասյանը, ով «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահն է, «Հրապարակ»-ի տեղեկություններով, ընտրվելու է խմբակցության ղեկավար: Նա մեզ հետ զրույցում ասաց. դեռ որոշում չունեն, խմբակցության նիստ տեղի չի ունեցել։ «Այս պահին դեռեւս հարցազրույցներ չեմ տալիս, այս շրջանում չեմ ուզում տալ»,- ասաց նա` ի պատասխան մեր հարցերին։

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին եւ ցույցերին մասնակցում էին նաեւ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները, իսկ Սուքիասյանը Հանրապետության հրապարակում մի քանի հանրահավաք վարեց: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք արդյունավետ գործի՞ք է համարում ավագանու անդամության մանդատները, եւ հնարավո՞ր է արդյոք վայր դնեն, քանի որ նման պահանջ կա նաեւ խորհրդարանական ընդդիմությունից, համենայնդեպս, այդպիսի քննարկումներ են սկսվել՝ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների շրջանում։ «Դուք, ըստ էության, հարցեր եք տալիս, որը համարվում է հարցազրույց»,- հարցին պատասխանելուց խուսափեց նախկինում սիրահոժար հարցազրույցներ տված Սուքիասյանը։ Մենք առարկեցինք, որ երեւանցիների մի մասն ընտրել է «Մայր Հայաստան» դաշինքին, ու սպասում են այս ուժի գործունեությանը, գուցե` արդյունավետ աշխատանքին, եթե չեք պատասխանում մեր հարցերին, ուրեմն հրաժարվում եք հաշվետու լինել հանրությանը։ «Հիմա չենք տալիս հարցազրույց, թողեք՝ մենք որոշենք, թե երբ հաշվետվություն տանք»։

Նույն քաղաքական ուժի ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանը կեղծ օրակարգ է որակում ավագանու անդամների մանդատները վայր դնելու թեման։ «Մանդատները վայր դնելու քննարկում չի եղել։ Մենք որ վայր դնենք մանդատները, կգա հաջորդ ուժը։ Ժողովրդի մեջ անիմաստ քննարկում են գցել, մենք վաղը հայտարարություն կտարածենք»,- ասաց նա։ Հարցին՝ որպես ավագանու անդամ, ի՞նչ օգուտ կարող են տալ երեւանցիներին, պատասխանեց․ «Ավելի լուրջ խնդիրներ կան Հայաստանի առաջ, մենք քննարկում կունենանք՝ կհայտարարենք անելիքների մասին»։

Նշենք, որ քաղաքապետի երդմնակալությանը չհրավիրվածների ցուցակում էր նաեւ Տիգրան Ավինյանի քաղաքական հակառակորդներից Անդրանիկ Թեւանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» դաշինքը։ Ավելի վաղ «Հանրային ձայն» կուսակցության խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը մեզ հետ զրույցում ասել էր՝ մասնակցելու են ավագանու նիստերին, փորձելու են բոլոր տարբերակները գործի դնել, որ ստանան իրենց ուզած պաշտոնները։ «Բոլոր մրցույթներին առաջադրելու ենք մեր մարդկանց ու այնպիսի որակյալ կադրերի, որ իրենք չեն կարող չընդունել»,- ասել էր Վարդան Ղուկասյանի թիմակիցը։ 

Ավագանու նիստերին մասնակցելու որոշում ունի նաեւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը»։ Ավագանու անդամներից Հայկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ աշխատանքային տրամադրվածություն ունեն, գնալու են նիստերին, բոյկոտել են միայն առաջին նիստը, որ քվորում չապահովեն, եւ Տիգրան Ավինյանը չընտրվի, այն էլ «Հանրային ձայնն» ապահովեց քվորումը, եւ Տիգրան Ավինյանի ընտրությունը կատարվեց րոպեների ընթացքում` առանց խոչընդոտների։