Հարատև կռիվ և հատուցում․ Պատասխանելով Հակոբ Մովսեսին․ մաս երկրորդ

Հարատև կռիվ և հատուցում․ Պատասխանելով Հակոբ Մովսեսին․ մաս երկրորդ

Սկիզբը՝ այստեղ

Հայաստան պետության մասին

Ես Հայաստան պետությունը պատկերացրել և երազում եմ իբրև Միջնաբերդ և Օազիս (ասվածն իր էությամբ միտում է Վովա Վարդանովի կողմից առաջ քաշված  «Ազգ-բանակ, Երկիր-ամրոց» թերևս փրկարար բանաձևումին, և դրան հաղորդակից լինելը, թեկուզ սոսկ մտքով ու մտածողությամբ, համոզված եմ, պարտք ու պատիվ է յուրաքանչյուր հայի համար, բայց գրագողության ոչ բացառյալ պիտակներից զերծ մնալու համար ասեմ, որ ես այդ մասին գրել եմ դեռևս 2012 թ․ հրատարակված իմ «Երազանքի ավազակախումբը» վիպակում)։ 

Միջնաբերդ, որի հրամանատարությունը՝ Պետությունը, կստեղծի պետական կուռ կառույց, կունենա, գերժամանակակից տնտեսություն, հզորագույն բանակ, որը պատրաստ կլինի հակակշռելու տարածա և այլաշրջանային բոլոր վտանգները և այլն, և այլն։ Օազիս, որտեղ, ի տարբերություն շրջակա և համընդհանուր հոգևոր, մշակութային և օրինականության անապատի, կլինի ոգեղենություն, իրավունքի և արդարության գերակայություն, որը կունենա օրինապաշտ քաղաքացի, որը կունենա, որտեղ կդաստիարակվի ոգեղեն ժողովուրդ, հայրենիքի նվիրյալ մշակ, բարձր գիտություն, մշակույթ, արվեստ և այլն, և այլն, որը կծաղկի ու կփթթի, ինչպես օազիսը անապատում։
Իսկ օազիս լինելու համար պիտի գիտակցենք, որ ապրում ենք միջնաբերդում, մեր երկիրը պիտի դարձնենք միջնաբերդ, ուր, ինչպես ասացի, հրամանատարը Պետությունն է, կայազորը՝ ժողովուրդը, զինվորը՝ քաղաքացին։

Արդարության դերը Հարատևման կռվում

Մեզ Հարատև կռիվ է հայտարարված։ Եվ այն հաղթելու համար նախևառաջ պիտի ընդունենք դա և ամեն ինչ անենք գերադրական աստիճանով՝ լինենք ամենաուժեղը, ամենազարգացածը, ամենամիասնականը, ամենաառաջադեմը, ամենաարդարը, ամենաօրինապահը, ամենանվիրյալը, ամենա․․․, ամենա․․․ և այլն, և այլն։

Այդ գերադրական աստիճանի առաջին տեղերից մեկում պիտի լինի արդարությունը՝ գերարդարությունը, որը ես ընկալում եմ իբրև անվտանգային կարևորագույն գործոն ու բաղադրիչ, ինչը, ավաղ, չեղավ նախկին և ոչ մի իշխանության ժամանակ։ 

Այդտեղից էլ ծնվեց, այդտեղից էլ ծնեցրին «Երկիրը երկիր չէ» աղետաբեր բանաձևումը, որը բարեբախտաբար, հանգեցրեց ոչ թե աղետի, այլ կերպարանափոխվելով ընդունեց փրկարար թվացող գաղափարի տեսք՝ «Մենք ենք տերը մեր երկրի», որը, ավաղ, կարճ ժամանակ անց փոխակերպվեց մի շարք այլ՝ բացասական լիցք ու ընթացք ու հետզհետե կործանում բերող բանաձևումների, որոնցից մեկը ես համարում եմ «Դավաճանը դուք եք»ը (այստեղ ուզում եմ մի ասույթ հիշեցնել, ուր ասվում է, թե՝ «Տասներկու առաքյալներից միայն Հուդան էր դավաճան, բայց եթե նա իշխանություն ունենար, դավաճան կհռչակեր մյուս բոլոր առաքյալներին և կապացուցեր դա»)։ 

Ես ծեր ու սենտիմենտալ մարդ եմ, և աչքերս հաճախ լցվում են թե լավ բանից, թե վատից։ 2018 թվականի այն՝ երևի ամենակարևոր հանրահավաքներից մեկից հետո, երբ հաջորդ օրը փակ էին փողոցները և տրանսպորտ չէր աշխատում, ես ոտքով իջա աշխատանքի և երբ անցնում էի հրապարակով, տեսա մի խումբ երիտասարդների՝ տղա և աղջիկ, որոնք պպզել ու ծառերի բների մոտից մեկ առ մեկ հավաքում էին նախորդ օրվա հավաքի ժամանակ այնտեղ նետված քնթուկները։ Գողտրիկ, վեհացած օրիորդները, մանիկյուրած մատիկները չխնայելով, մեկ առ մեկ հավաքում էին քնթուկները, և այստեղ էր, որ իմ աչքերը լցվեցին․ ահա նրանք, մտածեցի, երկրի տերերը, ահա, եկել են նրանք, ովքեր տիրություն կանեն մեր երկրին։

Բայց տեղի ունեցավ իշխանափոխություն, և երկրի տերերը հետզհետև դադարեցին տիրություն անել երկրին, վերածվեցին փոխակերպուկների և սկսեցին ընդամենը տիրել երկրին, ինչպես նախորդներն իրենցից առաջ, ավելի վատ, քան նախորդներն իրենցից առաջ։

Փոխակերպումներ և կերպարանոփոխություններ

Չգիտեինք, որ տիրոջից տիրակալի վերածվող իշխանությունն ինքն է արհավիրք ու պատուհաս դառնալու երկրի գլխին․ մրից ելանք, մրջուրն ընկանք, ինչպես կասեին իմ, քո ու մեր տատերն ու պապերը։ Ապացույց՝ մեր այսօրվա վիճակը։

Դու, եղբայր, քո պատասխանում օգտագործում ես «թարախապալար» բառը։ Ես չէի ուզում, բայց դա ինձ իրավունք է տալիս անել մի փոխաբերական համեմատություն․ մեր՝ նախկին կոչվող բոլոր իշխանությունները իրենց թարախապալարը դրեցին Հայաստան մարմնի վրա, որոնց հետևանքով էլ ծնվեց ու այդ մարմնի վրա տարածվեց ՔՊ կոչվող փտախտը։

Ինձ այս դառնագույն հետևությունն անելու իրավունք տալիս է ավելի դառնագույն իրողությունը՝ Հայոց երկրորդ ցեղասպանությունը, մեր վերջին արծվաբույն Արցախի՝ մեր երկրորդ պետության կորուստը, այսօր Հայաստանի գլխին կախված (չէ, ի՞նչ կախված, իջած) ահռելի վտանգները։
Ես այս ամենի հիմնական պատճառներից մեկը համարում եմ Հարատև կռվի անխուսափելիությունը չգիտակցելն ու դրանից խուսափելը։

Օրինակ վերցնենք և սովորենք մեր թշնամիներից

Այս կապակցությամբ կրկին ուզում եմ բերել Ադրբեջանի օրինակը՝ նախ ասելով, որ մենք նրանց հարատև կռվին հակադրեցինք մեր հերոսամարտը սոսկ, իսկ հերոսամարտը, եթե Հարատև կռվի մաս չէ, անկախ տվյալ պահի հաղթանակի, վաղ թե ուշ ավարտվում  է պարտությամբ։ Ավելացնեմ նաև մի հայտնի բան, որ ի տարբերություն թյուրքական (ադրբեջանական) հարատև կռվի, մերն իր բնույթով բոլորովին այլ է․ ընդամենը մի պարզ պատճառով, որովհետև նրանցը նվաճողական է, մերը՝ ինքնապաշտպանական ու ազատագրական, այսինքն՝ արդար և օրինական բոլոր՝ մարդկային, բնական և միջազգային իրավունքներով։  

Ի՞նչ արեց Ադրբեջանը։ Ադրբեջանը փայլուն օգտագործեց հարատև կռվի իր պաուզան (ի դեպ, նշեմ, որ Հարատև կռիվ ասվածը ոչ թե անընդհատ ռազմական գործողություն է, այլ Հարատև պայքար, որտեղ ռազմական գործողություններ կարող են նույնիսկ չլինել, կարող են լինել դադարներ, նախապատրաստական աշխատանքներ և այլն)։ Զինվեց, ուժեղացավ, սնեց ու իր ժողովրդի մեջ դաստիարակեց ատելություն հայ ժողովրդի նկատմամբ, վրեժխնդրության ծարավ, ձեռք բերեց դաշնակիցներ ու կողմնակիցներ և այլն, և այլն։ 
Եվ հասավ հաջողության։

Հիմա էլ հետևողականորեն շարունակում է իր հարատև կռիվը՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ պարտված հակառակորդին պիտի ոչնչացնել (խնդրում եմ, եղբայր, առավել ուշադրություն դարձնել այս իրողությանը․ Ադրբեջանը և Թուրքիան՝ թյուրքերը, նպատակ ունեն և ձգտում են վերացնել Հայաստանը․ հազար տարում կարողացան թողնել մի բուռ Հայաստան, հազար տարի էլ համբերատար կամ կտրուկ, նայած իրավիճակի, կգործեն նաև այն վերացնելու համար)։ 
Այդպես էլ անում են՝ Հայաստանի համար քայլ առ քայլ ստեղծելով այնպիսի վիճակ, որ Հայաստանը չկարողանա ոտքի կանգնել։ Իսկ սրան Հայաստանի իշխանություններն այսօր հակադրում են խաղաղության սին տեսություն։ Այնինչ, իմ համոզմամբ, խաղաղություն հնարավոր է միայն Հարատև կռիվը մտքում ունենալու և ամեն պահի գործով դրսևորելու դեպքում միայն։

Դաշնակիցների մասին

Բայց ո՞վ է մեր բարեկամը կամ դաշնակիցը Հարատև կռվում։
Հայ ժողովրդի միակ բարեկամը հայ ժողովուրդն է։ Աշխարհը երբեմն, նույնիսկ շատ հաճախ, վերածվում է գիշատիչների մոլորակի, որտեղ ուժեղը խժռում է թույլին, կենսական տարածքներ հափռում։ Ժողովուրդները մենակ են նույնքան, որքան մարդ արարածը, մարդ անհատը։ Եվ պիտի ապավինեն միայն ու միայն իրենց։ Մեր միակ ապավենը մենք ենք։ Մենք ասելով՝ ես նկատի ունեմ համայն հայությունը Հայաստանում և Սփյուռքում՝ իր մտավոր, հոգևոր, ոգեղեն, ռազմական, լոբբիստական, ֆինանսական և այլ՝ բոլոր կարողությունների համախմբումով, հայրենասեր հայ անհատը, Հայաստանի օրինապահ քաղաքացին, և այդ ամենի գլխին՝ իբրև կազմակերպիչ, առաջնորդ և ղեկավար՝ Հայաստան պետությունը։
Իսկ ի՞նչ արեց ներկայիս իշխանությունն այդ ուղղությամբ, ի՞նչ է անում։ Ոչինչ, ոչ մի միավորող, համախմբող, զորացնող քայլ։ Ընդհակառակը, առաջին քայլը որ արեց, հայի դիմադրողականությունը կոտրելն էր, պատերազմի սպառնալիքն ու անընդհատ պարտության ուրվականով ջլատելը, հայությանը պառակտելը, հայ մարդուն ոգեղենությունից զրկելը, իր ուժերի, հնարավորությունների, երազանքների ու նպատակների նկատմամբ կասկած, թերահավատություն, վախվորածություն, հրաժարում տարածելը, իսկ սփյուռքահայության դեպքում՝ միավորող պետական կառույցի՝ Սփյուռքի նախարարությունը վերացնելը, սփյուռքահայերի մուտքը Հայրենիք արգելելը և այլն, և այլն։ 

Պետությունը ֆետիշացնելու վտանգների մասին կամ «Պետությունը ես եմ» իշխանության միմիկրիան
 
Դու, եղբայր, խոսում ես միմիկրիայի մասին։ Դրա ցցուն օրինակներից մեկը հասարակական կյանքում ես համարում եմ իշխանության՝ իրեն պետության հետ նմանեցնելու, նույնականացնելու, պետության տեղ, պետության ծպտանքով հանդես գալու ֆանտաստիկ հատկությունը (ի դեպ․ սա հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր իշխանություններին ու բոլոր երկրներին, բայց մեզանում դրսևորվում է ավելի սուր ու ցինիկ կերպով):

«Պետությունն ամեն ինչ է»,- ասում է այսօրվա իշխանությունը՝ մտքում նկատի ունենալով սակայն, որ պետությունն ինքն է սոսկ և այդպես էլ հռչակում է․ «Պետությունը ես եմ՝ իշխանությունը»։ 
Այնինչ ես, եղբայր, կարծում եմ, որ պետությունը ֆետիշացնել պետք չէ, այլապես այն կարող է դառնալ զուտ ինքն իր համար գոյություն ունեցող մի բան, կամ էլ, ինչպես ասացի, և ինչպես հիմա է տեղի ունենում, ձևախեղվել սոսկ իշխանության։ 

Պետությունը գործիք է, մեխանիզմ, որի նպատակը երկրի ու ժողովրդի անվտանգությունը, ապահովությունը, զարգացումը մրցունակությունը և նմանատիպ այլ բաները ապահովելն է, պետությունը մեխանիզմ է, որի գործիքը իշխանությունն է, իշխանության գործիքը՝ պետական կառույցները։ 
Կատարո՞մ է իր գործառույթները այսօրվա պետությունը։ Ոչ և երիցս՝ ոչ։ Թողնենք այլևայլ հարցերը և, օրինակի համար, անդրադառնանք մեզանում աքսիոմատիկ կերպով դրսևորվող կադրային քաղաքականությանը։ Հանրահայտ է, որ պետական որևէ կառույցի արդյունավետ գործունեության առաջին նախապայմանը կադրերն են։ Իսկ ինչպե՞ս է կատարվում կադրերի ընտրությունը մեզանում․ հուսամ, կընդունես, եղբայր, որ սոսկ անձնական հավատարմության չափանիշով։

Բայց դարձյալ հնարավոր դաշնակիցների մասին

Բայց մենք, այնուամենայնիվ, եթե ոչ բարեկամներ, ապա հնարավոր դաշնակիցներ ունենք մեր Հարատև կռվում։ 

Թուրքը, թյուրքական աշխարհը միայն մեզ չէ թշնամի։ Նվաճող է, զավթիչ, նեոնվաճողական ու նեոկայսերական նպատակներ ունի և իր անցյալ ու ներկա հարատև կռվով բազում թշնամիներ է ստեղծել ու վաստակել։ Ասեմ, եղբայր, որ Թուրքիան ինքն իրեն տառացիորեն շրջապատել է թշնամիներով, շրջապատված է թշնամիներով։

Իսկ մեր թշնամու թշնամին, ինչպես գիտես, մեր բարեկամն է (լավ, դաշնակիցը)։ 
Թուրքը թշնամի է պարսիկին, Իրանին․ Իրան-Թուրան հազարամյակների հակամարտությունը շարունակվում է, որովհետև Իրանը տեսել, տեսնում և գիտակցում է թյուրքական հարատև վտանգը, հստակ պատկերացնում է, որ եթե թյուրքական աշխարհի ճանապարհից վերանա Հայաստանը կամ առնվազն Սյունիքը, ինքը հայտնվելու է այդ աշխարհի շրջափակման մեջ և կանգնելու է դրա վասալը դառնալու, կամ էլ, նվազագույնը, Ատրպատականը կորցնելու վտանգի առջև։ 
Թուրքը թշնամի է հույնին, Հունաստանին․ աշխարհակալ Բյուզանդիա կայսրություն է կործանել ու տիրացել նրա տարածքին, Կոստանդնուպոլիս տիեզերական քաղաք է իրենով արել, հիմա էլ Կիպրոսն է կիսել, աչքը կղզիների ու առափնյա ջրերի գազահանքերի վրա դրել, Պոնտոսի ու Իզմիրի հույների ցեղասպանություն է արել և ինչպես մեր դեպքում, ուրանում է եղածը, ինքն է գրոհում՝ դավանելով «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» կարգախոսին։ 

Թուրքը թշնամի է սիրիացուն ու Սիրիային․ ուզում է բաժան-բաժան անել այդ երկիրը, տարածքներ գրավել, իր ազդեցության ու ենթակայության տակ առնել։ 
Թուրքը թշնամի է Իրաքին, նույնիսկ Վրաստանին ու Բուլղարիային է թշնամի և հարմար պահին նրանց էլ կառնի իր թրի տակ։ 

Թուրքը թշնամի է իր բոլոր հարևաններին։ 
Նույնիսկ հեռավոր Չինաստանին է թշնամի, որովհետև երբ մեր հարցերը լուծի և միավորի թյուրքական աշխարհը, հաստատ առաջ է քաշելու ույգուրների հարցը․ բնույթն է այդպիսին և վարած քաղաքականություն է այդպիսին։

Ընդդեմ թյուրքի (Ադրբեջանի) դաշնակից Պակիստանի, որը Հայաստան պետությունը չճանաչած միակ երկիրն է, մեզ դաշնակից է նաև Հնդկաստանը։
Եվ վերջապես քրդերը․ երբ ճակատագիրը մեզ զրկեց մեր Հայրենիքից, այն չհանձնեց թուրքին, այնտեղ բազմացան ու տարածվեցին քրդերը, որոնք այն ժամանակ թշնամի, բայց հիմա դաշնակից են մեզ, որովհետև պայքարում են երկիր ու պետություն ունենալու համար, իսկ թուրքերը վաղ թե ուշ կոտորելու և բնաջնջելու են նաև նրանց։ Ինչպես մեզ, որովհետև իրենց համար հայրենիք, երկիր ու պետություն ստեղծելու համար քաղաքականորեն ու աշխարհագրորեն ընտրել էին և ընտրել են Փոքր Ասիա թերակղզին ու Հայկական լեռնաշխարհը, որը հրով ու սրով, ցեղասպանությամբ նվաճեցին մեզնից, հիմա էլ պահպանելու, պաշտպանելու և նվաճելու են քրդերից։

Առանձին՝ Ռուսաստանի մասին
 
Թուրքը թշնամի է ռուսին ու Ռուսաստանին․ այո, այո, հիմա ու միշտ թուրքն ու ռուսը անհաշտ թշնամիներ են։ Ճիշտ է, նրանք նաև «իրադրային՝ սիտուացիոն» դաշնակիցներ են, երբ համաշխարհային իրադրությունը նրանց ստիպում է առժամանակ դաշնակցել իրար հետ, ինչից, ի դեպ, մենք շատ ենք տուժել (20-րդ դարի երկրորդ տասնամյակ․ իմիջիայլոց, ես կարծում եմ, որ եթե չլիներ բոլշևիկյան հեղափոխությունը, մենք, ցեղասպանության մեր ողջ ողբերգությամբ ու կորուստներով հանդերձ, կունենայինք մեր երազած Հայաստանը) և տուժում ենք հիմա, բայց նրանց կռիվն էլ է հարատև, միայն թե ես վստահ չեմ, որ ռուսը գիտակցում և հասկանում է, թե այդ հարատև կռվում ինչ կարևորություն ու նշանակություն ունի իր համար Հայաստանը (ինչպես ժամանակին չգիտակցեց վերն հիշատակված Բյուզանդիան, որն իր հակահայ քաղաքականությամբ այնքան թուլացրեց Հայաստանը, որ մերկացրեց իր արևելյան սահմանն ու ի վերջո կեր դարձավ թուրքերին)։  

Եթե թյուրքական աշխարհը կլանի Հայաստանը, փորատակից վիշապի նման կպարուրի Ռուսաստանը, ապա կկլանի նաև Միջին Ասիան, սիբիրյան թյուրքական ցեղերին, կազանյան թաթարներին և գուցե ամենակարևորը՝ հյուսիսկովկասյան մահմեդական ժողովուրդներին․ այսինքն՝ ոչ թե «գուցե», այլ հաստատ․ մեր հանդեպ ռուսների սխալ քաղաքականության ամենավտանգավոր հետևանքն իրենց համար հաստատ սա է․ եթե ռուսը իբրև դաշնակից կորցրեց Հայաստանը, կկորցնի նաև Հյուսիսային Կովկասը և կդադարի տերություն լինելուց, գուցե և աստիճանաբար բաժան-բաժան լինի։ 
Այո, ռուսը թուրքի՝ մեզ թշնամի լինելը օգտագործում է մեզ իրեն կապած պահելու համար, մեր հաշվին էլ սիրաշահում է թուրքին ու ադրբեջանցուն, նաև մեզ դաժանորեն պատժում է իր կարծիքով «անհավատարմության» և «ապերախտության» համար, բայց, իմ կարծիքով, դարձյալ թույլ է տալիս մի մեծ ու իր համար շատ վտանգավոր սխալ, դարձյալ չի գիտակցում, թե դրանով ինչ վտանգ է ստեղծում հենց իր համար (սա, իմիջիայլոց, կրկնում եմ երկու անգամ, ինչպես ռուսն է հեգնական ասում՝ «для особо смышленых людей»)։

Ռուսի սխալներից մեկն էլ այն է, որ նա իշխանությանը կամ նրա քաղաքականությունը պատժելը վերածում է ժողովրդին ու երկրին պատժելու (պատժում է սովորաբար տարածքային կորուստներ պատճառելով), ինչը ոչ միայն սխալ է, այլև, կներես այս տեքստին անհարիր բառիս համար, եղբայր, խիստ անբարո։  

Բայց թողնենք անտեղի արտահայտությունները այլ տեղերի համար: 
Ռուսաստանի և մեր հակամարտության փոխադարձ վնասակարությունը և վտանգավորությունը ներկայացնելու համար դիմեմ մի անեկդոտի օրինակի․ Ռուսաստանը, եղբայր, մեր նկատմամբ վարվեց այնպես, ինչպես այն հրեան, որը, երբ աստված նրան ասում է, թե՝ «Ուզիր, ինչ ուզես՝ կանեմ, միայն իմացիր, որ կրկնակի ավելին արաբին եմ անելու, ասում է՝ «Իմ մի աչքը հանիր»․ իր մի աչքը հանել է տալիս, որպեսզի հանել տա արաբի երկու աչքը․․․

Բայց նույն կերպ էլ հիմա վարվում է Հայաստանի իշխանությունը, Ռուսաստանին վնաս տալու, տարածաշրջանից նրան քշելու՝ նրա երկու աչքը հանելու համար պատրաստ է հանել տալ, հանել է տվել իր մի աչքը։

Այնինչ իրականում, եղբայր, երկուսս էլ հանել ենք տալիս ոչ թե մեր մի աչքը, այլ երկու աչքը, և այդ աչքերից մեկը հենց ինքնիշխանությունն է, որն այնքան սիրում է շահարկել այս իշխանությունը, և որին կանդրադառնամ այլ տեղում։

Բայց ավելացնեմ նաև, որ իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ թե ձգտել կամ ձգտում են օգտագործել Ռուսաստանին, այլ, ընդհակառակը, նախադրյալներ են ստեղծել և ստեղծում, որպեսզի նա չկատարի կամ չկարողանա կամ չուզենա կատարել իր դաշնակցային պարտականությունները և վարկաբեկվի հայ ժողովրդի աչքում, մերժվի հենց ժողովրդի կողմից։
Ընդհանրապես, ինձ թվում է, թե այս իշխանությունները շատ լավ յուրացրել են մի այնպիսի տեխնոլոգիա որը շատ հաճախ են կիրառում թե ներքին, թե արտաքին կյանքում։

Ստեղծում են անշրջելիության վիճակ, ինչ-ինչ բաներ հասցնում են անդառնալիության կետի, հետո հայտարարում, թե ինչ-ինչ բաներ անելուց բացի այլ ելք չկա, և անում այն, ինչ ծրագրել էին ի սկզբանե։
Արտաքին կյանքում ահա այդպես կամ նաև դրա միջոցով հիմնավորում են Ռուսաստանի հանդեպ իրենց քաղաքականությունը։

Իսկ ներքին կյանքում նվազեցնում են Հայաստանի դիմադրողականությունը, դարձնում անպաշտպան և անզոր, ապա հայտարարում դարձյալ, թե ահա այս ու այս բաները ստիպված ենք կատարել, որովհետև այլ ելք չկա․ այդպես նպաստեցին Արցախյան երկրորդ պատերազմի հրահրմանը և պարտությանը, այդպես նպաստեցին Արցախի հայաթափմանը, այդպես այսօր կատարում են Ադրբեջանի անվերջանալի պահանջները․ մի պահանջը կատարում են՝ նպաստելով մյուս պահանջը չկատարելու անհնարինությանը և այլն, և այլն։
Ուզում եմ Ռուսատանի և Հայաստանի հակամարտության և հակադրության վնասակարության և վտանգավորության մասին իմ ոչ քաղաքագիտական դատողություններն ավարտել մի առօրեական դիտարկմամբ․ մի անգամ, երբ պատուհանի մոտ կանգնած ծխում էի և փորձում էի հերթական անգամ հայացքս փախցնել Արարատ լեռից, բակում իրար վրա ֆշշալով հայտնվեցին երկու կատու։ Հետո հանկարծ մի շուն հայտնվեց, որը հարձակվեց նրանց վրա, և կատուները արագորեն մագլցեցին մոտակա ծառն ու կուչ եկան մի ճյուղի անկյունում, իսկ հետո, երբ շունը հեռացավ, կատուներն իջան ու լուռ հեռացան տարբեր կողմեր։

Ուզում եմ հիշեցնել նաև Այգեկցու այն առակը, եղբայր, որտեղ գայլերը նամակ են գրում գառներին (բնագրում՝ ոչխարներին), թե մեր թշնամության պատճառը շներն ու հովիվներն են, որոնք ձեզ ավելի շատ վնաս են տալիս, քան ձեր որևէ թշնամի, մորթում են և ուտում և թշնամություն սերմանում մեր մեջ, իսկ այ, եթե դուք քշեք նրանց և մեզ հետ հաշտություն կնքեք, կվերանա նաև մեր միջի թշնամությունը և ձեր շուրջ փռված առատ արոտավայրերը հասանելի ու մատչելի կդառնան ձեզ համար, կարածեք կանաչ խոտն ու կապրեք կուշտ ու երջանիկ։ 

Գիտես, եղբայր, որ գառները (բնագրում՝ ոչխարները) ժողով են անում, որոշում հավատալ գայլերի երդումին, և քշում են հովիվներին ու շներին։ Հետո գայլերը հարձակվում ու հոշոտում են գառներին (բնագրում՝ ոչխարներին)։ 

Եվ դարձյալ այլ հնարավոր դաշնակիցների ու նաև Հարատև կռվի մասին

Ահա այս բոլորը մեր բնական դաշնակիցներն են, ու եթե մենք, Հարատև կռիվը գիտակցելով ու ընդունելով, դաշնակցենք նրանց հետ, թուրքերի գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն լինելու։
Բայց դարձյալ մի փոքրիկ անդրադարձ անեմ հարատև կռիվ հասկացությանը, որպեսզի գուցե մի ավելորդ անգամ ասեմ, որ այն առկա է մարդկային կեցության բոլոր ոլորտներում ու բնության մեջ, ուր հստակ տեսանելի է, թե ինչպես է ուժեղը խժռում թույլին, տիրում նրա տարածքներին և այլն, և այլն (սրա մյուս անունը «գոյության պայքար» է կամ «գոյության կռիվ», և, ի դեպ, ուշագրավ չէ՞ արդյոք, որ «գոյության կռիվը» դյուրությամբ ընկալվում է իբրև «գոյատևման կռիվ» և ընդունվում իբրև բնության անառարկելի օրենք, իսկ «Հարատև կռվի» «Հարատևման կռիվ» իմաստը ներկայացնելու համար ես ահա ստիպված եմ այսքան անհարկի խոսքեր վատնել ու իմաստակություն անել)։ 

Այս աշխարհն ու այս կյանքը, եղբայր, ուզենք թե չուզենք, հարատև կռիվ է ու պայքար։
Որպես օրինակ նաև ուզում եմ բերել բրիտանա-ռուսական հակամարտությունը, որը հայտնի է «Մեծ խաղ» անվամբ, որը եղել է հարյուրամյակներ շարունակ, իսկ հիմա էլ իր դրսևորման ձևերից մեկն արտահայտում է ուկրաինական պատերազմով։
Կարծում եմ՝ այս օրինակը մեզ համար շատ ուսանելի պիտի լինի։

Մարդկանց աշխարհը, եղբայր, հարատև կռվի մարտադաշտերից մեկն է, ու եթե ուզում ենք հարատևել՝ պիտի ընդունենք մեր Հարատև կռիվը և ապրենք ու գործենք դրա կանոններով։ Այլ միջոց ու ելք չկա պարզապես։ Այլը ինքնախաբեություն է ու ինքնակործանում։

Բայց ասեմ ավելին նաև․ մեր Հարատև կռիվը վեր է սոսկ գոյութենական կռվից, վեր է նույնիսկ սոսկ տեսակների կռվից (իսկ մեր ու թյուրքերի կռիվը նաև տեսակների կռիվ է)։ Այն մեկ այլ Հարատև կռվի՝ բարու և չարի կռվի մարմնավորումներից մեկն է, որտեղ, կներես անհամեստությանս համար, մենք ներկայացնում ենք բարու զորագնդերից մեկը, և այդ կռվից հրաժարումը կնշանակի հրաժարում բարու հաղթանակին հավատալուց, մարդու մեջ աստվածային նախասկզբի գոյության հավատից, կլինի աստվածուրացություն։ 

Կասեմ նաև մի այլ բան, որ մենք պետք է դաշնակից փնտրենք ոչ միայն թյուրք ընդհանուր թշնամու դեմ, այլև գլոբալիզացիա կոչվող երևույթի դեմ, որը ձգտում է վերացնել ազգային ցանկացած ինքնություն։ 
Ահա այստեղ էլ մեր դաշնակիցը այն երկրներն ու ժողովուրդն են, որոնք ձգտում են պահպանել իրենց ազգային ինքնությունը։ Այս իմաստով ես ուզում եմ ուշադրություն հրավիրել Ֆրանսիայի վրա, որտեղ, զգացվում է, ազգային ինքնությունը պահպանելու ներքին խուլ շարժում է ձևավորվում։ Այս հարցում ուշագրավ են նաև Ռուսաստանը և Իրանը։ Ռուսաստանը, որն ինչքան էլ ձգտում  է վերականգնել իր կայսերական նկրտումները, միաժամանակ նաև ապստամբություն է բարձրացրել գլոբալիզմի դեմ (ուկրաինական պատերազմը միաժամանակ այս երկուսի դրսևորումներն են) և, ըստ իս, եթե անգամ պարտվի ուկրաինական ճակատում, բայց արդեն պարտության է մատնել նաև գլոբալիզմին։ 

Իսկ Իրանը թեև խիստ ծայրահեղական է (ի դեպ, նկատե՞լ ես, թե ինչ առաքինի ու առինքնող մադիկ են պարսկահայերը, ինչը, ես կարծում եմ, ոչ միայն կամ ոչ այնքան նրանց բնատուր շնորհի հետևանք է, այլև այն չափավորվող ազատության, որը նրանց պարտադրում է իրենց միջավայրի ծայրահեղականությունը), բայց հիմնականում առաջնորդվում է ազգային ինքնությունը պահպանելու սկզբունքով։
Մենք դաշնակիցներ պիտի փնտրենք՝ երկրների ու պետությունների նաև բարոյական ու հոգևոր արժեքները նկատի ունենալով, երկրների ու ժողովուրդների առաքինություններն ու արատավորությունները կշռելով, ինչի անտեսումը մի այլ, բայց ոչ շատ հեռու  ժամանակում նույնպես մեծ վտանգ է ներկայացնելու մեզ ու աշխարհի համար, բայց հիմա թողնենք դա, որովհետև հիմա ստիպված ենք առաջին հերթին մտածել մեր ֆիզիկական գոյության և այդ հարցում մեզ ձեռնտու և աջակից հնարավոր դաշնակիցների մասին։

Միջանկյալ

Ի դեպ, քանի չեմ մոռացել, ասեմ, թե իմ կարծիքով ինչ կլիներ, եթե Հայաստանը մինչ պատերազմը կամ դրանից հետո Ադրբեջանին վերադարձներ հինգ կամ յոթ շրջանները և ընդուներ միջնորդների որևէ ծրագիր։
Չէր փոխվի ոչինչ։
Դարձյալ ինչ-որ հարմար պահի Ադրբեջանը հարձակվելու էր։
Այդպես է լինելու նաև հիմա և հետո, թեկուզ հաշտության կամ խաղաղության ինչ-ինչ պայմանագրեր կնքվեն։
Հենց աշխարհը կրկին խառնվի, Թուրքիան ու Ադրբեջանը դարձյալ փորձելու են ուժով ու բնաջնջումով ազատվել մեզնից ու հայկական խոչընդոտից՝ իրենց ճանապարհին ընկած, իրենց ճանապարհը փակող քարից։
Այդ վտանգը գոյություն է ունենալու միշտ, քանի մենք ուժեղ չենք դարձել այդ երկուսից էլ։ Իսկ դա, ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների պայմաններում, բնավ էլ անհնար չէ։ Պարզապես պետք է իրականության և վտանգի հստակ գիտակցում, նպատակ, համախմբում և հետևողական գործունեություն։

Հակոբ Սողոմոնյան