Բռնությա՞ն կոչ է, արդյոք, «մահ դավաճաններին» կոչը
Բռնություն գործադրելու հրապարակային կո՞չ է, արդյոք, «Մահ դավաճաններին» կոչը: Չլինելով իրավաբան՝ փորձեմ վերլուծել ոչ թե իրավական, այլ՝ տրամաբանության դիրքերից: Հիշեցնեմ, որ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հնչեցրած այդ կոչի առումով նրա նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով. «… քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը…»: Ի դեպ, քրեական վարույթ նախաձեռնվել է, սակայն մեղադրանք չի առաջադրվել:
2018 թ. մայիսից, կախարդական փայտիկի թափահարումով, «դուխով» Նիկոլի առաջնորդությամբ, Հայաստանում հաստատվեց «ժողովրդավարության բաստիոն», հետագայում արեւմտյան կին չինովնիկներից մեկն անվանեց. «ժողովրդավարության փայլուն աստղ», վերջերս մեկ այլ կին չինովնիկից էլ իմացանք, որ Հայաստանը մնում է «ժողովրդավարության փարոս» Հարավային Կովկասում: Չնայած յուրաքանչյուր չեզոք դիտորդ կարող է հանգիստ արձանագրել, որ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները հակառակն են ապացուցում: Գործող իշխանությունը հեռու է ժողովրդավարությունից, ինչպես խոզը՝ տուռնիկից: Այնուամենայնիվ, ենթադրենք, թե մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում: Իսկ նման հասարակությունների պարագայում առկա է չգրված օրինաչափություն. պատերազմում պարտություն կրելու դեպքում երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքնակամ հրաժարական է ներկայացնում:
Իհարկե, «դուխովից խեղճ հարիֆի» վերածված Նիկոլը կարող է ասել, որ ինքը հրաժարականը ներկայացրել է 2021 թ. գարնանը եւ նույն տարվա հունիսի 20-ին էլ «սիրելի» ժողովրդի կողմից վերընտրվել է վարչապետի պաշտոնում: Բայց ինքը, բնականաբար, չի խոստովանի, որ վերընտրվել է նախկինների օրոք ընդունված օրենսդրության հիման վրա, որը ժողովրդավարական համարել հնարավոր չէ: Վարչապետի հրաժարականի դեպքում վերջինիս պաշտոնին մնալու դրույթը գրվել էր հատուկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար: Իսկ եթե Սերժը մերժված էր Նիկոլի եւ նրա «սիրելի» ժողովրդի կողմից, ապա ո՞ր տրամաբանությամբ է «մերժված Սերժի» հակաժողովրդավարական օրենքով վարչապետի պաշտոնը պահպանել «ժողովրդավարության բաստիոնի» հիմնադիրը: Բայց քանի որ մեզանում ամեն ինչ ուրիշ է, ապա ժողովրդավարության վերաբերյալ խաղերի առումով էլ է հակասում արեւմտյան երկրների ավանդույթներին, որոնց նմանվելուն այդպես ձգտում է վարչապետի պաշտոնից կառչած անձը:
Անցնենք պատերազմում պարտությունից հետո մեր երկրում հաստատված՝ դավաճանաորսությանը եւ բռնության հրապարակային կոչերին: Պարտության մեղքն իրենից հեռացնելու նպատակով երկրի քաղաքական ղեկավարությունը փորձում է պետական դավաճանության մեջ մեղադրել ռազմական ղեկավարությանը եւ ոչ միայն ղեկավարությանը: Ինչը, ի դեպ, խիստ ինքնատիպ ու վերին աստիճանի մանիպուլյատիվ հիմնավորում ստացավ՝ լինել թիվ մեկ պատասխանատու, սակայն ո՛չ մեղավոր: Մեղավոր են ճանաչվում բոլոր նրանք, որոնց թիվ մեկ պատասխանատուն կկարգի այդպիսին: Իհարկե՝ իրավապահների միջոցով: Բայց կենտրոնանանք միայն դավաճանության երեւույթի վրա: Պետք է ընդունենք, որ այս հարցում եւս գործում է տխրահռչակ «մերն ուրիշ է» մտածողությունը: Հայաստանի գործող իշխանության կողմից «Մահ դավաճանին» կոչն ընկալվում է որպես բռնության կոչ: Ինչն իրավական ձեւակերպում է ստանում իրավապահների կողմից: Տրամաբանորեն դա նշանակում է, որ դավաճանության նկատմամբ պետության վերաբերմունքը տրամաբանական չէ: Մի կողմից մերժում է դավաճանությունը, մյուս կողմից մերժում է դավաճանությունը մերժող կոչը: Եվ դա կարող է ունենալ մեկ տրամաբանական բացատրություն. իշխանության ղեկին գտնվող անձը գիտակցում է, որ ինքը խնդիր ունի այդ հարթության մեջ: Նա ոչ միայն թիվ մեկ պատասխանատուն է, այլեւ թիվ մեկ մեղավորը: Ու իր մեղքը քավելու փոխարեն փորձում է ուրիշների վրա բարդել այն՝ իրեն արդարացնելու նպատակով: Եթե այդպես չլիներ, եթե ինքը լիներ հայրենասիրության մարմնավորում, ապա վերը նշված կոչին ադեկվատ մոտեցում կցուցաբերեր: Որովհետեւ բոլոր նորմալ իշխանությունները պատժել են ոչ թե նման կոչ անողներին, այլ՝ հենց դավաճաններին:
Եվ քանի որ ՀՀ եւ նրա իրավապահների շրջանում այդ կոչն ընկալվում է որպես գործող իշխանությունը տապալելու բռնության կոչ, ապա պետք է ընդունենք, որ այս իշխանությունը խնդիրներ ունի տրամաբանության հետ: Ինչը նշանակում է, որ պետությունը գտնվում է տրամաբանությունից զուրկ, վտանգավոր անձանց ձեռքում:
Կարծիքներ