Երբ խաղադրույք է արվում պետականություն ունենալ-չունենալու վրա, այդպիսի ահաբեկումներն արդեն վախենալու չեն
«Վախեցնելը, ահաբեկելը, ուժային քայլեր կիրառելը նոր մեթոդ չեն այս իշխանությունների համար»,- ասում է ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանն ու նկատում, որ վերջին 4 տարիների ընթացքում ինչքան շարժումներ եղել են, միշտ այդ մեթոդները կիրառվել են։
«Մենք շատ ենք ականատես եղել դեպքերի, երբ քաղաքական հայացքների պատճառով բուհերից դասախոսներ են դուրս մնացել կամ հեռացվել։ Վերջերս տեսանք նաեւ, թե ինչպես Յոլյանի անվան արյունաբանական կլինիկայի ղեկավար Ստեփան Դանիելյանին սրբազանի հետ ողջագուրվելու համար հեռացրին աշխատանքից։ Նրանք, ովքեր այս ամենը տեսնում են ու վախենում են, Աստված իրենց հետ, բայց շատ մեծ թվով մարդիկ էլ կան, որ հասկանում են՝ այսօր խաղադրույք է արվում մեր՝ պետականություն ունենալ-չունենալու վրա, այդպիսի ահաբեկումներն արդեն վախենալու չեն, ի վերջո՝ քանի՞ հոգու կարող են ահաբեկել, քանի՞ տասնյակ ուսուցչի կամ դասախոսի կարող են այդպես վախեցնել։ Երեւանի պետական համալսարանը հերթական անգամ ցույց տվեց, որ ազատամտության առումով բուհերի մեջ առաջատար է, եւ այդ ազատամտությունը ԵՊՀ-ում կա։ Հուսանք, որ առաջիկա օրերին դա կարտահայտվի հանրահավաքի ու դրան հաջորդող գործողությունների ժամանակ»,- ընդգծում է զրուցակիցս։
Մ․ Սողոմոնյանը հակադարձում է իշխանության կողմից առաջ քաշվող այն մեղադրանքներին, թե քաղաքականությունը չպետք է խառնել կրթական պրոցեսներին, իսկ ուսանողները, ուսուցիչներն էլ չպետք է ներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ․ «Եթե ասում ենք, որ ուսուցիչները, դասախոսները, ուսանողները պետք է միայն լսարանում լինեն, դուրս չգան փողոց, բժիշկները պետք է միայն հիվանդանոցում լինեն ու դուրս չգան փողոց, փրկարարներն իրենց աշխատավայրում լինեն ու դուրս չգան, կոշկակարները պետք է կոշիկ կարեն, վարսավիրները մազ կտրեն եւ դուրս չգան ․․․․ բա ո՞վ դուրս գա փողոց, չէ՞ որ չկա բողոքի ակցիա անող հատուկ մասնագիտություն, հայրենիքը բոլորինս է, եւ բոլորս մի նավի մեջ ենք գտնվում, որը գնում է խորտակում։ Հետեւապես, եթե մենք չունենանք հայրենիք, պետություն, ո՛չ մեր տված կրթությունը, ո՛չ մեր իրականացրած առողջապահությունը, ո՛չ մեր կարած կոշիկը չի ծառայելու ազգին, ժողովրդին, հայրենիքին, մեր պետականությանը։ Այդ ամեն ինչը, ի վերջո, ծառայեցվելու է մեր թշնամիներին, եւ մենք էլ կորցնելու ենք մեր ինքնությունը։ Այս տրամաբանությամբ եթե նայենք հարցին, ամեն ինչ ընկնում է իր տեղը»։
Ինչպես նշում է Մ․ Սողոմոնյանը, նախօրեին Բագրատ սրբազանի մասնակցութամբ մասնագիտական քննարկում է ծավալվել կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ, որին ներկա են եղել ուսուցիչներ, դասախոսներ, կրթական գործի կազմակերպիչներ՝ տարբեր բուհերից, ակադեմիական ինստիտուտներից։
«Քննարկել ենք հանրակրթության մեջ արժեքային բաղադրիչի խնդիրը, եւ ինչպես պետք է անել, որ կրթական ծրագրերում այդ ապահովվի, որ կրթական ծրագրերը չսահմանափակվեն միայն գիտելիք փոխանցելով, նաեւ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ կապված է քննարկում եղել, եւ ընդհանուր համաձայնություն է եղել, որ չի կարելի այդպես հապշտապ եւ ուժային մեթոդներով դնել ու բուհեր, գիտական հաստատություններ միավորել, առանց քննարկման դնելու, կարիքներն ուսումնասիրելու։ Բացի դրանից, բուհերի համագործակցության տարբեր սխեմաներ կան, ինքնությունների կորստով բուհերը միավորելը միակ տարբերակը չէ»,- ասում է Սողոմոնյանն ու ընդգծում՝ շատ կարեւոր է, որ մասնագիտական գնահատական տրվի կրթության եւ գիտության ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաեւ նախանշվեն դրանց լուծման ուղիները։
Կարծիքներ